Դոլարի արժեզրկումը լուրջ խնդիրներ է առաջացրել արտահանողների համար (տեսանյութ)

Դոլարի արժեզրկումը լուրջ խնդիրներ է առաջացրել արտահանողների համար (տեսանյութ)

Հայաստանում դրամը գնալով արժևորվում է, իսկ դոլարը՝ արժեզրկվում։ Եւ դա լուրջ խնդիրների առջև է կանգնեցրել արտահանողներին։ Դոլարի արժեզրկման հետևանքների վերաբերյալ այսօր «Մանթաշյանց» գործարարների միությունում հրավիրված ասուլիսի ժամանակ գործարարներ Կարեն Խաչիկյանն ու Սոկրատ Գրիգորյանն ասացին, որ իրենք այս օրերին մեծ վնասներ են կրում ինչպես Լարսում ստեղծված իրավիճակով պայմանավորված, այնպես էլ դոլարի արժեզրկմամբ, քանի որ իրենց արտահանած ապրանքի դիմաց դրսում իրենց դոլար են վճարում, որն այստեղ գին չունի, մինչդեռ այստեղ իրենք հարկեր, տուրքեր ու աշխատավարձ են վճարում դրամով։ 

Hraparak.am-ի  դիտարկմանը, թե երբ դոլարի փոխարժեքը բարձրանում է, գործարարները դժգոհում են, որ ապրանքնները թանկացել են, իջնում է՝ նորից դժգոհում են,  այդ դեպքում ո՞րն է այն օպտիմալ տարբերակը, որը իրենք ակնկալում են։, խիչքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող «Աբրիկոն» ընկերության տնօրեն Կարեն Խաչիկյանն ասաց, որ ճիշտը կայունությունն է։  

«Իհարկե, ստաբիլությունն ամենաճիշտն է։ Երբ ես գիտեմ, որ ոչ ավելանալու է, ոչ պակասելու է, ես ռիսկով կարող եմ վարկ էլ վերցնել, ռիսկով կարող եմ կրեդիտով ապրանք ուղարկել այլ երկրներ՝ հանգիստ լինելով, որ երբ էլ էդ գումարը ստանամ՝ ինքը նույն արժեքն է ունենալու»,-ասաց նա։

Խաչիկյանի խոսքով՝ դոլարի արժեզրկմամբ այսօր հրաշալի պայմաններ են ստեղծվել ներկրողների համար, փոխարենը էապես տուժում են արտահանողները։

Իսկ ինչո՞վ է պայմանավորված դոլարի այսպիսի արժեզրկումն ու դրամի արժևորումը։

«Լոգիկան ասում է, որ տրամաբանությամբ մեր տնտեսության մեջ դրամը էսպես պետք է չարժևորվեր։ Սովորաբար արժևորվում է, երբ որ տնտեսությունը շատ հզոր է, այսինքն՝ էնքան տարադրամ է եկել, որ մեր դրամը սկսում է արժևորվել տարադրամի համեմատ։ Բայց չեմ կարծում, որ վերջին երեք ամսում էնպես հզորացավ մեր տնտեսությունը, որ 15 տոկոսանոց անկում ունեցավ դոլարը»,-ասաց Խաչիկյանը։

Իսկ լուծումներց մեկը, ըստ նրա, այն կարող է լինել, որ Կենտրոնական բանկը հավելյալ դրամ ներարկի մեր տնտեսության մեջ։

«Լրացուցիչ դրամ կարելի է ներարկել տնտեսության մեջ Կենտրոնական բանկի կողմից ու բերել որոշակի ստաբիլության։ Կամ կան այլ գործիքներ, միգուցե։ Բայց երբ մեր արտահանումը համարյա լրիվ կանգնած է, սրանից 20 օր առաջ ասացին՝ համարյա 5 հազար մեքենա կանգնած է Լարսում, պատկերացնո՞ւմ եք, երբ էդքան մեքենա ոչ թե ապրանքը տեղ է հասնում, որպեսզի գումար կարողանա ստանալ, այլ կանգնած է, մեզ մոտ դրամ է արժևորվում։ Մի քիչ տրամաբանական չի էն, ինչ կատարվում է»,-նկատեց Կարեն Խաչիկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում