Եթե Բրյուսելին դա անհրաժեշտ լինի, երեք պետությունն էլ կարող են ԵՄ անդամ դառնալ արդեն հաջորդ տարի

Եթե Բրյուսելին դա անհրաժեշտ լինի, երեք պետությունն էլ կարող են ԵՄ անդամ դառնալ արդեն հաջորդ տարի

Դեկտեմբերի 14-ը պատմական ամսաթիվ է Վրաստանի համար․ մեր հարեւան հանրապետությունը ստացավ երկար սպասված «ուղեգիրը» դեպի Եվրամիություն ճանապարհին։ Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Եվրոպայի առաջնորդները որոշեցին ԵՄ թեկնածու-երկրի կարգավիճակ շնորհել Թբիլիսիին, իսկ Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել։

Բաղձալի լուրը ցնծությամբ ընդունեցին Վրաստանում, որտեղ ԵՄ դրոշներով ավտոմեքենաները շրջում էին Թբիլիսիի փողոցներով, մայրաքաղաքի գլխավոր հեռուստաաշտարակն ու խաղաղության կամուրջը ներկվեցին ԵՄ դրոշի գույներով, Ազատության հրապարակում ազգային եվրոպական տոն հայտարարվեց, իսկ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այս եվրոպական հաղթանակը վերագրեց իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլուն, Վրաստանի քաղաքացիներին եւ իրենց կառավարությանը։ «Հրապարակի» զրուցակիցը վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն է։

- Եվրամիությունը կանաչ լույս վառեց Վրաստանի համար՝ միաժամանակ «համատեղ ճանապարհորդության» համար հրավիրող ազդանշան տալով Կիեւին եւ Քիշնեւին։ Շնորհավորում եմ՝ ձեր երկրի համար այս սպասված իրադարձության առթիվ։

 - Շնորհակալ եմ։

- Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիին ԵՄ թեկնածու-երկրի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ որոշումն անվանել է 11 տարի առաջ իշխանության եկած քաղաքական ուժի հետեւողական աշխատանքի արդյունքում կերտված «հաղթանակ», որը «պատկանում է Վրաստանի քաղաքացիներին»։ Նա հատկապես բարձր է գնահատել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլու դերը՝ վրացական երազանքը կյանքի կոչելու համար։ Երազանքի լիարժեք իրականացման ճանապարհին ի՞նչ նոր մարտահրավերներ ու անելիքներ ունի Վրաստանը։

 - Թեկնածուի կարգավիճակը պարզապես տեխնիկական հնարավորություն է՝ իրականացնելու այն եվրոպական չափանիշները, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ին անդամակցելու համար։ Իհարկե, սա կարող է դիտվել որպես հաղթանակ, բայց ավելի հավանական է, որ սա ԵՄ-ի ցանկությունն է՝ ներկա գտնվելու Հարավային Կովկասում։ Բայց մենք՝ ինքներս պետք է իրականացնենք եվրոպական չափանիշները, եւ դա անհրաժեշտ է ոչ միայն ԵՄ-ին անդամակցելու, այլ նաեւ քաղաքացիների կյանքի ավելի լավ որակ ապահովելու եւ երկրի զարգացման համար։

- Հայտնի է, որ Ուկրաինան եւ Մոլդովան նույնպես Եվրամիությանը միանալու հայտ էին ներկայացրել ՌԴ-ի հատուկ ռազմական գործողությունից հետո: Հետխորհրդային երկու երկրներն էլ ԵՄ թեկնածու-պետությունների կարգավիճակ ստացան անցած հունիսին: Եթե զուգահեռներ անցկացնենք, այս համատեքստում ի՞նչ ընդհանրություններ եւ առանձնահատկություններ ունեն Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան։

- Մենք միասին քայլեցինք եվրաինտեգրման ճանապարհով, ոմանք առաջ անցան, ոմանք ետ մնացին։ Երկար ժամանակ այդ ճանապարհին առաջատարը հենց Վրաստանն էր, օրինակ՝ Վրաստանն առանց վիզայի ռեժիմ էր ստանում Ուկրաինայից առաջ։ Բայց մեր իշխանությունների անհեռատես քաղաքականության շնորհիվ, մեղմ ասած, մենք դարձանք աուդսեյդեր։ Հիմա ամեն ինչ կախված է երկու գործոնից՝ ներքին, ինչպես կանցկացվեն խորհրդարանական ընտրությունները, եւ արտաքին՝ Ուկրաինայի պատերազմի ընթացքը։ Սակայն վերջին գործոնը որոշիչ նշանակություն ունի հետխորհրդային բոլոր երկրների համար։

- Ի դեպ, ԵՄ հայտնի որոշումը բավականին տեւական ու ինտրիգային քննարկումների արդյունքում է եղել․ Հունգարիան, որի վարչապետը լքել է քննարկումների սրահը, Ուկրաինայի մասով որոշումը համարել է վատ որոշում։ Այդուհանդերձ, ԵՄ անդամ մյուս 26 երկրները շարունակել են քվեարկությունը՝ միաձայն կայացնելով հայտնի որոշումը Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի մասով։ Ի՞նչ եք կարծում, Բուդապեշտի առարկությունները միայն Կիեւի հե՞տ են կապված, թե՞ այլ ենթատեքստեր էլ կան, օրինակ՝ հենց Վրաստանի մասով։

 - Օրբանը դասական քաղաքական բիզնեսմեն է․ նա անընդհատ սակարկում է ու սեփական օգուտները որսում։ Այս առումով նա շատ նման է մեր իշխանություններին, ուստի ունի ամբողջական փոխըմբռնում եւ համաձայնություն Վրաստանի իշխանությունների հետ։ Եթե Օրբանը կամք ունենար, վաղը Վրաստանին կընդուներ ԵՄ-ի անդամ, բայց նա դա չի որոշում, եւ ես կարծում եմ, որ լավ է, որ նա չի որոշում։

- Բնականաբար, ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կարող են երկար տեւել, այդ թվում՝ տասնամյակներ։ Այդուամենայնիվ, ԵՄ-ն բարոյական մեծ աջակցություն դրսեւորեց երեք երկրների նկատմամբ՝ լայնորեն բացելով եվրոպական ընտանիքի դռները դե ֆակտո արդեն այդ նույն ընտանիքի անդամների համար։ Ո՞րն է Ձեր կանխատեսումը, ի՞նչ ժամկետում կարող է Վրաստանը հասնել ԵՄ լիարժեք անդամի կարգավիճակին։

 - Սա կրկին կախված է բազմաթիվ արտաքին եւ ներքին գործոններից, բայց ես սա կասեմ՝ եթե Բրյուսելին դա անհրաժեշտ լինի, երեքն էլ կարող են ԵՄ անդամ դառնալ արդեն հաջորդ տարի։ Կարո՞ղ է դա Բրյուսելին պետք լինել: Առայժմ նման անհրաժեշտություն տեսանելի չէ, բայց մինչեւ անցյալ տարի բոլոր երեք երկրների համար թեկնածուի կարգավիճակ ստանալու հեռանկարները շատ մշուշոտ էին։ Բայց հետո եղավ այն, ինչ եղավ, արդյունքը տեսնում ենք այսօր։