Ընդդիմադիրներին վարկաբեկելու ևս մեկ փորձ տապալվեց․ Արամ Գրիգորյանն անմեղ է

Ընդդիմադիրներին վարկաբեկելու ևս մեկ փորձ տապալվեց․ Արամ Գրիգորյանն անմեղ է

Մայիսի 21-ին, երբ «Դիմադրության» շարժումը փողոցային պայքար էր սկսել, իսկ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն էլ գնացել օպերայի բակում նստացույց էր անում, քրեաիրավական հետապնդումների սլաքները բնականաբար ուղղվեցին նրա եւ նրա թիմակիցների ուղղությամբ։ Հենց այդ ժամանակ էլ իրավապահները խուզարկություն իրականացրեցին Վանեցյանի մտերիմ ընկեր, օգնական, ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Արամ Գրիգորյանի տանը։ Ինչ որ հին տեսանյութեր տարածեցին ու իրենց քարոզչական մեքենայով խոսակցություններ դրեցին շրջանառության մեջ, թե ընդդիմադիր գործիչները ցուցարարներին կաշառք են տալիս գումարի տեքսով, որպեսզի վերջիններս մասնակցեն ընդդիմության հանրահավաքներին։ Նախ դրանով տպավորություն էին ուզում ստեղծել, որ գործող իշխանության և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ չկա, երթեր ու ցույցեր անողները գումարի դիմաց են դա անում եւ երկրորդ՝ վախ ներշնչել ընդդիմությանը եւ կոնկրետ՝ Վանեցյանի թիմին։ Հետո հրապարակվեց մեղադրանքը, թե Արամ Գրիգորյանը մեղադրվում է տարբեր քաղաքացիների գումար բաժանելու, նյութապես շահագրգռելու և ցույցերին մասնակից դարձնելու մեջ։

Մի քանի ամիս քննությունից հետո էլ ՀՀ Քննչական կոմիտեի քննիչ Ռևիկ Գրիգորյանը ստիպված էր կարճել այդ գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Իր որոշման մեջ քննիչը գրել է․

«27.05.2022 թվականին որոշում է կայացվել Արամ Ֆրեդիկի Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն բանի համար, որ նա  հանդիսանալով «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնականը, վերջինիս կողմից կազմակերպած և 2021 թվականին հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին սկիզբ առած «Հայրենիքի փրկության շարժման հավաքներն, անհնազանդության ակցիաներն ավելի բազմամարդ դարձնելու նպատակով, ուղղակի դիտավորությամբ, խախտելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենք 6-րդ հոդվածների պահանջները, 2021 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին գործով դեռևս չպարզված օրը, Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների հարման վայրում գտնվող «Սիրահարների» այգում, հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես  շահագրգռելու եղանակով տարբեր չափերի գումարներ է տվել գործով չպարզված թվով 4 կանանց։ Առաջադրված մեղադրանքում Արամ Գրիգորյանը իրեն մեղավոր չի ճանաչել: Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել Արամ Գրիգորյանի բնակարանում և «Ալֆա Վագ» ՍՊ ընկերության հասցեում՝ հավաքին մասնակցող անձանց ցուցակներ, վերջիններիս գումարներ տրամադրելու վերաբերյալ նշումներով ցուցակներ, գրառումներ, փաստաթղթեր, ինչպես նաև նշված տեղեկությունները պարունակությամ էլեկտրոնային հիշողության կրիչներ, համակարգիչներ հայտնաբերելու նպատակով, սակայն խուզարկություններով ոչինչ չի հայտնաբերվել։

Նախաքննության ընթացքում ստացվել են մեղադրյալ Արամ Գրիգորյանի հեռախոսահամարների վերծանումները, որոնք զննվել են, զննության արդյունքննոի հիման վրա հարցաքննվել են հետաքրքրություն ներկայացնող վկաներ, ովքեր քրեական վարույթով հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ չեն հայտնել։ Օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ հանձնարարություն է արվել հետաքննթյան մարմնին Արամ` Գրիգորյանի կողմից հավաքների մասնակցնելու նպատակով նյութապես կամ այլ կերպ անձանց շահագրգռելու, լրատվական կայքում առկա կանանց ինքնությունները և դեպքի հանգամանքները պարզելու նպատակով, սակայն ստացված պատասխանի համաձայն օպերատիվ հետախուզական միջոցառումները դրական արդյունք չեն տվել։

14.09.2022թ. միջնորդություն է ներկայացվել նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին Արամ Ֆրեդիկի Գրիգորյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված և 2003 թվականի օգոստոսի 01-ին ուժի մեջ մտած ՀՀ նախկին քրեական օրենսգրքի` 163–րդ հոդվածով իրականցվող հանրային քրեական հետապնդումը դադարեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այն է՝ անձը չի կարարել իրեն մեղսագրվող արքը, որը բավարարվել է։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե հաստատվել է քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը»,- եզրակացրել է քննիչը, ապա որոշել․
Ելնելով վերոգրյալից ՝ թիվ 58155222 քրեական վարույթը կարճել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կերով սահմանված կարգով՝ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայության հիմքով»։

Փաստորեն ստացվում է, որ այսքան ժամանակ ու ռեսուրս են վատնել կեղծ, քաղաքական հետապնդման վրա, վարկաբեկել են մարդուն, նրան վնասներ են պատճառել, հիմա կեսբերան խոստովանում են, որ Արամ Գրիգորյանի գործողություններում որևէ հանցագործություն չկա։

Գրիգորյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով թեմային, և պատասխանելով հարցին, թե ի սկզբանե իրենք ենթադրո՞ւմ էին, որ քրեական գործը նման վախճան կունենա, և ըստ իրենց, ինչո՞ւ իրավապահները որոշեցին այս գործը հարուցել, երբ ի սկզբանե պարզ էր, որ այն «փուչիկ» է, պատասխանեց․

«Գործը կարճվեց անգամ ոչ թե հանցակազմի բացակայության հիմքով, այլ Արամ Գրիգորյանի կողմից քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարք կատարված չլինելու հիմքով։ Բնականաբար, առաջին իսկ վայրկյանից դա պարզ էր, ու դատարկ տեղը քննություն անելու կարիք չկար։ Իսկ քրեական գործը հարուցվեց, Արամ Գրիգորյանի բնակարանը խուզարկվեց, նա բերման ենթարկվեց, նրա նկատմամբ ամիսներ շարունակ խափանման միջոց կիրառվեց երկու նպատակով, երկուսն էլ քաղաքական` մոլորեցնել հանրությանն ու խաբել, թե ընդդիմության կազմակերպած հավաքներին բազմահազար մարդիկ մասնակցում են, քանի որ նրանց դրա համար վճարում են, և երկրորդ` Արամ Գրիգորյանը «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ընկերն է, ով նաև անձամբ մասնակցում էր հանրահավաքներին»,- պատասխանեց Վարոսյանը։

Արդյունքում կարելի է եզրակացնել, որ ևս մեկ քրեական գործ, որն ի սզբանե հարուցված էր քաղաքական դրդապատճառներով և ընդդիմադիր շարժումն ու ընդդիմադիր գործիչներին վարկաբեկելու միտում ուներ, անփառունակ վախճանն ունեցավ։

Հիշեցնենք, որ հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը ևս մեղադրվում է նյութապես շահագրգռելով անձանց հավաքներին մասնակի դարձնելու մեջ, նա մոտ 3 ամիս անցկացրեց կալանավայրում։