Երկու բախտի արանքում

Երկու բախտի արանքում

Դժվարին, զգայուն թեմա է` խոսել հայ-ռուսական միջպետական հարաբերությունների մասին: Մեր պետական գործիչներն այդ հարցում, հասկանալի է, ունեն իրենց «լեզուն», որ կոչվում է դիվանագիտություն: Բայց երբ մտավորական կոչված որոշ ռուսական «շրջանակներ» (ես էլ անցա դիվանագիտության) վատ աչքով են նայում մեզանում կատարվող փոփոխություններին (որոնցից շատ դեպքերում մենք ինքներս էլ գոհ չենք), դա մտահոգում է:

Հենց սկզբից ասեմ, որ ես երբեք չեմ հարել եւ չեմ հարի հակառուսական ինչ-որ ֆունկցիոներների շարքերին, որոնք կան եւ ինչ-որ դրամաշնորհների ու չգիտեմ ուրիշ ինչերի համար, օրինակ, կարող են ոգեւորվել Բոլթոնի «բլթոցներով»: Ես բոլոր հակառուսականներին դեմ եմ տալիս ընդամենը մի փաստարկ` այսօր որտե՞ղ կլինեինք մենք, ի՞նչ կարգավիճակով, եթե, օրինակ, 1828թ. Ռուսաստանը հարեւան երկրից (ճիշտ է, մեզ ոչ թշնամի) չխլեր այն հողակտորը, որը կոչվում է Արեւելյան Հայաստան, եւ որի վրա այսօր գոյություն ունենք մենք: Թեեւ Խաչատուր Աբովյանն օրհնեց այդ «սհաթը», եւ չհասկացանք` ինչպիսի «սհաթի» անհետացավ... («Երկու բախտի արանքո՜ւմ...»): Ուրիշ բան չեմ ասում, ուրիշ հարց չեմ տալիս:

Ռուսաստանը դժվարին ընկեր է մեր ճակատագրի ընթացքում: Մենք մեր շատ դժբախտությունների համար մեղադրում ենք բոլշեւիկներին, բայց մինչեւ բոլշեւիկներն էլ ամեն ինչ ի նպաստ մեզ չի եղել: Ցարի նպատակը Հարավային կազակական պետություն ստեղծելն է եղել: Այսօր էլ ասում են` Ռուսաստանին բուն իմաստով դաշնակիցներ պետք չեն․ այնքան հրթիռ ու հակահրթիռ ունի կուտակած, որ մենմենակ կարող է կանգնել մնացած աշխարհի դիմաց: Երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը, եթե տեղեկությունը ճիշտ գիտեմ, մտերմիկ կերուխումների ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարար Գրաչովին ասում էր` ի՞նչ կլինի, որ մեզանից դուք էլ ձեր Իսրայելն ստեղծեք... 

Ներկայումս մենք ի՞նչ ենք Ռուսաստանի համար՝ մի փոքրիկ պետություն, որի դաշնակցությունը` էսպես` «չխանգարա», բայց որ այդ պետության իշխանությունը մի ուրիշ տեսակի է, պաշտոնյան փողկապը մի ուրիշ տեսակ է կապում կամ ընդհանրապես չի կապում (բա որ իրենց չինովնիկներն է՞լ սովորեն ուրիշ տեսակ կապել (դա լավ չի) ըստ իրենց): Այսպիսի մի դեպք է եղել (թեեւ գուցե տեղին չէ հիշատակելը): Գրողների մի համագումարի ժամանակ, պատահաբար, մի սեղանի շուրջ նստած են եղել Ե. Եվտուշենկոն եւ Վ. Շուկշինը: Շուկշինը սապոգները (ասում են` սապոգներով է եղել, չգիտեմ) դրել է սեղանին ու ասել` մինչեւ Եվտուշենկոն չհանի իր «բաբոչկան»՝ փողկապը, ոտքերը չի իջեցնելու...:

Մեր ներկա քաղաքական տեսքն այնտեղ ոմանց կարող է դուր չգալ: Ռուսաստանը միշտ «սֆինքս» է եղել, Բլոկը սպառնացել է ինչ-որ ինտեգրալով ջարդել արեւմտյան «սկյութներին»: Անձամբ ինձ համար միստիկ առեղծված է, թե ինչու աշխարհի մեկ վեցերորդը բռնող լայնարձակ Ռուսաստանում տեղ չի ճարվում անցյալ դարի տխրահռչակ առաջնորդին հուղարկավորելու համար: Ես չեմ միջամտում իրենց ներքին գործերին, իսկ եթե միջամտություն է, ապա այնտեղից ինչո՞ւ էին վայնասուն բարձրացրել Նժդեհի արձանը տեղադրելու օրերին:

Ես միշտ նեղն ընկնելիս «դիմում» եմ մեր ազգի իմաստունին` Հ. Թումանյանին, որ ժամանակին իր քառյակներից մեկում գրեց՝ «երկու ցարի արանքում», իսկ մերոնք յոթանասուն տարի տպագրեցին՝ «երկու քարի արանքում»... Նա մի գրեթե վերջնական, անբեկանելի ձեւակերպում է տվել մեզ հուզող վերոհիշյալ հարցի վերաբերյալ: Ասել է` Ռուսաստանն ինչքան ազատ, այնքան լավ թե՛ իր, թե՛ աշխարհի համար: «Թե իր»-ը մի կողմ դնենք, դա իրենց ներքին գործն է, դիկտատուրա են սիրում` թող սիրեն: Բայց Թումանյանի հանճարն իր խոսքի շարունակության մեջ է փայլում. «թե` աշխարհի համար»: Թումանյանի ժամանակ չկար Վարշավայի պայմանագիր, Կուբայում, Նիկարագուայում, Կոնգոյում, Իրաքում... պետական հեղաշրջումներ չէին կազմակերպվում, Տրոցկին Լուսին էլ փախչեր, փրկություն չուներ: Թեեւ Արեւմուտքն էլ այս տեսակետից մի բան չէր եւ չէ («Երկու քարի արանքո՜ւմ...»): Բայց Թումանյանը տեսել էր ռուսական զորքերի «նահանջ-պիրյոդ»-ը, որին` հայ ժողովրդի հետ, զոհ գնաց նաեւ իր սիրելի որդի Արտիկը...

Ես էլ այն սերնդից եմ, որ սումգայիթյան զուլում եւ գորբաչովյան ղոշունի ուշացում է տեսել... Թող մեր նոր սերունդն այլեւս նման բաներ չտեսնի (չտեսնելու համար պիտի հզորանանք` ինչքան որ կարող ենք): Ռուսաստանը` որքան ազատ, այնքան լավ թե՛ իր, թե՛ աշխարհի համար... Աստված տա:

Զավեն  ԲԵԿՅԱՆ