«Հետաքրքիր մուտիլովկա»․ «7»-ի միավորման մասին

«Հետաքրքիր մուտիլովկա»․ «7»-ի միավորման մասին

Ուժերից 2-ը, որոնք ըստ կայքերից մեկի՝ պատրաստվում են Նիկոլ Փաշինյանի հրահանգով միավորվել 7 քաղաքական ուժերով, կտրականապես հերքում են թե ՛ ֆորմատը, կազմը, թե՛ ձևաչափը։ Ավելին՝ հարցված ուժերից մեկի ներկայացուցիչը մեկնաբանեց՝ «Հետաքրքիր մուտիլովկա» է։ 

Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է նոր քաղաքական ուժ ստեղծել։ Դա, ամենայն հավանականությամբ, կլինի դաշինքի տեսքով և կոչվելու է «Նոր Հայաստան»։ Այս միավորում պետք է ընդգրկվեն ոչ միայն «Քաղպայմանագիրը», «Առաքելությունը», այլեւ «Հանրապետությունը», «Ազատ դեմոկրատները», ՀԱԿ-ը եւ այլն։

Դաշինքում, նախնական տվյալներով, կմիավորվի 7 կուսակցություն։ Ըստ հասած տեղեկությունների՝ խորհուրդը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանինն է։

ՀԱԿ վարչության անդամ Աշոտ Մանուկյանը «Հրապարակին» այս առչնությամբ ասաց․ «Տենց բանից տեղյակ չեմ, նման բան չկա ու նման խնդիր էլ չեմ տեսնում, որ դրա դեմն փորձենք պայքարել՝ միավորվելով»։ ՀԱԿ վարչության այլ անդամներ, առհասարակ հրաժարվեցին այս մասին մեկնաբանություններ տալուց։

«Ազատ դեմոկրատները» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը նույնպես հերքեց՝ ասելով, որ նման բան առաջին անգամ է լսում, հետևաբար կարծում է, որ այլ մեկնաբանության կարիք չկա։

Անժելա Խաչատրյանին հարցրեցինք նաև՝ դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո պատրաստվո՞ւմ են ռեբրենդինգի կամ քաղաքականապես շատ ակտիվ լինել։ «Բնականաբար, ոչ միայն պատրաստվում ենք ակտիվ լինել, այլ հիմա էլ ակտիվ ենք, և «Ազատ դեմոկրատները» երբիցե չի եղել Հայաստանում որևէ քաղաքական պրոցես, որի ակտիվ մասնակիցը չի եղել, չի եղել որևիցե քաղաքական գործընթաց, որտեղ մեր հստակ դիրքորոշումները չեն արտահայտվել։ Մենք միշտ դեմ ենք եղել լղոզված քաղաքականությանը և լղոզելու քաղաքական օրակարգերին, իսկ առաջիկայում պատրաստվում ենք համագումարի, այժմ աշխատանքներ են գնում տարածքային կառույցների և ակտիվի հետ, և համագումարում հանդես կգանք քաղաքական բանաձևով։ Եվ բոլոր հարցերի հետ կապված մեր դիրքորոշումը հստակ կարտահայտենք»։

Սակայն Անժելա Խաչատրյանը չհերքեց իրենց՝ առաջիկայում քաղաքականապես էլ ավելի ակտիվ լինելն՝ ասելով, որ դա պայմանավորված է քաղաքական իրավիճակով։ «Մենք գտնում ենք, որ ՀՀ-ն այնպիսի ժամանակաշրջան է ապրում և այնպիսի մարտահրավերներ կան հիմա, սպասելու ժամանակ չկա»,- մեկնաբանեց Անժելա Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է ռեբրենդինգի մասին հարցին, ապա ԱԴ փոխնախագահը հայտարարեց, որ չի համարում, թե ԱԴ-ն ռեբրենդինգի կարիք ունի 2017-ի ու 2018-ի ընտրություններից հետո, քանի որ այն քաղաքական օրակարգը, որ իրենք են բերում, չի բերում ոչ մի այլ քաղաքական ուժ։ «Գտնում ենք, որ Ազատ դեմոկրատների համար անցած ընտրություններն ընդամենը մի քաղաքական հանգրվան էր, ոչ ավել, ոչ պակաս, հաշվի առնելով նաև քաղաքական իրավիճակն ու մթնոլորտը, որ կար ընտրությունների ժամանակ։ Բնականաբար, մենք մշտապես եղել ենք փոփոխությունների կողմնակիցը ու դրա համար պայքարողներից մեկը՝ թե՛ կոռուպցիայի հետ կապված, թե՛ առհասարակ Հայաստանի շահերի նկատմամբ այլ գործընկեր կազմակերպությունների հետ կապված։ Եվ չկա որևէ ոլորտ, սկսած Արցախյան հիմնախնդրից, որտեղ մեր հստակ դիրքորոշումը չենք հայտնել»։ «Ազատ դեմոկրատներիը» համագումարը կանցկացվի մինչև մարտի սկիզբը։