«Աստղային պատերազմներ»․ Արարատի մարզպետը ընդդեմ Ավշարի Արայիկի

«Աստղային պատերազմներ»․ Արարատի մարզպետը ընդդեմ Ավշարի Արայիկի

Արարատի մարզպետարանը մարտի 15-ին հայտարարություն էր հրապարակել, որում նշել էր, թե Ավշար համայնքում համայնքապետի մասնակցությամբ չարաշահումներ է հայտնաբերել։ Արարատի մարզպետարանը, հղում անելով իրենց «հավաստի աղբյուրներին», մասնավորապես գրել էր, որ Ավշարի ներկայիս համայնքապետ Սուրիկ Գրիգորյանը, որն ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանի՝ Ավշարի Արայիկի եղբայրն է, չարաշահումներ է թույլ տվել եւ պետության սեփականություն հանդիսացող «հին դպրոցի շենքը» վաճառել է իր դստերը՝ Հասմիկ Սուրիկի Գրիգորյանին, նա էլ իր հերթին ամսական 120 հազար դրամով վարձակալության է հանձնել Ավշար համայնքի «Մշակութային եւ ընդհանուր սպասարկման բյուջետային հիմնարկ» ՀՈԱԿ-ին․ «Արարատի մարզի Ավշար գյուղում Արարատի մարզպետարանը ենթադրյալ խախտումներ է արձանագրել։ Բանն այն է, որ ողջամիտ կասկածներ կան, որ պետական սեփականություն հանդիսացող դպրոցի շենքն Ավշար համայնքի ղեկավար Ս. Գրիգորյանի կողմից վերածվել է համայնքային սեփականության, որից հետո այն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, վաճառվել է Ավշար համայնքի գյուղապետ Ս. Գրիգորյանի աղջկան, ով այդ նույն շենքը հանձնել է վարձակալության նույն համայնքին»,- ասված է մարզպետարանի հայտարարության մեջ։
Հայտարարության վերջում նաեւ նշված է, որ հավաքված տեղեկատվությունն ուղարկվել է Գլխավոր դատախազություն, ուստի դատախազությանը հարցում արեցինք, թե ինչ ճակատագրի է արժանացել մարզպետ Գարիկ Սարգսյանի գրությունը։ Տեղեկացանք, որ Արարատի մարզի դատախազությունից այն ուղարկվելու է ՀՀ ոստիկանության բաժին՝ ստուգողական գործողություններ կատարելու համար։

Մենք կապվեցինք նաեւ Արարատի մազպետարան՝ հասկանալու, թե ով է հետաքննության հեղինակը, եւ որքանով են այնտեղ հրապարակված տեղեկությունները համապատասխանում իրականությանը։ Մեզ հետ զրուցեց մարզպետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Քրիստինա Պողոսյանը․ «Ընդհանուր հետաքննությունը մարզպետարանի կողմից է կատարվել, մեր իրավաբանական բաժնի կողմից, այնտեղ ամեն ինչ կա, մանրամասն ներկայացված է, դրանից ավելի մանրամասն բան ես Ձեզ հիմա դժվար թե կարողանամ ասել, արդեն գրել ենք, դատախազություն է ուղարկվել, սպասում ենք համապատասխան պատասխանի, տեսնենք, թե ինչ ընթացք կստանա գործը։ Դա մենք որպես փաստ չենք ներկայացրել, մեր ունեցած տեղեկատվությունը հայտնել ենք, մնացած բացահայտման գործը դատախազությանն է ու մյուս քննչական մարմիններինը։ Այն ինֆորմացիան, որ մենք ունենք, հրապարակել ենք, մնացածն արդեն իրավապահների աշխատանքն է»։

Հարցրինք, թե ինչու են ԶԼՄ-ներին ուղարկել այդ տեղեկությունները եւ մարզպետարանի կայքում տեղադրել, եթե դա փաստ չէ, եւ ողջ հայտարարության մեջ հղում է արվում «իրենց տեղեկություններին ու աղբյուրներին», ինչը հատուկ է ԶԼՄ-ներին։ Լրատվության բաժնի աշխատակիցը պարզաբանեց, որ մարզպետարանի եւ ԶԼՄ-ի միջեւ տարբերությունը զուտ այն է, որ մարզպետարանն իր էջում դնում է միայն իրենց մարզին վերաբերող նյութեր, այլ մարզերին կամ ընդհանուր Հայաստանի Հանրապետությանը վերաբերող նյութեր չի տեղադրում․

«Մարզպետարանը զանգվածային լրատվության միջոց չէ, բայց մեր գործողությունը, որը մենք կատարել ենք, որը որ մենք մեր միջոցներով բացահայտել ենք, մենք հրապարակել ենք։ Դա մեր մարզին վերաբերող նյութ է, ինֆորմացիա է, մենք հրապարակել ենք։ Այսքանով ԶԼՄ լինել-չլինելու խնդիր այդտեղ չկա։ Այո, դա պաշտոնական հայտարարություն է գնացել, բայց դա վերաբերում է մեր մարզին, այդքանով մենք չենք դիտվում որպես ԶԼՄ, քանի որ մենք ուրիշ մարզին կամ ընդհանուր Հայաստանի Հանրապետությանը վերաբերող ինֆորմացիա չենք զետեղել մեր պաշտոնական կայքէջում»։

Հարցրինք նաեւ, թե որքանով են իրենց վկայակոչած աղբյուրները հավաստի։ «Բնականաբար, եթե ոչ հավաստի լինեին, մենք չէինք գրի, այն, ինչը մեր տեղեկություններով է, այսինքն՝ ոչ լրիվ ճշմարտություն, որն իրավապահների բացահայտման հավելյալ կարիք ունի, մենք նշել ենք՝ «մեր տեղեկություններով»»,- մեզ հետ զրույցում ասաց Քրիստինա Պողոսյանը։ 

Բացի այդ, արդեն մոտ մեկ շաբաթ է՝ Ավշարի դպրոցում դասադուլեր ու գործադուլեր են ընթանում, ուսուցչական անձնակազմը, աշակերտների ծնողները չեն ցանկանում աշխատել նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հետ, որը, ուսուցիչների պնդմամբ, նշանակվել է մարզպետ Գարիկ Սարգսյանի միջնորդությամբ։ Ըստ որոշ տեղեկությունների, տնօրենի հրաժարականը պահանջող ուսուցիչների ետեւում կանգնած են Ավշարի սեփականատերերը՝ Գրիգորյանները, իսկ նրանց մի եղբայրը Ավշարի գյուղապետն է, եւ մարզպետարանի հայտարարությունը հենց այս կոնտեքստում է պետք դիտարկել՝ մարզպետ Գարիկ Սարգսյանը որոշել է քրեականով լուծել Ավշարի սեփականատերերի հետ կոնֆլիկտը։

Ի դեպ, կարելի է ասել, որ Սարգսյանի եւ Գրիգորյանների միջեւ հակասությունները հին պատմություն ունեն․ դեռեւս ապրիլ-մայիս ամիսներին Գարիկ Սարգսյանը, երբ դեռ Նոր կյանք համայնքի համայնքապետն էր, հեղափոխության հարթակից նշում էր, որ Արայիկ Գրիգորյանը կին է ծեծել։ «Այդ կինը տղամարդ կին է, նա նախաձեռնում է ճանապարհ փակել հենց իր խանութի դիմաց, եւ ռեյտինգային համակարգով ընտրված Արայիկ Գրիգորյանը, ով շատ հայտնի է որպես Ավշարի Արայիկ, իր հաստավզերի հետ գալիս է ճանապարհը բացելու, այդ կինը չի զիջում, եւ հարվածում են այդ կնոջը»,- ասել էր Գարիկ Սարգսյանը։  
Թեմայի առնչությամբ փորձեցինք զրուցել համայնքապետ Սուրիկ Գրիգորյանի հետ, սակայն համայնքապետարանի աշխատակիցն անընդհատ նշում էր, որ Գրիգորյանը զբաղված է, տարածքով է շրջում, հետո կզանգի, ապա սկսեցին չպատասխանել մեր հեռախոսազանգերին։