Որեւէ նոր ասելու բան չունեմ. դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

Որեւէ նոր ասելու բան չունեմ. դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի հարցի քննությունը ավարտվեց։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի հունվարի 29֊ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գեւորգյանը։

«Այս պահի դրությամբ որևէ նոր բան ասելու չունեմ, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, հունվարի 29-ին որոշումը կհրապարակվի, և, ըստ այդմ էլ, բոլորս կիմանանք»,- նշեց նա։

Նշենք, որ Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաեւ պաշտպանական կողմը։ Գեւորգյանի պաշտպանը բողոք է ներկայացրել՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ հաստատված համարել նաեւ ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գեւորգյանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը։

Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը): Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: