Սուրեն Անտոնյանը պատրաստվում է բողոքարկել ԲԴԽ որոշումը

Սուրեն Անտոնյանը պատրաստվում է բողոքարկել ԲԴԽ որոշումը

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանը պատրաստվում է բողոքարկել ԲԴԽ որոշումը, որով դատավորի լիազորությունները դադարեցվել են։ «Մենք բողոքարկելու ենք այս որոշումը Սահմանադրական դատարանում, նաև, հնարավոր է, ՄԻԵԴ դիմելու ճանապարհով», - ասաց Անտոնյանը «Հրապարակին»։ 

Այլ պարզաբանումներ չներկայացրեց, ասելով, որ դա բարդ իրավաբանական հարց է, ծավալուն նյութ է, որի մասին պետք է երկար ու հանգամանալից խոսել, իսկ որոշման ամբողջական տարբերակը դեռ պատրաստ չի։ Օրենքով 15 -օրյա ժամկետ է սահմանված այն հրապարակելու համար։ 

Ինչպես արդեն հայտնել ենք, ԲԴԽ վարույթը հարուցվել էր արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդության հիման վրա։ 
Հունվարի 26-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է ընդունել, որով դադարեցրել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները։

Պատճառն այն է, որ նա նույն քաղաքացիական գործի շրջանակներում վերադարձրել է վճռաբեկ բողոքը՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ, բայց 6 ամիս անց նույն գործով, նույն կողմի վերստին ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել։ Ստացվում է, որ նա երկու  իրարարմերժ որոշումներ է կայացրել նույն գործով։ Մյուս կողմը դիմել է ՄԻԵԴ,  2015 թվականին հաղթել է ու փոխհատուցում է ստացել Հայաստանի Հանրապետությունից։ 

Հարցին, թե ինչպես են որոշում, թե որ դատավորների լիազորությունները դադարեցնել, ումը՝ չդադարեցնել, կամ` ումը ինչ հաջորդականությամբ, չէ՞, որ համարյա բոլոր դատավորների վճիռների դեմ էլ ՄԻԵԴ-ը որոշումներ ունի, Անտոնյանը պատասխանեց․ «Ումն ուզում են, նրանն էլ դադարեցնում են»։