Քաղաքապետարանի 2 աշխատակից կաշառք է պահանջել․ նրանք կալանավորվել են

Քաղաքապետարանի 2 աշխատակից կաշառք է պահանջել․ նրանք կալանավորվել են

Օրեր առաջ ձերբակալվել էին   Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետը եւ տարածքային երրորդ բաժնի պետը՝ կաշառք պահանջելու համար։

Ի՞նչ է տեղի ունեցել․ ըստ ոստիկանության՝ Երևանի Բաղրամյան պողոտայի 47 շենքի բակում մետաղական կոնստրուկցիաներով ինքնակամ պատրաստված պատշգամբը չապամոնտաժելու, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետումից չազատելու և մինչև երկու միլիոն դրամի չափով վարչական տույժ չկիրառելու ակնհայտ ապօրինի գործողությունների համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետը, տարածքային երրորդ բաժնի պետի հետ նախնական համաձայնությամբ, այս տարվա ապրիլի սկզբներին բնակչից որպես կաշառք պահանջել են 300 հազար դրամ: Պայմանավորված օրը՝ ապրիլի 24-ին, ինչ-ինչ պատճառներով գործարքը չի կայացել, սակայն ձեռք է բերվել նոր պայմանավորվածություն, և քաղաքացին քաղաքապետարան է հրավիրվել ապրիլի 28-ին։ Այդ օրն էլ քաղաքապետարանի գլխավոր մասնագետը Երևանի Դեմիրճյան փողոցում, «Նիսան» մակնիշի իր ավտոմեքենայում, քաղաքացուց 300 հազար դրամը ստանալուց անմիջապես հետո բերման է ենթարկվել քրեական ոստիկանություն։ Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա գումարը։

«Հրապարակ»-ը նախաքննական մարմնից՝ Հակակոռուպցիոն  կոմիտեից, ճշտեց, որ քրեական գործի շրջանակներում ձերբակալված 2 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ու 3-րդ կետերով (կաշառք ստանալը): Նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։

Երեւանի քաղաքապետարանից էլ հետաքրքրվեցինք, թե արդյոք նրանց փոխարեն նոր նշանակումներ եղե՞լ են, մեզ պատասխանեցին․ «Աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության գործառույթները 2 աշխատակիցների բացակայության պայմաններում շարունակվում են ըստ ներքին կանոնակարգի (այսինքն տվյալ աշխատակիցների պարտականությունները ժամանակավորապես դրվել են վարչության մյուս աշխատակիցների վրա): Քննչական մարմինների գործողություններից հետո , ըստ ստացված պաշտոնական դիրքորոշման, օրենքով սահմանված կարգով հստակ կդառնան հետագա անելիքները»: