Ո՞նց հասկանանք այս երկակի խախտումները, որոնք ներկայում կիրառվում են Ռոբերտ Քոչարյանի հանդեպ. պաշտպան

Ո՞նց հասկանանք այս երկակի խախտումները, որոնք ներկայում կիրառվում են Ռոբերտ Քոչարյանի հանդեպ. պաշտպան

Մարտի մեկի քրեական գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց՝ ԱԱԾ եւ ՔՀԾ պետերը Ռոբերտ Քոչարյանի առնչությամբ պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով, որոնց նպատակն իրականում հանրության շրջանում հուզական տրամադրություններ ստեղծելն է: 

Ալումյանը նաեւ նշեց, որ առաջիկայում այդ պաշտոնյաների համար ճշմարտությունը թաքցնելը դժվար է լինելու, ապա մեկ փաստարկ հրապարակեց: Քոչարյանը, ինչպես հայտնի է, մեղադրվում է 300.1 հոդվածով(ՀՀ սահմանադրական կարգը տապալել), որը 2008թ.-ին գոյություն չուներ: «Որպեսզի Քոչարյանի դեմ ներկայում կարողանան կիրառել 300.1 հոդվածը(որը Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ եղել է 300 հոդվածը), այն չպետք է վատթարացնի մեղադրյալի վիճակը: Մենք ասում ենք, որ վատթարացնում է, իսկ մեղադրող կողմն այդպես չի կարծում: Որպես հակափաստարկ ասեմ, որ Մարտի մեկի դեպքերով նախորդ սահմանադրության 300 հոդվածով մեղադրանք է առաջադրված եղել, օրինակ, Ալեքսանդր Արզումանյանին: Հետո, երբ այդ հոդվածը տրոհվեց, Արզումանյանի մեղադրանքը չվերաորակվեց 300.1-ի, որովհետեւ դատախազը համարեց, որ այդ հոդվածները վատթարացնում են մեղադրյալի վիճակը: Այդ պատճառով մեղադրողներն Արզումանյանի մեղադրանքից հրաժարվեցին, քանի որ նախորդ հոդվածի համեմատ՝ այդ հոդվածը վատթարացնում էր նրա կարգավիճակը: Իսկ Քոչարյանի դեպքում պարզվում է, որ չի վատթարացնում»։

 Նա հրապարակեց Արզումանյանի մեղադրանքից հրաժարված դատախազների անունները՝ Կորյուն Փիլոյան, Հ. Սարգսյան, Լ. Թադեւոսյան. «Վերջինս ներկայում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագան է: Ո՞նց հասկանանք այս երկակի չափանիշներն ու խախտումները, որոնք ներկայում կիրառվում են Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Մի մարդու նկատմամբ օրենքը կիրառվում է մեկ, իսկ մյուսի դեմ՝ այլ կերպ, ուրեմն՝ հաշվեհարդարի խնդիր կա: Այս ընթացքում երբեւէ նման արտահայտություն չեմ արել, բայց հիմա ասում եմ՝ սա քաղաքական հետապնդում է, երբ անձի հետ քրեաիրավական դաշտում վարվում են այլ կերպ, քան վարվել են մեկ այլ անձի հետ՝ նախկինում»։