Այսօր Արցախում ամեն տեղ անելիք կա

Այսօր Արցախում ամեն տեղ անելիք կա

Հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը, ով նոյեմբերին կստանձի Արցախի պետական նախարարի պաշտոնը, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մենք պետք է վերականգնենք արհեստների ու վարպետների հանդեպ հարգանքը:

Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը պատերազմից հետո, Շուշիում թողնելով ամեն ինչ, աշխատանքները վերսկսել է Ստեփանակերտում ու շարունակում է կրթել կահույքագործների, շինարարների, զոդողների...: Եվ հենց ուսումնարանի տարածքում էլ տեսական գիտելիքը կիրառում են պրակտիկայում:

Ինձ համար ուրախալի էր տեսնել, թե ինչ ջանասիրությամբ էին ուսումնարանի սաները՝ աշակերտները, տարված իրենց անելիքով:

Այսօր Արցախում ամեն տեղ անելիք կա՝ լոգիստիկայի, կրթության, առողջապահության, տնտեսության ոլորտներում, և բնականաբար որակյալ արհեստավորների կարիք ամեն տեղ կա և կլինի: Եվ մենք՝ որպես հասարակություն պիտի խրախուսենք նաև, որ մեր երիտասարդները կարևորեն միջին մասնագիտական կրթությունը:

Խոսեցինք նաև մեր նախաձեռություններից մեկի՝ «Հայաստանի վարպետ» Հայաստանի վարպետ - Мастер Армении մրցույթի մասին, որն այդ նպատակին է ուղղված, և մասնակցում են նաև արցախցի վարպետները:

Նախագծի նպատակն է հանրայնացնել արհեստագործական մասնագիտություններն ու ընդգծել դրանց կարևոր դերը մեր կյանքում, և ցույց տալ երիտասարդներին, որ Վարպետ լինելը նույնպես հարգանքի ու պատվի է արժանի»: