Օրինական կարգով ձեռք բերված հրազեն, նույնականացման քարտ եւ այլ իրեր չեն վերադարձվում Քոչարյանին

Օրինական կարգով ձեռք բերված հրազեն, նույնականացման քարտ եւ այլ իրեր չեն վերադարձվում Քոչարյանին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը՝  գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ:

Մեղադրողներից Պետրոս Պետրոսյանը նշեց, որ գտնում  են, որ ներկայացված բողոքն անհիմն է. «Խնդրում եմ այն մերժել, արգելադրված գույքը համարժեք»:

Խուդոյանը նշեց, որ Քոչարյանին պատկանող մի շարք առարկաներ իր պաշտպանյալին չի վերադարձվում. «Բանկային փաստաթղթեր, օրինական կարգով ձեռք բերված հրազեն, նույնականացման քարտ, աշխատանքյաին պայմանագիր. այդ առարկաները, որոնք գործի հետ կապ չունեն, չեն վերադարձվում: Կարող է բռնագրավել գույքը այն չափով, ինչ չափով գույքը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով: Եթե մեղադրողը կարծում է, որ պարոն Քոչարյանը կաշառք է ստացել երեք միլիոն դրամի չափով, ապա պետք է երեք միլիոն դրամի չափով կալանքի դրվի: 

Պետք է բռնագանձվեր այն գույքը, որը հանցավոր ճանապարհով է ձեռք բերվել, ոչ մեկի չի կարող փաստել, որ պարոն Քոչարյանի առանձնատունը ձեռք է բերվել  ապօրինի կերպով: Մենք տեսնում ենք, որ բռնագանձման վերաբերյալ պատճառաբանությունները նույնպես տեղի չեն»:

 Մեղադրող Պետրոս Պետրոսյանը կարճ անդրադարձավ պաշտպանի հայտարարություններին. «Պաշտպանը խոսեց խուզարկության ընթացքում վերցված առարկաների մասին. դրանց վերադարձման հարցը այս փուլում կարող է լրացուցիչ քննարկման առարկա դառնալ: Ինչ վերաբերում է զենքին, դա կարող է տնօրինվել Ռոբերտ Քոչարյանի կողմից, եւ նա այժմ կալանքի տակ է, եւ այդ առարկաները ուրիշ մեկի հսկողության տակ չեն կարող հայտնվել: Այս դիտարկումները գնահատում եմ ոչ հիմնավոր»:

Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հունիսի վեցին: