Առակը զի՞նչ կցուցանե

Առակը զի՞նչ կցուցանե

Փետրվարի 18-ին Ստեփանակերտում կազմակերպվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի 60-ամյակին նվիրված հուշ-երեկո, որին ներկա է գտնվել նախագահ Բակո Սահակյանը: Իր խոսքում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը հետեւյալ միտքն է արտահայտել. «Արթուր Մկրտչյանը մեր ժողովրդի համար ամենածանր ժամանակներում չխուսափեց իր ուսերին կրել պատասխանատվություն՝ համոզված լինելով, որ բոլորը կառաջնորդվեն իր նման անաղարտ զգացումներով, չպատկերացնելով նույնիսկ իր նկատմամբ խափանարար քայլերի մասին, որ կարող էին ձեռնարկել իր երբեմնի թիմակիցներն ու ազատագրական պայքարի առաջնորդներ հռչակվածները՝ չգիտակցելով, որ դա ուղղված է նորանկախ Արցախի պետության դեմ»:

Արթուր Մկրտչյանի եւ նրա պաշտոնավարման ժամանակի մասին նման շեշտադրումներ, կարծես, առաջին անգամ են արվում, այն էլ՝ Դաշնակցության պատասխանատու գործիչներից մեկի կողմից: Ու՞մ նկատի ունի նա Մկրտչյանի «երբեմնի թիմակիցներ» եւ «ազատագրական պայքարի առաջնորդներ հռչակվածներ» ասելով, որ կարող էին նրա նկատմամբ «խափանարար քայլեր,, ձեռնարկել: ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչն Արթուր Մկրտչյանի առեղծվածային մահվան կապակցությա՞մբ է այդ նկատառումն անում: Ունի՞ նա հավաստի տեղեկություններ, որ նախկին թիմակիցներն ու պայքարի առաջնորդ հռչակված այլ անձինք Արթուր Մկրտչյանի պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում խափանարար գործողություններ են կատարել: Այս օրերին սոցիալական ցանցերում քննարկվում է Արթուր Մկրտչյանին Արցախի հերոս կոչում շնորհելու թեման:

Դաշնակցությունն ստանձնու՞մ է պարտավորություն՝ այդ հարցը բարձրացնելու եւ հիմնավորելու՝ Արցախի բարձրագույն իշխանության առջեւ: Արցախի քաղաքական պատմության այդ շրջանը վերագնահատելու անհրաժեշտություն կա՞: Ո՞րն է ՀՅԴ ընդհանուր մոտեցումը: Չէ՞ որ Արթուր Մկրտչյանը ԼՂՀ ԳԽ նախագահի թեկնածու է առաջադրվել Դաշնակցության որոշմամբ: Հուշ-երեկոյին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցչի խոսքի վերոբերյալ հատվածը թողնում է գաղտնասացության տպավորություն: Դաշնակցությունը, կարծես, ինչ-որ ճշգրտումներ է ուզում անել, բայց այնպես, որպեսզի չմտնի դրա պատասխանատվության տակ: ՀՅԴ-ն կշարունակի՞ թեման, կգնա՞ հանրային կարծիքի ձեւավորմանն ուղղված քարոզչա-տեղեկատվական քայլերի: Թե ամեն ինչ կմնա հաջորդ հոբելյանական միջոցառումների սպասման մակարդակու՞մ:

Լուսանկարում՝ Դավիթ Իշխանյանը