ԱԺ փոխնախագահի ընտրությունը կլինի Նիկոլ Փաշինյանի թիմի առաջին ստուգարքը

ԱԺ փոխնախագահի ընտրությունը կլինի Նիկոլ Փաշինյանի թիմի առաջին ստուգարքը

Էդմոն Մարուքյանի եւ Գագիկ Ծառուկյանի թիմերի միջեւ հակամարտությունը շուտով նոր թափ կհավաքի, զինադադարը խախտելու առաջին քայլն արդեն արված է, նախօրեի երեկոյան ԼՀԿ-ն հայտարարեց, որ ԱԺ փոխնախագահի երրորդ պաշտոնի համար կառաջադրի նախկին սոցապնախարար Մանե Թանդիլյանին։ Գործող Սահմանադրության համաձայն, խորհրդարանը պետք է 3 փոխնախագահ ունենա: «Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը եւ նրա տեղակալներն ընտրվում եւ հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»,- նախատեսում է մայր օրենքը։

Ընդ որում՝ հստակ չի նշվում, որ «ընդդիմադիր» տեղակալը պետք է անպայման լինի խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ներկայացուցիչը։ Հիշեցնենք, որ ապագա խորհրդարանում ԲՀԿ-ն է երկրորդ ուժը՝ 26 պատգամավորով, իսկ Մարուքյանի կուսակցությունը ներկայացված կլինի 18 պատգամավորով։ 

ԱԺ առաջին նիստում թեկնածու կներկայացնի նաեւ ԲՀԿ-ն։ «Կուսակցությունն այս պահին քննարկում է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուի հարցը»,- երեկ մեզ տեղեկացրեց  «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ շեշտելով, որ իրենք անդրանիկ նիստին կհայտնեն, թե ով է իրենց թեկնածուն։ Մամուլում, սակայն, այս ընթացքում մի քանի անուն է շրջանառվել՝ Նաիրա Զոհրաբյան, Վահե Էնֆիաջյան, նախկին սոցապնախարար Արթուր Գրիգորյան, Միքայել Մելքումյան, ով նաեւ վեցերորդ գումարման ԱԺ խոսնակի տեղակալներից էր։

Ի դեպ, այս պաշտոնում այն ժամանակ ընդդիմությունից միայն Մելքումյանի թեկնածությունն էր ներկայացված, «Ելք»-ը հրաժարվել էր թեկնածու ներկայացնել։ ԲՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ, Ծառուկյանը թիմի հետ դեռ չի քննարկել այս հարցը, ըստ ամենայնի՝ նախ պետք է համաձայնեցվի իշխանության հետ։ 

Եվ քանի որ քվեարկությունն էլ փակ է լինելու, սա նշանակում է, որ երկու կողմերը չեն խնայելու իրար, որպեսզի հենց իրենց թեկնածուն հավաքի ամենաշատ ձայնը եւ տիրանա  այս պաշտոնին։ 

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասում է՝ կապ չունի, որ իրենք խորհրդարանի ամենափոքր խմբակցությունն են․ «Մենք  ընդդիմադիր ուժ ենք, եւ ես կարծում եմ, որ հենց պետք է Մանե Թանդիլյանը ղեկավարի այս պաշտոնը, քանի որ նա լավ փոխնախագահ կլինի»։ Նա համաձայն չէ, որ այս քայլն ավելի կսրի երկու ընդդիմադիր խմբակցությունների միջեւ լարվածությունը։ «Ես որեւէ տեղ չեմ տեսել, որ իրենք հավակնում են այդ պաշտոնին»,- ասաց Մարուքյանը։ Նա չի կարող ասել՝ իրենց թեկնածուն կստանա՞ արդյոք իշխող ուժի աջակցությունը, թե՞ ոչ․ «Քվեարկությունը գաղտնի է, բայց կերեւա՝ կաջակցե՞ն, թե՞ ոչ»։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքի ԱԺ փոխնախագահների թեկնածուները Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն են, ԱԺ խոսնակի համար իշխող ուժն առաջադրել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի թեկնածությունը։ Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի թիմի համար ընդդիմության ներկայացուցիչ փոխնախագահի ընտրությունը դառնալու է լուրջ փորձություն, որը ցույց կտա, թե ում կողմն է «Իմ քայլի» համակրանքը՝ ԲՀԿ-ի՞, թե՞ ԼՀԿ-ի։ 

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչ Հակոբյանը մեր զրույցում ասաց, որ դեռեւս ֆրակցիայում թեմայի վերաբերյալ քննարկում չի եղել։ «Հետեւաբար, դժվարանում եմ պատասխանել, թե որ ուժի թեկնածուի օգտին կքվեարկենք»,- ասաց Հակոբյանը՝ կարծիք հայտնելով նաեւ․ «Միգուցե թողնենք անհատների հայեցողությանը»։

Ի՞նչ չափորոշիչներով կկատարեն իշխանականներն իրենց ընտրությունը՝ ըստ թեկնածուի նկատմամբ համակրանքի՞, թե՞ այն սկզբունքով՝ ում են տեսնում որպես իրական ընդդիմություն։ «Չեմ կարող ասել։ Նոր խորհրդարան է, նոր ուժեր են, եթե նախկինում ԲՀԿ-ն գործում էր ՀՀԿ-ի հետ, հիմա ունենք նոր իրավիճակ»,- ասաց Հակոբյանը։ Անձամբ ինքը կառաջնորդվի այն հանգամանքով, թե ովքեր ներկայացված կլինեն այդ պաշտոնի համար։ Ի պատասխան մեր հարցին, Հակոբյանն ասաց, որ իրենց ուժի ընտրության ժամանակ կարող է դեր խաղալ թե՛ Մարուքյանի հետ ունեցած նախկին, թե՛ Ծառուկյանի հետ վերջին յոթ ամիսների համագործակցության փաստը․ «Այսինքն՝ կարող է դեր խաղալ եւ Մարուքյանի հետ նույն դաշինքում 1.5 տարվա համագործակցությունը, նույնպես էլ Ծառուկյանի հետ վերջին 7 ամսվա համագործակցությունը»։