ՀՔԾ-ն փորձում է կազմալուծե՞լ երաշխավորության ինստիտուտը

ՀՔԾ-ն փորձում է կազմալուծե՞լ երաշխավորության ինստիտուտը

Մեր տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունը նյութեր է նախապատրաստել ընդդիմադիր պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Էդմոն Մարուքյանի դեմ։ Պատգամավորներին կասկածել են քրեորեն պատժելի արարք կատարելու մեջ։ Այն առնչվում է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջ նկատմամբ հարուցված քրեական գործին։

Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին 2018թ. օգոստոսի 7-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի համար (խարդախություն` առանձնապես խոշոր չափերով): Նույն օրը Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, եւ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն էր ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ֆարմանյանը կալանավորվել էր եւ միայն մեկ ամիս անց ազատ արձակվել՝ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի եւ Նաիրա Զոհրաբյանի անձնական միջնորդությամբ։ Ավելի ուշ Մարուքյանը պարզաբանեց, որ նման խնդրանքով իրենց դիմել է Ֆարմանյանը՝ դեռեւս պատգամավոր եղած ժամանակ։ «Երբ մենք պատգամավորներ էինք Սամվել Ֆարմանյանի հետ, նրա խնդրանքով մտավորական մարդու, թոռնատեր մարդու համար ես եւ տիկին Նաիրա Զոհրաբյանը տվել ենք երաշխավորություն, եւ նա ներկայացել է քննությանը: Ես չգիտեմ՝ ինչ է եղել, պարոն Ֆարմանյանը պնդում է, որ քաղաքական հետապնդում է, եւ նա դրանից հետո չի ներկայացել: Մենք նաեւ մեր ջանքերն ենք ներդրել, որ ներկայանա, բայց նա էլ արդեն տեղը չգիտի: ՀՔԾ-ն մեզ տեղեկացրել է, որ իրենք արդեն գնալու են կալանավորման ճանապարհով: Օրենքով սահմանված կարգով խափանման միջոցը փոխվել է»,- ասել էր Մարուքյանը:  

Հիմա ՀՔԾ-ն կասկածներ է հայտնել, որ Ֆարմանյանի քրոջ փախուստին իրենց աջակցությունն են ունեցել նաեւ միջնորդություն ներկայացրած պատգամավորները։ Երեք օր առաջ ե՛ւ Մարուքյանին, ե՛ւ Զոհրաբյանին առանձին-առանձին հարցաքննության են կանչել եւ փորձել պարզել՝ արդյոք նախապես չե՞ն իմացել, որ Անահիտ Ֆարմանյանը փախչելու է, եւ «հանցավոր համագործակցության» են գնացել նրա հետ։ Սակայն պատգամավորները վրդովվել են քննիչների հարցերից եւ գլխի գցել՝ եթե քրեական գործ հարուցվի, գործ կունենան մեծ խայտառակության հետ։ Սակայն սրանով ՀՔԾ-ն փորձում է պատգամավորներին մեսիջ հղել, որ այսուհետ որեւէ մեկի հարցով երաշխավորություն չներկայացնեն։

Հիշեցնենք, որ, ՀՀ քրեական օրենսգրքի 346-րդ հոդվածի համաձայն, անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորությունները չարամտորեն չկատարելը քրեորեն պատժելի արարք է համարվում։ Հոդվածը սահմանում է․ «Անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորությունները չարամտորեն չկատարելը, որի հետեւանքով կասկածյալը կամ մեղադրյալը խուսափել է քննությունից կամ դատից, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»։ Նշանակում է՝ պատգամավորները կասկածվել են իրենց պարտականությունները «չարամտորեն չկատարելու» մեջ։

ՀՔԾ-ից մեզ հայտնեցին, որ հանցակազմի բացակայության հիմքով մերժվել է պատգամավորների նկատմամբ քրեական գործի հարուցումը։

Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում ասաց, թե չի կարծում, որ իրավապահ մարմինները հետին նպատակ են հետապնդել  եւ որոշել այս նախադեպով վախեցնել պատգամավորների աչքը։ Նրա պնդմամբ՝ կատարվածը զուտ իրավական գործընթաց է։ Այդուհանդերձ, պատգամավորի  մեկնաբանություններից պարզ դարձավ, որ գործընթացը ծառայել է նպատակին, եւ Մարուքյանն այսուհետ դժվար թե համաձայնի որեւէ մեկի համար երաշխավորագիր ներկայացնել․ «Գիտեք, սա նախադեպ է, որի արդյունքում մեզ այլեւս չպետք է դիմեն երաշխավորելու համար, ես այլեւս ոչ մեկին երաշխավորություն չեմ տալու: Որովհետեւ պատգամավորը որեւէ ազդեցություն չունի այդ մարդուն թույլ տալ-չտալու՝ ներկայանալ, թե ոչ, պետք է նախաքննության մարմինը նրա անձնագիրը վերցնի, սեկտը փակի։ Երբ պատգամավորն ասում է, որ երաշխավորում է, որ նա կներկայանա, երաշխավորում է, որ նրան չկալանավորեն, բայց չի երաշխավորում, որ այդ մարդուն թողնեն երկրից գնալ:  Է, չթողնեիք գնար: Այսինքն՝ այստեղ օրենսդրական խնդիր կա»: