Գիրքը մշակու՞յթ, թե՞ աղբ

Գիրքը մշակու՞յթ, թե՞ աղբ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին 
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին
Հուսով եմ՝ զարմանալու եք. «Ի՞նչ հարց է, իհարկե՝ մշակույթ»։ Բայց ի՞նչ իմանաս… գուցե արդեն ո՞չ. 2019 թվականի մարտի 12-ին ՀՀ ՇՄ Գյումրի համայնքի ավագանին 24 կողմ ձայնով կայացրեց թիվ 45Ա դարակազմիկ որոշումը։ 

Ո Ր Ո Շ ՈԻ Մ

2 մարտի 2019 թվական, N 45-Ա

Հայաստանի Hանրապետության համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու եւ հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Գյումրի քաղաքի պատմության թանգարանի, կենտրոնական գրադարանի եւ պատկերասրահի նոր տարածքի վերանորոգում» սուբվենցիայի հայտին համաձայնություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի պատմության թանգարանին, կենտրոնական գրադարանին եւ պատկերասրահին աշխատանքային անհրաժեշտ պայմաններով ապահովելու նպատակով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ եւ 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթներով՝ Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Գյումրի քաղաքի պատմության թանգարանի,  կենտրոնական գրադարանի եւ պատկերասրահի նոր տարածքի վերանորոգում» (այսուհետ՝ ծրագիր) սուբվենցիայի հայտին՝ համաձայն հավելվածի:

Սահմանել, որ՝

ծրագրի արժեքը կազմում է 100.000.000 (մեկ հարյուր միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 60.000.000 (վաթսուն միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը՝ Գյումրի համայնքի 2019 թվականի բյուջեի 1/1/1 գործառական դասակարգման (5113) «Շենքերի եւ շինությունների կապիտալ վերանորոգում» տնտեսագիտական դասակարգման հոդվածից, ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Գյումրի համայնքի ղեկավարը:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու անդամներ
Կողմ (24) 
Դեմ (0)                                       
Ձեռնպահ (0)
Պատկերացնո՞ւմ եք որն է «Աշխատանքային անհրաժեշտ պայմաններ ապահովելու նոր տարածքը». Գյումրի համայնքի քաղաքապետարանի ՆԿՈՒՂԸ, որը որեւէ չափորոշիչով չի համապատասխանում ո՛չ պատկերասրահի, ո՛չ գրադարանի ամենաչնչին պահանջներին, այն դեպքում, երբ Ռիժկովի ճեմափողոցում գտնվող պատկերասրահի շենքն օտարվեց անհատի (գործում է որպես կանացի ներքնաշորերի սրահ), իսկ գրադարանի  զբաղեցրած շենքը, որը կառուցվել է Ձիթողցյանների կողմից եւ շատ չնչին ներդրումների դեպքում կդառնա քաղաքային գրադարանին վայել տարածք, հափշտապ դատարկվում է, թերեւս, օտարելու նպատակով:
Եվ այսպես, ըստ Գյումրու ավագանու, գիրքը՝ որպես մշակույթ,  արժանացավ նկուղ նետվելու:

ՄԵԾԱՐԳՈ ՆԱԽԱԳԱՀ

Ինձ իրավունք եմ վերապահում վերոնշյալ խնդրով հղում անել Ձեզ, քանի որ Ձեր հատուկ վերաբերմունքը Գյումրիին եւ նրա բնիկ ժողովրդին ի տես է բոլորիս… տեղական ինքնակառավարման մարմնին եւս, ով օգտագործելով պատեհ պահը, դիմում է Ձեր օգնությանը՝  Կումայրի արգելոց-թանգարանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեք ճանաչելու խնդրով՝ այն դեպքում, երբ ամեն օր նույն համայնքի թողտվության հետեւանքով քանդվում է Գյումրու միջուկը։

Հասմիկ ՄԵԼՔՈՆՅԱՆ 
Գյումրի