Օսիպյանն անգամ հանցագործների ոստիկանն է, բայց Ամուլսարի ու ՎԵՏՕ-ի ոստիկանը չէ

Օսիպյանն անգամ հանցագործների ոստիկանն է, բայց Ամուլսարի ու ՎԵՏՕ-ի ոստիկանը չէ

Հայկական ոստիկանությունը նոր կարգ է հաստատում համաշխարհային իրավապահ մարմինների գործելաոճում։ Այսօր ասուլիսի ընթացքում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանելով Ամուլսարի շրջափակման վերաբերյալ հարցին, բավական տարօրինակ պատասխան տվեց: Գոյություն ունի դատական որոշում, որը պարտավորեցնում է ոստկանությանը բացել Ամուլսարի ճանապարհները, և ահա թե ինչպես է արդարացնում իրենց անգործությունը կամ դատարանի որոշումն արհամարհելը ոստիկանապետը։ Պարզվում է, դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումն ի կատար չի ածվել, որովհետև «Կա քրեական գործ հարուցված, նախաքննություն է իրականացվում, կար դատարանի վճիռ` ներխուժումը դադարեցնելու մասին, մենք ապահովել ենք դատարանի վճիռը, սպասում ենք փորձագետների եզրակացությանը և եզրակացությունը հայտնելու պարագայում՝ մենք որոշում կկայացնենք»։

Այսինքն ոստիկանությունը դեռ պետք է որոշում կայացնի.․․ Փաստորեն, կա դատարանից ավելի բարձր ատյան և դա ոստիկանությունն է, որը ոչ թե ի կատար է ածում դատարանի որոշումները, այլ կայացնում է իր սեփական որոշումը՝ հենվելով իր հետ որևէ առնչություն չունեցող փորձաքննության վրա։ Սա իրոք նոր որակի ոստիկանություն է, որն ուղիղ ճանապարհ է դեպի անարխիա։ 

Ի՞նչ կապ ունի ոստիկանությունը Բնապահպանության նախարարության դեմ հարուցված քրեական գործի և այդ քրեական գործի շրջանակներում ընթացող փորձաքննության հետ: Լիդիանի ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ ասել է՝ փորձաքննությունը որեւէ կերպ չի կարող արդարացնել այն հանգամանքը, որ ընկերության մուտքը սեփական տարածք արդեն մեկ տարի խափանված է: Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ Լիդիանը հայտարարել է հնարավոր արբիտրաժի մասին, չի բացառվում, որ հենց սա է լինելու Լիդիանի փաստարկը՝ ճանապարհներն արդեն մեկ տարի ապօրինի փակ են, իսկ իշխանությունը հայտարարում է, թե ապրօինությունը կշարունակվի, քանի դեռ չի ավարտվել փորձաքննությունը: Հիմա էլ ոստիկանապետը փաստորեն ասում է, թե իրենց գործառույթները կիրականացնեն միայն փորձաքննության ավարտից հետո: Եվ սա այն դեպքում, երբ կա դատարանի որոշում՝ Լիդիանի անխափան աշխատնքի հնարավորությունն ապահովելու մասին: Հասկանո՞ւմ է արդյոք ոստիկանապետը, որ սրանով լուրջ հարված է հասցնում Հայաստանի դիրքերին միջազգային դատարանում՝ անկախ փորձաքննության արդյունքներից: Քանի որ ոչ մի փորձաքննություն չի կարող առիթ տալ որևէ երկրի ոստիկանապետին ասելու, թե ինքը դատարանի որոշմամբ իր գործառույթները կիրականացնի միայն Փորձաքննությունից հետո, որն, ի դեպ իր գործառույթներին որևէ կերպ չի առնչվում: 

Եվ ի դեպ, ոստիկանությունը մեկ շաբաթ առաջ ցուցադրեց, որ անկարող է ապահովել նույնիսկ փորձաքննության ընթացքը: Չէ՞ որ Ամուլսարի ճանապարհները փակած ակտիվիստները օրեր առաջ փակեցին ՀՔԾ քննիչների մուտքը Ամուլսար, քննիչներին, փորձագետներն ու ոստիկաններին ու քննիչներին ներս չթողեցին: Ոստիկանությունը ոչ մի իրավական գնահատական չտվեց, սուս ու փուս թողեց հեռացավ տարածքից: Իսկ եթե այդ օրը սպանություն լիներ այդ տարածքում,  ոստիկանությունը օրինականություն հաստատելու հարցում էլ է՞ր սպասելու բնապահպանական փորձաքննության արդյունքներին: 

«Մենք բոլորի ոստիկանն ենք, ես բոլորի ոստիկանապետն եմ, անգամ հանցագործի ոստիկանն ենք, անկախ նրանից՝ ով ուզում է լինի, մենք պարտավոր ենք արձագանքել ցանկացած ահազանգի», այսօրվա ասուլիսին ասել է Վալերի Օսիպյանը: Հարկ է նշել, որ այնքան էլ այպես չէ՝ պարոն Օսիպյանը, օրինակ, Բաց հասարակությունների (Սորոսի) հիմնադրամի ոստիկանապետն է, բայց Լիդիանի աշխատակիցների ոստիկանապետը չէ: Ամուլսարի ճանապարհները փակող ակտիվիստների ոստիկանապետն է, բայց Սորոսի գրասենյակի ճանապարհները փակող Վետօ- ի անդամների ոստիկանապետը չէ: Որովհետև երբ փակվում էին Սորոսի գրասենյակը, ոստիկանապետն անձամբ գալիս էր ակցիան կանխելու՝ թերևս արդարացիորեն ասելով, որ «Յուրաքանչյուր գրասենյակ և աշխատասենյակ ունի մուտք և ելք եւ որևէ մեկը իրավունք չունի օրենքից դուրս սահմանափակի ցանկացած քաղաքացու տեղաշարժը»: Այսօր, սակայն, Օսիպյանը հաստատեց, որ Ամուլսարի դեպքում նման իրավունքներով օժտվածներ կան, ու քանի դեռ ՀՀ ոստիկանապետը եզրակացություններ չի արել բնապահպանական փորձաքննության հետ կապված, իր գործառույթները չի իրականացնելու: 

Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Կառավարության անդամները միտումնավոր են անում այնպիսի հայտարարություններ, որ հետո Լիդիանի իրավաբաններին հեշտ լինի ապացուցել, թե՛ խտրական վերաբերմունքը, թե՛ ապօրինությունը: