Սեպտեմբերի 27 և նոյեմբերի 9․Դավիթը ծնվել է պատերազմի առաջին օրը, զոհվել՝ վերջին օրը

Սեպտեմբերի 27 և նոյեմբերի 9․Դավիթը ծնվել է պատերազմի առաջին օրը, զոհվել՝ վերջին օրը

Այսօր Արարատի մարզի Հովտաշատ գյուղում 2001 թվականի սեպտեմբերի 27-ին ծնված Դավիթ Դանիելյանը կդառնար 20 տարեկան։

Երեկ նրա հարազատները, ընկերները, ուսուցիչները ծաղիկներ տեղադրեցին Հովտաշատի մշակույթի տան մոտ 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Դանիելյանի հիշատակին տեղադրված խաչքարի մոտ։ Այսօր Դավիթը կդառնար 20 տարեկան։ Ինչ-որ միստիկ բան կա նրա ծննդյան ու մահվան տարեթվերում․ ծնվել է սեպտեմբերի 27-ին և զոհվել պատերազմի վերջին օրը՝ Մարտունիում։

Վերջին անգամ ընտանիքի հետ խոսել է նոյեմբերի 7-ին։ Զոհվելուց առաջ, հարազատների ու ընկերների պատմելով՝ մարտի դաշտից դուրս էր բերել զոհված կամ վիրավոր ընկերների մարմինները։ 

Նույնիսն պատերազմի ամենաթեժ օրերին Դավիթը գտել էր մայրիկին ծննդյան առիթով ուրախացնելու միջոց․ տուն տորթ էր ուղարկել։ Ընտանիքից թաքցրած է եղել վիրավորված լինելու փաստը։ Միայն մի անգամ զանգել է ու ուրախ-ուրախ ասել՝«մամ,պապ, ձեր որդին քաջարի մարտիկ մեդալ ա ստացել»։

Վերջին անգամ ընտանիքի հետ խոսել է նոյեմբերի 7-ին։ Իսկ 2 օր անց՝ նոյեմբերի 9-ին զոհվեց։ Նա մինչև վերջ պայքարել է ընկերների հետ, դուրս բերել մարտի դաշտից նրանց անշարժացած կամ վիրավոր մարմինները։ 

Հետաքրքրված էր սպորտով, զբաղվում էր ֆուտբոլով և բոքսով, սիրում էր նկարել։ Հարազատները նրան բնութագրում են նաև որպես զուսպ, խելացի, անչափ ընկերասեր և հայրենասեր տղա։ Սովորում էր Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 4-րդ կուրսում։ Եվ թեև ուներ ծառայությունը հետաձգելու հնարավորություն, ուսումը կիսատ թողնելով, 2019 թ. դեկտեմբերի 24-ին զորակոչվեց բանակ՝ Արմավիրի մարզ, որտեղ ծառայում էր որպես տանկի նշանառու, ապա՝ Մատաղիս, Թալիշ։

Պատերազմից առաջ տուն զանգելով՝ հպարտանում էր իր տանկով՝ «էնքան սիրուն էր կրակում»։