Նիկոլ Փաշինյանի թիմում էլ են շվարած՝ ինչո՞ւ պայմանագիրը չի բերվել խորհրդարան

Նիկոլ Փաշինյանի թիմում էլ են շվարած՝ ինչո՞ւ պայմանագիրը չի բերվել խորհրդարան
Արտակ Դավթյան

Երեկ հայտնի դարձավ, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար առաքելությունը՝ ականազերծողներից, բժիշկներից եւ այլ հայ մասնագետներից բաղկացած (ընդհանուր՝ 83 անձ), ժամանել է Սիրիա՝ Հալեպ։ Խումբն արդեն Հալեպում է, սակայն  հասկանալի չէ հայկական առաքելության կարգավիճակը, չկան իրավապայմանագրային հիմքերը, առհասարակ՝ կառավարությունն իրավունք ունե՞ր նման առաքելություն ուղարկելու՝ առանց խորհրդարանի համաձայնության։

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը փորձել է ներկայացնել հիմքերը․ «Որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում եւ հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաեւ Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը»։ Սակայն չկա պաշտոնական որեւէ փաստաթուղթ, որը լույս կսփռի, թե ինչպես եւ ինչ իրավական հիմքով է կայացվել նման որոշում։


 Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ  Արտակ Դավթյանը հիշեցնում է, որ Հայաստանի՝ որեւէ պետությունում խաղաղարար առաքելությունն իրականացվում է ՀՀ օրենսդրության համաձայն։ Աֆղանստանում, Կոսովոյում նման առաքելությունն էլ համաձայնագրերի եւ միջազգային պայմանագրերի տեսքով նախ վավերացրել է խորհրդարանը։ Մինչդեռ Սիրիայի դեպքում չկա պաշտոնական որեւէ փաստաթուղթ։ «Մարդասիրական, հումանիտար եւ ընդհանրապես՝ ինչ օգնություն էլ լինի, անհրաժեշտ է համաձայնագիր կամ միջազգային պայմանագիր, որը մենք չենք տեսել։ Չգիտենք՝ հրավիրող կողմն ով է՝ Սիրիայի իշխանություննե՞րը, թե՞… Հետեւապես, գաղտնի է պահվում համաձայնագրի երկրորդ կողմը, ու դրանից կարող ես բազում ենթադրություններ անել, թե ով է երկրորդ կողմը՝ արդյոք Ռուսաստա՞նը, ԱՄՆ-ի կողմից, 70 երկրների կողմից կազմված կոալիցիան, Թուրքիան, Իսլամական պետությո՞ւնը, թե՞ ինչ-որ խմբավորումներ։

Մինչեւ չունենաք այս հարցի պատասխանը, չենք կարող եզրակացություններ անել»։ Նախկին փոխնախարարը հետաքրքրված է՝ ինչպե՞ս են երաշխավորված մեր զինվորականների իրավունքները Սիրիայում։ «Եթե մասնագետներին, Աստված մի արասցե, բան պատահի, ո՞վ է պատասխան տալու»,- հռետորական հարցադրում է անում նա ու պատասխանում․ «Օրվա իշխանություններն ունակ չեն որեւէ բանի պատասխան տալ, ես արդեն համոզվել եմ, բայց սա մի կողմն է, իսկ ո՞րն է երկրորդ կողմը»։

Թե ինչու են իշխանությունները գաղտնի պահում, թե ինչ ֆորմատով են մասնակցում այդ հումանիտար օգնությանը, նախկին պաշտոնյան միայն ենթադրում է․ «Վախենում են հասարակական կարծիքից»։

Հիշեցնենք, որ դեռեւս ամիսներ առաջ, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի նոր իշխանությունները չեն մերժել ռուս գործընկերներին ու պատրաստ են Ռուսաստանի կազմում զորամիավորում ուղարկել Սիրիա, տեղեկությունը բուռն քննարկումների առիթ դարձավ, փորձագետները հորդորեցին իշխանություններին հետ կանգնել այդ մտադրությունից, քանի որ  Ռուսաստանի կազմում մասնակցությունը, թեկուզ հումանիտար օժանդակության տեսքով, կարող է թանկ նստել Հայաստանի վրա, խնդիրներ առաջացնել Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի  հետ, անգամ մեր երկրի նկատմամբ սանկցիաների առիթ հանդիսանալ։ Ու չնայած Փաշինյանն անցած տարվա օգոստոսի 17-ի հանրահավաքում հայտարարեց, որ «սա հայ-ռուսական աննախադեպ հումանիտար ծրագիր է», սակայն այսօր պարզ է դառնում, որ դա իշխանությունը չի ցանկանում հանրայնացնել։
ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ անակնկալի եկավ՝ մեզնից լսելով, որ խումբն արդեն Սիրիայում է։ Երբ հետաքրքրվեցինք, թե ինչու խորհրդարանում չքննարկվեց այդ մասին համաձայնագիրը կամ պայմանագիրը, պատասխանեց․ «Սիրիա նախկին ուղարկված խմբի մասի՞ն է… արդեն գնացե՞լ է… Հա, ուրեմն ես տեղյակ չեմ, պետք է նայեմ, նոր պատասխանեմ, ես գիտեի, որ պետք է ուղարկեն, բայց այս պահին… սպասեք հասկանամ՝ կպատասխանեմ»։

Նկատեցինք՝ բայց չէ՞ որ նախ պիտի որեւէ փաստաթուղթ բերեին ԱԺ, այն հաստատեիք, նոր ուղարկեին խումբը։ «Անպայման։ Կբերենք, կնայենք»։ Մեկ ժամից ավելի սպասեցինք պարոն Քոչարյանի աշխատասենյակի առջեւ, որ նա ծանոթանա եւ կարծիք հայտնի, սակայն մեզ հայտնեցին, որ խորհրդակցության է եւ չի կարող պատասխանել մեր հարցերին։ 

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Իգիթյանն էլ ներողություն խնդրեց՝ ասելով, որ այս պահին չի կարող այդ հարցի մասին խոսել։ Նույն հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը միանգամից բացեց խաղաքարտերը․ «Խումբը մեկնել է հայ-ռուսական բարձր մակարդակի շրջանակներում»։ Պատգամավորի վստահեցմամբ՝ եթե որեւէ պայմանագրի ստորագրման անհրաժեշտություն լինի, այն անպայման կդրվի ԱԺ-ի քննարկմանը։ Ի դեպ, Թորոսյանը վստահ է, որ կառավարությունը չի անի այնպիսի քայլեր, որոնք կհարվածեն մեր միջազգային վարկին։

Տեղեկացանք, որ ԱԺ պաշտպանության  հանձնաժողովի ընդդիմադիր ներկայացուցիչ, ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հարցում է ուղարկել կառավարությանը, թե ինչ հիմքով եւ ինչ կազմով են խումբ ուղարկել Սիրիա։ «Դա միջպետական որեւէ պայմանագրով պետք է կարգավորվի, որը պետք է հաստատի ԱԺ-ն, իսկ նման բան չի եղել։ Առայժմ պատասխան չկա»։

Գորգիսյանի գնահատմամբ՝ այս մասնակցությունը հղի է վտանգներով․ «Մեր Արեւմուտքի գործընկերների կողմից դեռ չգիտեմ, թե սա ինչպես կգնահատվի, ռիսկերը պետք էր գնահատել, ԱԺ-ում պետք էր քննարկել, գոնե պաշտպանության հանձնաժողովում փակ քննարկում լիներ։ Ենթադրում եմ, որ աղմուկից խուսափելու համար չեն բերել քննարկման»։