Արժեզրկում

Արժեզրկում

Նախորդ ռեժիմների (1990-ականներից սկսված) արժեզրկման գործընթացը, որ վերաբերում է բոլոր ոլորտներին՝ ֆինանսական, տնտեսական, գաղափարական, մշակութային, կրթական, ազգաբանական և այլն, բուռն թափով շարունակվեց նաև նոր իշխանությունների օրոք, որ «նոր» են ընդամենը ժամանակագրության մեջ, սակայն ամենևին ոչ` կառավարման արվեստում, դրա բովանդակության ու ձևի մեջ: 
Արժեզրկումը շարունակվում է: 

«Նորերի» օրոք աննախադեպ չափերի հասավ պետական կառավարման համակարգի արժեզրկումը, մասնավորապես  արժեզրկման հորձանուտում հայտնվեցին պետական պաշտոնները՝ ընդհուպ բարձրագույն: Ինչո՞վ արժեզուրկ չէ, ահավասիկ, հանրապետության նախագահի պաշտոնը կամ այդ ինստիտուտն ամբողջությամբ, որը բյուջեի վրա հակված «ավելորդ բերանի» տպավորություն է թողնում նույնիսկ իշխանության շրջանակներում: Արդյո՞ք արժեզուրկ չէ երկրի վարչապետի պաշտոնը, որի մասին համենայն դեպս հանրային պատկերացումներն այնպիսին չեն եղել, ինչպիսին հիմա են: Արժեզրկման հախուռն ջրերը արդյո՞ք չեն սրբել-տարել երկրի խորհրդարանի դեմքի լուրջն ու անլուրջը, եթե նա այսօր իր իշխանական (ոչ միայն) հատվածով  ընդամենը կամակատարի դերում է հայտնվել: Արժեզրկման ալիքի մեջ չե՞ն հայտնվել, դիցուք, ԿԳՄՍ, արդարադատության նախարարությունները, ազգային անվտանգության ծառայությունը, գլխավոր դատախազությունը, սահմանադրական դատարանը, ևն, ևն:
Բայց արժեզրկման անհագ երախը նորանոր ոլորտներ ու հնարավորություններ է փնտրում՝ իր հախուռն ընթացը այլուր ևս շարունակելու:

Եվ հիմա հասել է մի բնագավառի, որին, թվում էր, արժեզրկման չարիքը շրջանցելու է, քանի որ այդ բնագավառը պահպանվում է հնօրյա ամրակուռությամբ, ներքին ցանկացած (այդ թվում՝ քաղաքական) փոփոխությունների հանդեպ ինքնապաշտպանիչ անհաղորդությամբ, սահմանադրական մեկուսացվածությամբ, վերջապես՝ չգրված օրենքներով ու ավանդույթներով. բանակը:

Օրերս հրապարակվել է 2020 թվականի հուլիսյան սահմանային բախումների ընթացքում իրենց լավագույնս դրսևորած և ըստ այդմ պետական բարձր պարգևների արժանացած զինծառայողների վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրի մասին տեղեկատվությունը: 71 զինծառայող պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին (16) և երկրորդ աստիճանի (55) շքանշաններով: Այս մեծ թիվն արդեն տարակուսանքի առիթ է տվել հանրային հարթակներում և լրատվամիջոցներում, ավելին՝ այդ թվից կեղտոտ քաղաքականության ու նույնիսկ անձնական «մրցակցության» վատ հոտ առնողներն են ստվարացել, հատկապես այն իրողության ֆոնին, որ նշված շքանշանների հիմնումից ի վեր առայսօր դրանցով  պարգևատրվել են շատ ավելի պակաս թվով զինծառայողներ, քան այսօր՝ միանգամից:

Վտանգավոր, չափազանց վտանգավոր համեմատություն է հանրության շրջանում ձևավորվում, և այդ համեմատության «կողմերը» 2020 թվականի հուլիսյան՝ Տավուշյան կոչված մարտերն են և 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմը: Համեմատությունն  ինքնին անբարո է, իսկ այդ համեմատության մեջ «առավելության» ձգտելը՝ անբարոյականություն: 
Ի դեպ, 71 հոգուն պարգևատրելու վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն ընդհանուր առմամբ կա, սակայն այդ շքանշանների բարձր հարգը ենթադրում է, որ պարգևատրվածները ոչ թե ցուցակային 71 թվով պետք է հրապարակ գան, այլ առանձին-առանձին հրամանագրերով:
Սակայն այդ հրամանագրերը չկան:

Գուցե այն պատճառով, որ չարժեզրկվեն նաև հրամանագրերն իրենք: