«Քաղպայմանագիրն» աշխատանքի բորսա չէ

«Քաղպայմանագիրն» աշխատանքի բորսա չէ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին համաժողովին ստեղծվել է 2 աշխատանքային հանձնախումբ, որոնցից մեկը կանոնադրական փոփոխություններ պետք է մշակի, որ առաջիկա համագումարին կուսակցության կանոնակարգը փոխվի։ Հանձնաժողովի համակարգող՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի կարծիքով, այդ փոփոխությունների հիմնական նպատակը լինելու է ռիսկերից ապահովագրումը, որ կուսակցությունը, մյուս իշխող ուժերի պես, չդառնա պաշտոն ակնկալողների հանգրվան։ Ներկայումս ՔՊ անդամների թիվը կազմում է մոտ 3 հազար, սակայն հեղափոխությունից հետո ավելի քան 15 հազար դիմում է եղել կուսակցությանն անդամագրվելու վերաբերյալ, որոնց ընթացք չի տրվել հենց վերը նշված հիմնավորմամբ։ Թե ինչ չափորոշիչներ են սահմանվելու, զրուցեցինք Վահագն Հովակիմյանի հետ։

- Ինչո՞ւ եք մտածում, որ պետք է փոխել կուսակցության կանոնադրությունը, եւ ի՞նչ կարգի փոփոխություններ են սպասվում, հայտնի է, որ չեք ուզում կուսակցության կազմն արհեստականորեն ուռճացնել։

- Կուսակցության ներկայիս գործող կանոնադրությունը կազմվել է 2015 թվականի իրողությունների հիման վրա, հիմա պետք է արտացոլի ներկայիս իրողությունը, վտանգները, ռիսկերը կանխի։ Մեզ մոտ շատ է կարեւորվում ներքին ժողովրդավարությունը, որը պայմանավորված է նաեւ մեր կանոնադրությամբ։ Ցանկացած կանոնադրություն կուսակցության Սահմանադրությունն է, հետեւաբար, պետք է քննարկել։ Հիմա ձեռնպահ կմնամ մանրամասներ հայտնել, որովհետեւ դեռեւս առաջարկների  փուլն է։

- Ի՞նչ ռիսկերի ու վտանգներ կանխելու մասին եք ասում։

- Ունենք 10 հազարից ավելի դիմումներ, շատերը եկել են պաշտոն ստանալու ակնկալիքներով։ Բազմաթիվ այդպիսի մարդիկ դիմումները հետ են վերցրել, օրինակ՝ մարդը եկել էր այն ակնկալիքով, որ դառնար պատգամավոր, բայց տեսավ, որ այլ չափանիշներ են գործում թեկնածուների, եւ ինքը չի համապատասխանում, հետ է վերցրել ու գնացել է, էլ չասեմ, թե քաղաքական որ ուժերից մեկի ցուցակում է հայտնվել։ Անուններ չասեմ։ Բայց հին իներցիան գործեց, ու մեր դեպքում էլ հսկա հոսք եկավ, իսկ երբ ակնհայտ դարձավ, որ որեւէ ձեւով դա աշխատանքի տեղավորվելու ճանապարհ չի լինելու, ահագին մարդիկ հետ վերցրեցին դիմումները։ Մենք տեսել ենք նախորդների փորձը՝ հազարներով դիմումներն ընդունելու, հետո դրանց ձեռը կրակն ընկնելու։

- Ի՞նչ չափանիշների մասին է խոսքը, կուսակցության ցուցակը կազմվել է վարչության անդամների կողմից իրականացված «քասթինգի» միջոցով, որի մասին տարբեր կարծիքներ կան։

- Այո, վարչության անդամները հարցազրույցներ էին անում ու այդտեղ ընտրում թեկնածուներին, այդտեղ հաշվի էին առնում քաղաքական անցած ուղին, քաղաքական հայացքները եւ այլն, եւ այլն, բազմաթիվ հարցեր կան այդտեղ։ Մարդն ուզում է դառնալ քո քաղաքական թիմի անդամ, չտեսնե՞ս ինչպես է մտածում այս կյանքի մասին։ Մարդը պետք է լինի այն արժեհամակարգի կրողը, որը կա մեր կուսակցությունում, այլ ոչ թե դիմի պաշտոնի ակնկալիքով։

- Բայց մենք տեսանք, չէ՞, որ պաշտոնների նշանակվեցին մարդիկ, որոնք քայլել էին Փաշինյանի հետ կամ Փաշինյանի թիմի անդամներն էին։ Այսինքն՝ մի կողմից ասում եք, որ դա պաշտոն տանելու ճանապարհ չի լինելու, մյուս կողմից խոսում եք անցած ճանապարհի, քաղաքական ուղու, որակների մասին։

- Նախարարը քաղաքական գործիչ է, եւ ըստ էության հաջողում է այն կառավարությունը, որի նախարարը քաղաքական գործիչ է եւ նաեւ տիրապետում է իր ոլորտի նրբություններին։ Հայաստանի պատմության մեջ շատ են եղել, երբ նշանակվել են մենեջերներ ոչ քաղաքական թիմից ու ձախողել են, որովհետեւ նախարարությանը նայել են որպես ՍՊԸ։ Դուք ծանոթ եք նաեւ վարչապետի հայտարարությանը, որ 3 ամիս առաջ ասաց, որ այն անձինք, որոնք կարող են աշխատել պետական համակարգում, թող «սիվիներ» ուղարկեն եւ մոտիվացիոն նամակ։ Այդ խողովակով նաեւ ՔՊ-ականներն են դիմում, որպեսզի ընդհանուր մրցակցության մեջ դիտեն նրանց։

- Կա առաջարկ, որ անձնական երաշխավորությամբ ընդունեք կուսակցության շարքերը, այսինքն՝ հին կուսակցականներից երկուսը երաշխավորեն, ինչպես Կոմկուսի ժամանակ էին անում։

- Ներկայիս կանոնադրության մեջ երաշխավորության տարբերակ կա, խոսքն այն խստացնելու մասին է, այսինքն՝ ոչ միայն ես պիտի ճանաչեմ, այլ գրեմ այդ մարդու մասին, որ ճանաչում եմ, երաշխավորում եմ եւ այլն։

- Նաեւ համախոհների խումբ եք ուզում ստեղծել, դա ի՞նչ է նշանակում։

- Մեզ համար խնդիր չէ, որ կուսակցությունը լինի 100 հազար, 50 հազար, կարեւորը, որ համախոհներ ունենանք, կուսակցական գաղափարները կիսողներ։ Ասենք, մարդը կարող է լինել քո համախոհը, մասնակցի կուսակցական հավաքներին, ինքնիրացման հնարավորություն ունենա, բայց միառժամանակ փորձաշրջան անցնի, որոշումների կայացմանը չմասնակցի, քանի դեռ չի անցել այդ ճանապարհը։ Սա տարբերակներից մեկն է, կան այլ առաջարկներ, որոնց մասին հետո կխոսենք։