Բոլոր խնդիրները պետք է միջգերատեսչական մակարդակով լուծվեն․ Նիկոլ Փաշինյան

Բոլոր խնդիրները պետք է միջգերատեսչական մակարդակով լուծվեն․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական շրջանի նախապատրաստական աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր․ «Տարվա կանխատեսվող բոլոր խնդիրները պետք է համակարգված միջգերատեսչական մակարդակով լուծվեն՝ սկսած ոռոգումից, հակակարկտային իրավիճակից, վերջացրած ապահովագրությամբ, մթերումների հնարավոր ծավալներից, որպեսզի կանխատեսելի դաշտով գնանք առաջ»։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա կազմված աշխատանքային խմբի գործունեության արդյունքում 2018 թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում ՋՕԸ-երի հետ գյուղացիական տնտեսությունների պայմանագրերի թիվը միայն Արարատյան դաշտում ավելացել է 4500-ով, ևս 600-ով՝ հանրապետության այլ հատվածներում: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ իրականացվելու են կոնկրետ գործողություններ, որպեսզի ընթացիկ տարում ջրի օգտագործման վերահսկողությունը լինի առավել արդյունավետ, ստվերում գտնվող գյուղացիական տնտեսությունները պայմանագրեր ստորագրեն ՋՕԸ-երի հետ և գան օրինական դաշտ:

Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է իրականացնել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ոռոգման սեզոնին լավագույնս պատրաստ լինելու և ջրամատակարարումը կանոնավոր կազմակերպելու նպատակով: Վարչապետը կարևորել է նաև գյուղացիական տնտեսությունների համար իրազեկման միջոցառումների կազմակերպումը՝ հնարավոր խնդիրների և դրանց լուծման, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ: