Մի օր պիտի վերջ տրվի մամուլի խոսնակների «ռազբիրատչի» բարքերին

Մի օր պիտի վերջ տրվի մամուլի խոսնակների «ռազբիրատչի» բարքերին

Մի օր պիտի վերջ տրվի մամուլի խոսնակների «ռազբիրատչի» բարքերին… մի օր պիտի լրագրողներն ու խոսնակները վերջապես իրենց համար ձևավորեն հստակ աշխատանքային միջավայր՝ ՆԱԽԵՎԱՌԱՋ աշխատանքային, հետո նոր ընկերական, կիսաընկերական, մարդկային, բարեկամական: Չի կարող մամուլի խոսնակն իր օրը վատնել լրագրողներին զանգելու և նրանց հետ «բազառ» անելու վրա, չի կարող խոսնակը զանգել լրագրողին ու պարզաբանումներ պահանջել, թե ինչու նա «մարդկային» մոտեցում չի ցուցաբերել և «ըմբռնումով չի մոտեցել» իրենց լրատվականի թույլ տված կոպիտ սխալներին և, ասենք, չի համարել դրանք ընդամենը թեթև տեխնիկական վրիպակ: Չի կարող մամուլի խոսնակն ամեն օր մի լրագրողի զանգել ու հետը կռիվ անել, թե ինչու է նա գրել իրենց կիքսերի մասին, որոնք լուրջ կիքսեր են, ի դեպ, և չպիտի թույլ տրվեին, հետո հընթացս սպառնալ, թե  «քեզնից չէի սպասում, ափսոսում եմ քո համար, դե որ տենց ա՝ սրանից հետո մենք էլ կիմանանք՝ ոնց հետդ վարվենք» ու էսպես շարունակ: Էլ չեմ ասում՝ որոշ դեպքերում լինում են նաև այնպիսի անդաստիարակ ու լկտի խոսնակներ, որոնք դեռ երեկ չէ առաջին օրը իբր ընդդիմադիր լրագրող էին ու գործընկեր էին համարվում, բայց այսօր արդեն առյուծի կաթ կերած, փորերը տռզած՝ հանդգնում են լրագրողների ու լրատվամիջոցների հասցեին հաթաթաներով, իրենց պես լկտի, փողոցային բառապաշարով խոսել: Թեպետ՝ դրանց նմաններն իմ կողմից գոնե մշտապես քթներին կերել են ու դեռ էլի կուտեն, եթե նորից ինչ-որ բաներ շփոթեն կամ համը հանեն.: Ինչևէ...

Դաշտի գրեթե բոլոր մամուլի խոսնակներին ճանաչում եմ ու հետներն առնչվել եմ, նրանց մի մասի հետ մտերիմ հարաբերություններ ունեմ կամ ընկերներ ենք՝ բառի հենց ընկերական իմաստով: Եվ նրանք, որոնց հետ առավել մոտ եմ կամ ինձ լավ են ճանաչում, գիտեն՝ որտեղ է սկսվում ինձ համար աշխատանքը և որտեղ՝ ընկերությունը, ուստի իրենք իմ գործերին չեն միջամտում, ես՝ իրենց: Իրենք ինձնից չեն պահանջում ավելին, ես՝ իրենցից: Եվ դա է իրական ընկերական և գործընկերային հարգանքը: Ուստի, հարգելի մամուլի խոսնակներ, մենք միշտ կարող ենք մեկս մյուսին օգտակար լինել հարկ եղած դեպքում, դիմել իրար որևէ հարցով՝ լինի դա աշխատանքային, թե անձնական, բայց երբեք մի՛ մոռացեք, որ դուք ՆԱԽԵՎԱՌԱՋ մամուլի խոսնակ եք, մենք՝ լրագրող: Դուք պիտի մեզ բարեխղճորեն տեղեկություն տրամադրեք, պատասխանեք մեր հարցերին, մենք էլ պիտի դրանք մշակենք և դրանից նյութ սարքենք: Նախ դա ապահովեք, հետո անցեք մարդկային ու ընկերական զեղումներին: