18 տարի պահել եմ, որ իմ տղայի տաք մարմինը սառը հանձնեն ի՞նձ․ ինքնասպան եղած զինվորի մայրը համոզված է՝ որդուն սպանել են

18 տարի պահել եմ, որ իմ տղայի տաք մարմինը սառը հանձնեն ի՞նձ․ ինքնասպան եղած  զինվորի մայրը համոզված է՝ որդուն սպանել են

2016 թվականի մարտի 14-ին մարտական դիրքում, կզակի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով, մահացած պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Կամո Մարտիրոսյանի մայրը՝ Լալա Ղազարյանը, համոզված է՝ որդուն ոչ թե հասցրել են ինքնասպանության, ինչի հիման վրա քրեական գործ է հարուցվել, այլ սպանել են։ 
Մայրը լուսանկարել է որդու դին, որտեղ մարմնական վնասվածքի հետքեր կան, մասնավորապես՝ դեմքին, ձեռքերին․ «Իմ տղան մահաcել է ավտոմատ սիստեմ դրած զենքով ու ավոտմատ սիստեմ դրված վիճակից արձակվել է մեկ գնդակ՝ կզակից։ Բայց իմ տղայի նկարներում էն չի ցույց տալիս, ինչը որ իրենք են ներկայացնում, իմ տղայի դեմքի վրա կան նշաններ, որոնք ցույց են տալիս, որ եղել ա բռնություն, նախ ձեռքի  մատը տեղից դուրս եկած է, ձեռքի միջի կապտուկները, մեզ ասում են՝ չգիտեմ ինչ ենք քսել, մատնահետքեր ենք վերցրել, բայց դրանից բացի ամբողջը կապտուկներ ա։ Կամոն պրոբլեմատիկ էրեխա չէր, ոչ մի տեղ պրոբլեմ չի ունեցել, ո՛չ զորամասում, ո՛չ ընկերների մեջ, ո՛չ հրամանատարների մոտ, ընդհանրապես ինքը կյանքում էլ պրոբլեմ չի ունեցել։ Միակ պրոբլեմն եղել ա էն, որ մենք էն բարձունքները չենք ունեցել, ինչ-որ ունեցել են մեր կաշառակերները։ Չեն ասում՝ ի՞նչն էր պրոբլեմը, որ իմ էրեխի հետ էդ դեպքը կատարվեց»։ 

Նրա խոսքով՝ քրեական գործում 5 մեղադրյալ կա, որոնցից եւ ոչ մեկը կալանավորված չէ․ «Նրանցից որ մեկը չնստեց, պատճառ բռնեցին, որ Ապրիլյան պատերազմն է։ Բայց դեպքը կատարվել է մարտին, պատերազմը սկսվել է ապրիլի 1-ի գիշերը, իրենք տեղեկացվա՞ծ էին, որ պատերազմ պիտի լիներ։ Ո՞նց կարա մարդասպանը, էն մարդը, որը իր ընկերոջ կյանքն ա խլում, կարա՞ դիրք պահի ու նրան ազատ արձակեն, գնա հայրենիք պաշտպանի՞։ 100 տոկոս սպանություն ա եղել։ Որովհետեւ եղել ա վիճաբանություն, մարտի 12-ից սկսվել ա ամեն ինչը, պատճառ են բռնում, որ իմ տղան պոստում քնել ա, չկա տենց բան, 1,5 տարի իմ էրեխեն չքնեց, էդքան դժվարությունների միջով անցավ, որ պոստում քնի՞։ Առաջին պոստը բարձրանալուց տղայիս ձեռքին այրվածք տեսա նկարի մեջ, հարցրի՝ ի՞նչ ա եղել, ծիծաղեց, ասեց՝ մամ, ձեռքս վառել եմ, որ պոստում չքնեմ։ Ըստ Ձեզ՝ այդ ուշիմ զինվորը ո՞նց կարար, մահից հետո ամեն ինչ կարելի ա բարդել, որ ինքը պոստում քնել ա։ Ամենավերջին ձեւով իմ էրեխին վիրավորել են, բայց ես գիտեմ, որ ցանկացած դեպքում իմ էրեխեն երբեք հունից դուրս չէր գալիս»։

Տիկին Լալան այժմ պահանջում է՝ պատասխան տան բոլորը, որոնք սպանել են որդուն․ «Վաղեմության ժամկետի տակ մեղադրյալներից երկուսին նույնիսկ ուզում են ազատ արձակել։  Հենց առաջին օրվանից ոչ մեկ չի նստել՝ դիրքի ավագը, դիրքի ավագի օգնականը եւ 3 զինվոր։ Երբ որ խոսում էի, ասում էր՝ մամ ջան, կարաս հանգիստ քնես, քո պոստ պահողը քո տղան ա, իմ քունը խաթարեցին, իմ բալին ձեռիցս խլեցին, ո՞ւր տարան իմ անմեղին, ես կորցրել եմ մեծատառով տղա։ Դեկտեմբերին նույնիսկ «Զինուժով» ցույց տվեցին իմ տղային որպես լավագույն, կարգապահ զինվոր, ո՞նց կարար այդ զինվորը որոշել դառնալ անկարգ։  Ես շատ բան չեմ ուզւոմ էս մեր  երկրից, մեր կառավարությունից, եղել ա փոփոխություն։ Եթե արդարությունը  արդեն սկսել ա, ես արդարություն եմ ուզում, ես ուզում եմ իմ անմեղ էրեխի արյան համար բոլորը պատասխան տան, չզգան նրանց ծնողներն էն ցավը, ինչը, որ ես եմ զգում, բայց թող հատիկ-հատիկ իմ էրեխի արյան համար պատասխան տան։ Ես խնդրում եմ մեր կառավարությանը թող իմ էրեխի պատասխանը տան։ 18 տարի պահել եմ, փայփայել եմ, մեծացրել եմ, դաստիարակել եմ, որ տանեն իմ տղայի տաք մարմինը մեջքի վրա սառը բերեն, հանձնեն ինձ»։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Հայրապետյանի խոսքով՝ մեղադրյալներից 2-ի՝ Նասլեդ Բաագրատունու ու Հայկ Ղարիբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Սույն քրեական գործով բոլոր 5 մեղադրյալները կարող էին գործողություններ կատարեին, որպեսզի ապացույցները կեղծվեին, վկաների վրա ճնշում գործադրվեր եւ նախաքննությունն ընթանար ոչ օբյեկտիվ, բազամկողմանի։ Ես կասկածներ ունեմ, որ եղել է եւ բացառված չէ, որ հիմա էլ առկա է կոռուպցիա։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»։
Ներկայացուցիչը նշեց՝ ամբաստանյալները իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։