Թեհրանն անհանգստության մեսիջներ է փոխանցում Երևանին

Թեհրանն անհանգստության մեսիջներ է փոխանցում Երևանին

Նախօրեին ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայտարարությունն Իրանի մասին, կարելի է ասել, իրարանցում առաջացրեց ե՛ւ մեդիադաշտում, ե՛ւ քաղաքագիտական-փորձագիտական շրջանակներում։

Մասնագետ իրանագետները տարակուսանքով արձագանքեցին, որ խոսելուց առաջ կարելի էր ոչ միայն մտածել, այլ նաեւ մասնագետից խորհուրդ հարցնել։ Մինչ հույս ունեինք, որ անզգույշ սխալը կհարթվի, Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության միջոցով հաղորդագրություն տարածվեց, ըստ որի՝ այցով Ադրբեջանում գտնվող Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավար գեներալ Մոհամմադ Հոսեյն Բաղերին հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է Բաքվի տարածքային ամբողջականությանը եւ Լեռնային Ղարաբաղը համարում ադրբեջանական տարածք։ 
Անմիջապես հայկական մեդիա տիրույթում եզրակացություններ արվեցին, թե Իրանը, ահա, Կոնջորյանի հայտարարությանն է արձագանքում։ Լրատվամիջոցներից մեկն էլ հիշեցրեց, որ գեներալ Բաղերին ծագումով Իրանական Ատրպատականից է։ Թեեւ շատերը պնդում են, որ Կոնջորյանի եւ Բաղերիի հայտարարությունների միջեւ կապ չկա։

 Այն, որ կապ չկա, պարզ է ինքնին, սակայն դա պայմանավորված է ոչ թե այն իրողությամբ, որ պաշտոնական Երեւանը կարողացավ շատ արագ ու օպերատիվ հարթել հնարավոր սկանդալը Հայաստանի եւ հարեւան Իրանի միջեւ, այլ այն հիմքով, որ Հայկ Կոնջորյանն այն տրամաչափի գործիչ չէ, որ Իրանի նման երկիրն արձագանքի։

Առավելագույնը, որ Կոնջորյանի համար Թեհրանը կարող էր անել, դա Իրանում գտնվող ՀՀ դեսպանին ԱԳՆ-ն նախազգուշացում կփոխանցեր, որ նրա հայտարարությունը, օրինակ, հակասում է հայ-իրանական հարաբերությունների բնույթին։ Բացի այդ, եթե Իրանը մեկ դեպքի պատճառով նման կոշտ հայտարարություն հնչեցնող լիներ, ապա 1994-ին Մոսկվայում ծառայություն իրականացնող իրանցի դիվանագետների ընտանիքներին Նովրուզի առիթով Մոսկվայից Թեհրան տեղափոխող ինքնաթիռի հայկական ուժերի կողմից ԼՂ օդային տարածքում սխալմամբ խոցելու դրվագից հետո շատ կոշտ կարձագանքեր եւ չէր շարունակի պահել բարիդրացիական հարաբերությունները։

 Հետեւաբար, կարելի է ասել, որ գեներալ Բաղերիի հայտարարությունը լրիվ այլ պատճառ ունի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելիս, երբ այցելել էր Սյունիք՝ նոր մարզպետին ներկայացնելու, հայտարարել էր, որ «Սյունիքով անցնում է Հայաստանն Իրանին կապող միակ ավտոճանապարհը… եւ Սյունիքում շատ հաճախ արձանագրվում է թմրամիջոցների խոշոր խմբաքանակների ներհոսք դեպի Հայաստանի Հանրապետություն, եւ դրանց մի մասը դուրս է գալիս Հայաստանով»։

Սա իրապես վիրավորական հայտարարություն է՝ ուղղված Իրանին, այն էլ՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ կովկասյան տուրնեի շրջանակում Երեւան այցի նախօրեին։ Այդ օրերին էր, որ Փաշինյանը բավականին թափանցիկ խոսեց հայ-իրանական սահմանի հնարավոր փակման մասին։ Ըստ ամենայնի, սա առավել կարեւոր հանգամանք է, որ Թեհրանը վերանայի վերաբերմունքը Երեւանի հանդեպ։ Եթե ժամանակագրորեն մի փոքր ավելի հետ գնանք, ապա անցյալ տարվա հոկտեմբերի վերջին՝ Իրան-Թուրքիա-Ադրբեջան ԱԳ նախարարների մակարդակով ստամբուլյան 6-րդ գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ արդեն իսկ կային որոշակի ազդակներ, քանի որ ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված՝ շեշտվել էին ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականության ու միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության իրավունքները՝ ստորադասելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։

Այն ժամանակ իրանագետները մամուլում հայտարարեցին, որ այս մասով անհանգստանալու կարիք չկա, քանի որ մինչ այդ էլ համանման հայտարարություններ եղել են։ Սակայն այժմ, երբ այս հայտարարությունն ենք բերում ասպարեզ, արդեն պարզ է դառնում, որ դեռ անցյալ հոկտեմբերի վերջից Թեհրանը որոշակի ազդակներ հնարավոր է որ փոխանցել է, իրենց հատուկ ոճով։ 
Հաջորդ պատճառը կարող է կապված լինել ԼՂ հակամարտության կարգավորման հետ։

Հիշեցնենք․ Բաղերին նման հայտարարություն արեց գրեթե այն նույն ժամերին, երբ Փարիզում տեղի էին ունենում Մնացականյան-Մամեդյարով բանակցությունները, որոնք տեւել են 4 ժամ։ Կարելի է ենթադրել, որ ինչ-որ հարցեր քննարկվել են, որոնց մասին իր խողովակներով տեղեկացված Իրանը նման եղանակով որոշակի վերաբերմունք է հայտնում։ Գուցե դա կապված է կարգավորման «ճանապարհային քարտեզի», հնարավոր է՝ խաղաղապահների տեղակայման հետ, հատկապես, որ կանգնելու են անմիջապես Իրանի սահմանին մոտ։ Իհարկե, կարող են լինել նաեւ այլ պատճառներ, սակայն պարզ է մի բան, որ Թեհրանը որոշակի ուղերձներ է փոխանցում Երեւանին, հատկապես որ ամերիկյան սանկցիաներն արդեն հասել են Երեւանում գործող իրանական բանկերին, եւ այսպես ասենք՝ «արտարժութային սիրույն համար» Թեհրանն այլեւս պատճառ չունի Երեւանի «բզիկների» վրա աչք փակելու։