ՀՀ կառավարման բանաձեւ

ՀՀ կառավարման բանաձեւ

Նախկինները բանի պետք չէին. դա որպես նախկինների դեմ շուրջ երկու տասնամյակ փողոցում թե՛ ընտրական տեղամասերում կռիվ տվող անձ եմ ասում: 2018 թվականի գարնանը մեր կողմից բերված նորերն ավելի բեթար են, և ինչ էլ ասվի դրանց առումով՝ կլինի արդար ու ճշմարիտ: Չնայած, ինչպես ասվում է, ի սկզբանե բանն էր, սակայն խոսքը դեռևս գործ չի դառնում: Իսկ զուտ խոսքով հարց չի լուծվում. ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձը շարունակում է խաղաղության օրակարգի առաջմղման անվան ներքո երկիրը տանել կործանման: Ինչը գիտակցվում է ընդամենը հասարակության մի փոքր հատվածի կողմից, իսկ մեծամասնությունը շարունակում է ապրել սովորական առօրյա կյանքով: Մնում է, որ գիտակից ու ակտիվ փոքրամասնությունը նախաձեռնություն ցուցաբերի ու կասեցնի երկրի անդունդ գլորվելը: Թե ինչպես է դա արվում՝ պետք է սովորել պատմությունից: Սեփական՝ եթե կա նման օրինակ, կամ այլ ազգերի՝ որտեղ դրանք բազմաթիվ են: Ընդ որում, այլընտրանքը մեկն է՝ եթե իշխանությունը չի կարողանում կամ չի ցանկանում ապահովել հասարակության անվտանգությունը, դա պետք է արվի ներքևից: Բայց դրա համար անհրաժեշտ են առաջնորդներ, քանի որ մարդիկ սովոր են առաջնորդվել՝ բակի, թաղամասի, բնակավայրի կամ հիմնարկների ու ձեռնարկությունների մակարդակով: Ճիշտ այնպես, ինչպես տեղի ունեցավ Ղարաբաղյան շարժման ընթացքում: Պետք է կազմվեն նաև ինքնապաշտպանության ուժեր, ինչի մասին հայտարարվում էր 2020 թվականի աշնանը Փաշինյանի Նիկոլի կողմից:

Վերը նշվածից բացի առկա է նաև մեկ այլ խնդիր. գիտակից ու ակտիվ փոքրամասնությունը պահանջում է հետնիկոլական կյանքի կազմակերպման ծրագիր կամ գոնե տեսլական: Պատճառը, բնականաբար, ժողովրդավարության նկատմամբ առաջացած անվստահությունն է: Եվ հետնիկոլական Հայաստանում նախկինի կրկնության բացառման անհրաժեշտությունը: Նախկին ասելով նկատի ունեմ թե՛ կառավարման համակարգը և թե՛ մեր դեպքում՝ վայրի կապիտալիզմը: Առաջինի մասին արդեն ասվեց, իսկ երկրորդը հենց այն էր, ինչին հանգեցնելու էր շուկայական «անտեսանելի ձեռքի մոգությանն» ապավինելը: Իսկ մեր անկախ պետականության գոնե սկզբնական շրջանում տիրապետող էր հենց այդ մտայնությունը: Եվ դրա վրա հույս դնելով՝ մենք ստացանք ոչ թե մեր ժամանակներին բնորոշ արևմտյան տիպի կարգավորումներ, այլ ուշմիջնադարյան կամ վաղ կապիտալիստական հարաբերություններին բնորոշ փաստացի պատկեր: Եվ եթե հաշվի առնենք, որ խորհրդային սոցիալիզմը բացառվել էր էն գլխից, ապա գալիս ենք «իզմերի» բացառման նիկոլական գաղափարին: Եվ կրկին կանգնում ենք կոտրած տաշտակի առջև:    
Դրա վերաբերյալ երկար եմ մտածել, փորձել եմ առանձին դրույթներ ներկայացնել ֆեյսբուքյան հարթակում և մեկ-մեկ էլ «Հրապարակի» էջերում: Եվ քանի որ իրական կյանքում որքան էլ խուսափես «իզմերից», միևնույն է, հետևում ես դրանցից մեկին կամ ստացվում է աջափսանդալ: Կարծում եմ, որ ելքը (իրական և ոչ թե նիկոլական) մեր պայմաններին բնորոշ ազգային գաղափարախոսության մշակումն է: Միաժամանակ այդ պայմաններից դուրս գալուն և զարգանալուն միտվածը: Եվ դրա վրա հենված կառավարման համակարգ ու տնտեսակարգ կառուցելը: Տեղյակ եմ նաև մի քանի կազմակերպությունների կամ անհատների մասին, ովքեր մշակում են նման ծրագրեր: Բայց չկա ընդհանուր մի կենտրոն, որ համակարգեր աշխատանքը: Այն, բնականաբար, չէր կարող լինել պետական, քանի որ դա ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձի պլանների մեջ չի մտնում: Վերջինիս կարծիքով իրեն մնում է միայն ստորագրել խաղաղության պայմանագիրն, ու Հայաստանում երկրային դրախտ կստեղծվի: Զարմանալիորեն խնդրի կարևորությունը չի գիտակցվում նաև խորհրդարանական ընդդիմության կողմից: Ու ճանապարհին ընկած քարը մնում է իր տեղում՝ խանգարելով անցուդարձին: 

Այսօր փորձեմ ներկայացնել իմ տեսլականը: Առաջին դրույթը իշխանության կազմակերպման ձևաչափն է կամ կառուցվածքը: Ի դեպ, ցանկանանք թե ոչ, Փաշինյան Նիկոլին հեռացնելուց հետո մենք նախաձեռնելու ենք Չորրորդ հանրապետության ձևավորումը: Այն պետք է ունենա այնպիսի կառուցվածք, որը կբացառի նիկոլանմանների հայտնվելն իշխանության մեջ: Դրա լավագույն տարբերակն զարմանալիորեն առկա է մեր հարևանությամբ: Խոսքն Իրանի Իսլամական Հանրապետության իշխանության կառուցվածքի մասին է: Այն ձևավորված է երկչափ տարբերակով՝ վերին իշխանություն և դրան ստորադաս պետական կառավարում: Առաջինը կրոնական առաջնորդների (այաթոլաների) խորհուրդն իր առաջնորդով: Երկրորդը  նախագահական ու խորհրդարանական ընտրական մեխանիզմով ձևավորվող իշխանությունն է: 

Ընդունելով գաղափարը՝ մեզանում պետք է կատարվեն մի շարք փոփոխություններ: Առաջին, կրոնավորների խորհրդի փոխարեն կստեղծվի գործունեության տարբեր ոլորտներում ականավոր արդյունքների հասած անձանց խորհուրդ: Խորհրդի անդամները կընտրվեն ոլորտային կազմակերպությունների կողմից: Եվ նրանց էլ կներկայացնեն գործունեության տարեկան հաշվետվություններ: Երկրորդ, այդ խորհրդում անդամակցությունը և առաջնորդությունը չեն լինի ցմահ. կլինի տարիքային կամ աշխատանքային (մեկ անգամ վերընտրվելու կամ վերանշանակվելու հնարավորությամբ) սահմանափակում: Երրորդ, գործադիր մարմնի բոլոր անդամներն ու դրա ղեկավարը և խորհրդարանական կառույցի ղեկավարը նշանակվելու են վերը նշված խորհրդի կողմից: Դրա նպատակը կառավարման գործադիր մարմին և խորհրդարանական կառույցի ղեկավարի պաշտոն՝ նիկոլանման պոպուլիստների մուտքն արգելելն է: Իսկ խորհրդարանը կձևավորվի սովորականի նման՝ ընտրությունների միջոցով: Այդպես եմ տեսնում հանրապետության կառավարման բանաձևը: