Անի Գեւորգյանն ավելի վտանգավո՞ր հանցագործ է, քան Աղվան Հովսեփյանը, Վովա Գասպարյանը եւ Լյովա Երանոսյանը

Անի Գեւորգյանն ավելի վտանգավո՞ր հանցագործ է, քան Աղվան Հովսեփյանը, Վովա Գասպարյանը եւ Լյովա Երանոսյանը

Հակակոռուպցիոն կոչվող դատարանում, որը կոչված էր պայքարելու կոռուպցիայի դեմ, բայց իրականում դարձել է իշխանական հրահանգները կատարող ու երկակի ստանդարտներով առաջնորդվող մի դուքյան, մի քանի օր առաջ կալանք սահմանվեց «Սիներջի» ընկերության տնօրենի եւ երկու կին աշխատակիցների՝ մանկահասակ երեխաներ ունեցող Լիլի Մկրյանի եւ Անի Գեւորգյանի նկատմամբ: Այստեղ են միանգամայն անհիմն կալանք տվել Արմեն Աշոտյանին եւ Գրիգորի Խարչատուրովին: Բայց, պարզվում է այս խիստ վերաբերմունքը միայն որոշ անձանց նկատմամբ է կիրառվում, կան գործեր, որտեղ այս դատարանը մեղմության խորհրդանիշ է` անմեղության կանխավարկածը հարգող եւ մարդու իրավունքներով առաջնորդվող մի հրաշալի կառույց: 

Այս դատարանն է քննում նաեւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, նախկին փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի նկատմամբ հարուցված գործերը։ Բայց այս բոլոր անձինք, զարմանալիորեն, կալանքի տակ չեն՝ ազատության մեջ են, ուղղակի գնում-գալիս են դատարան՝ մասնակցելով դատական նիստերին։ Սակայն զուտ տրամաբանության տեսակետից` պետք է հակառակը լիներ` դատելով մեղադրանքների ծանրությունից եւ բնույթից:

Այսպես. եթե Սիներջիի աշխատակիցները մեղադրվում են պաշտոնատար անձի կողմից «ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելուն օժանդակելու կամ դրդելու համար»` Քրօր-ի 441 եւ 446 հոդվածներով, ինչը շատ ավելի մեղմ պատիժ է ենթադրում, քան բուն` պաշտոնական լիազորություններն անցնելը, ապա վերը նշված անձինք մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ, որոնց արդյունքում, ըստ նախաքննության մարմնի, պետությունը միլիոնների հասնող վնասներ է կրել: 

Ի դեպ, «Սիներջիի» դրվագով վնասն առհասարակ բացակայում է եւ պաշտոնի չարաշահում թույլ տված անձինք էլ` փոխնախարարն ու վարչության պետը կամ ազատության մեջ են, կամ` տնային կալանքի տակ: Թերեւս նաեւ սրանով է բացատրվում այն, որ Քննչական կոմիտեն իր հաղորդագրության մեջ մեղադրանքն անորոշ է նկարագրել` առանց Քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածները նշելու: Եւ մեր հարցին էլ ՔԿ-ից պատասխանեցին, որ հոդվածները չեն հրապարակում, թեեւ բոլոր հաղորդագրությունների վերջում միշտ պարտադիր նշում են, թե անձին ինչ մեղադրանք է առաջադրվել: Իսկ այս պարագայում չեն նշել, որ կալանքի աբսուրդն ավելի ակնհայտ չդառնա:

Այժմ դառնանք, մեր երկրի մյուս` ավելի «նվազ» հանցագործներին, ում նույնպես դատում է Հակակոռուպցիոն դուքյանը...կներեք` դատարանը: 

Այսպես. ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին 310-րդ, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Այստեղ եւ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մեղադրանք կա, եւ փողերի լվացման, եւ յուրացմանը կամ վատնմանը օժանդակելը, եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը, բայց մարդն ազատության մեջ է: Միայն մեկ էպիզոդով, Աղվան Հովսեփյանը մեղադրվում է «հանցավոր ճանապարհով ստացված 788 մլն ՀՀ դրամը օրինականացնելու» համար: Իհարկե, քանի դեռ չկա դատավճիռ մարդն անմեղ է, բայց դատավճիռ չկա նաեւ էկոնոմիկայի նախարարության գործով, այսինքն` Սիներջիի աշխատակիցների նկատմամբ եւ «օրենքի առջեւ բոլորը հավասար են» սկզբունքից ելնելով` շատ ավելի բնական կլիներ, որ մանկահասակ երեխաներ ունեցող կանայք եւ ընկերության տնօրենն ազատության մեջ լինեին: 

Նույն դատարանում ընթանում է նաեւ Վլադիմիր Գասպարյանի ու Լյովա Երանոսյանի դատավարությունը: Նախկին ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` «յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով» (2 դրվագ) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» (2 դրվագ): Լևոն Երանոսյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պաշտոնեական կեղծիք», և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս գործով անցնող մյուս անձանց` Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38(հանցակցություն)-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս գործով էլ, ըստ նախաքննական մարմնի, պետությանը պատճառվել է 114 մլն ՀՀ դրամի վնաս:  

Բայց այս բոլոր մարդիկ ազատության մեջ են, իսկ երիտասարդ կանայք` կալանավորված:

Արեգ Մարգարյան