Ռուս-ուկրաինական պատերազմի ելքից է կախված մեր պետության ճակատագիրը

Ռուս-ուկրաինական պատերազմի ելքից է կախված մեր պետության ճակատագիրը

2014 թվականին շատ քիչ եմ հետաքրքրվել Դոնբասում տեղի ունեցող ռուս-ուկրաինական հակամարտությամբ: Միաժամանակ կողմ եմ եղել Ռուսաստանին Ղրիմի թերակղզու միացման հարցով հանրաքվեի անցկացմանը: Որովհետև 1954 թվականին ՌԽՍՀ-ից այդ թերակղզու անջատումն ու միացումն Ուկրաինային եղել է նույնքան «օրինական»՝ չնայած ձևականորեն պահպանվել է ընթացակարգը, որքան բոլշևիկյան Կավբյուրոյի որոշմամբ Լեռնային ու Դաշտային Արցախն Ադրբեջանի կազմում ներառելը: Եթե Արցախը պատմականորեն (երկահազարամյա կտրվածքով) հայկական տարածք էր (և կմնա այդպիսին), ապա Ղրիմը ռուսները գրավել են Օսմանյան կայսրությունից ավելի քան երկու դար առաջ: Եվ ինչպես Արցախում ադրբեջանցի չի եղել նախկինում, այնպես էլ Ղրիմում՝ ուկրաինացի: Եվ եթե այդ հարցին մոտենում ենք պատմական արդարության տեսակետից, ապա դրանց միջև առկա չէ որևէ սկզբունքային տարբերություն: Որքան Արցախի կամ գոնե Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն իրենց տարածքով ՀՀ-ին միանալու իրավունք, այնքան էլ Ղրիմի ռուսներն ունեն ՌԴ-ին միանալու իրավունք: Իսկ ռուսական հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) արդյունքում՝ նաև Դոնբասի և մերձազովյան և մերձսևծովյան տարածքների ռուս բնակչությունը:

Հիմա անցնենք 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված ռուսական ՀՌԳ-ին: Դա նախաձեռնվեց ի պատասխան Արևմուտքի՝ Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինքում ներառելու ծրագրի: Մինչ այդ ՌԴ նախագահ Վլ. Պուտինը երկու անգամ փորձել է դրա դեմ առնել՝ բացատրելով, որ դրանով սպառնալիքներ են ստեղծվում իր երկրի համար: Դա բանի տեղ չի դրվել, և Ռուսաստանն էլ որոշել է ընտրել նախահարձակ լինելու մարտավարությունը: Այդպես ծագեց այդ պատերազմը, որ շարունակվում է մեկ տարուց ավելի: Եվ դեռևս կշարունակվի անորոշ երկար ժամանակ: Չնայած դոնբասյան ճակատում և հատկապես Բախմուտ քաղաքի համար մղվող մարտերում ուկրաինացիրներն անընդհատ անհաջողություններ են կրում: Համենայն դեպս, վերջին օրերի մարտերի արդյունքում ուկրաինացիրների ձեռքում է մնացել քաղաքի միայն արևմտյան մասը՝ տարածքի ընդամենը 15 տոկոսը: Իսկ այդ քաղաքի համար մարտերում ուկրաինացիները կորցրին հակահարձակման համար նախապատրաստած զինվորականների մի մասին:

Ես այսօր հետաքրքրված եմ այդ պատերազմի ելքի առումով, քանի որ, ի տարբերություն 2014 թվականի, հենց այդ պատերազմից է, դժբախտաբար, այսօր կախված մեր պետության ճակատագիրը: Եթե այդ պատերազմում հաղթի Ռուսաստանը, ինչում ես չեմ կասկածում, ապա մենք խնդիրներ չենք ունենա: Եվ ոչ միայն չենք ունենա, այլ արևելյան հարևանի առումով մեր ունեցած խնդիրները կլուծվեն հիմնականում հօգուտ մեզ: Որովհետև այդ երկրի ղեկավարը, օգտվելով այդ պատերազմում ռուսական ժամանակավոր անհաջողություններից, լկտիացել է՝ հատելով բոլոր կարմիր գծերը: Չնայած ռուսական ՀՌԳ-ի նախորդ օրը հինգժամյա բանակցությունից հետո գործընկերության պայմանագիր էր կնքվել ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև: Որի նպատակներից մեկը Հարավային Կովկասում ադրբեջանական սադրանքների կանխումն ապահովելու մտադրությունն էր: Բայց հենց ռուսական կողմի համար խնդիրներ ստեղծվեցին ռազմաճակատում՝ Ադրբեջանի նախագահն օգտվեց դրանից: Ասեմ, որ ես ուրիշ բան չէի էլ սպասում. որպես թուրք նա չէր կարող չօգտվել բարենպաստ իրադրությունից: Են նա անընդհատ գնաց այդ քայլին:

Եվ եթե հրաշք պատահի (բացասական առումով) և այս պատերազմում պարտվող կողմը լինի Ռուսաստանը, ապա դրանից անմիջապես և այն էլ մեծ չափով կօգտվի Ադրբեջանը: Եվ քանի դեռ Հայաստանի ղեկավարը էսկալացիայից խուսափելու տրամադրվածություն ունեցող Փաշինյան Նիկոլն է, ապա մենք կկորցնենք ոչ միայն Արցախը, այլև Սյունիքը: Եվ այդ դեպքում ոչինչ անել չի կարողանալու Իրանը, որը բազմիցս հայտարարել է իր հյուսիսային սահմանների փոփոխության՝ իր համար ոչ ընդունելի հանգամանքի մասին: Չնայած մեր երկրում կան մարդիկ, որոնք իրենց համարում են ազգային-ժողովրդավարական ուժ և երազում են, որպեսզի  այդ պատերազմում պարտություն կրի հենց Ռուսաստանը: Ինչի արդյունքում, նրանց կարծիքով, Հայաստանը հնարավորություն կստանա ազատվել ռուսական կախվածությունից և ինտեգրվել Արևմուտքին: Եթե ես հայ չլինեի, ապա կմաղթեի, որպեսզի իրականանա դրանց երազանքը, և տեսնեինք, թե ինչ ճակատագիր է սպասվում Հայաստանին: Բայց քանի որ ես հայ եմ՝ ես պարզ պատկերացնում եմ մեր վիճակը թուրք-ադրբեջանական ճանկերում և ոչ թե Արևմուտքի գրկում: Եվ չէի ցանկանա, որպեսզի կյանքի կոչվեր պապյանների և նմանների երազանքը: 

Հ. Գ. Պապյանների և նմանների կարծիքով Ուկրաինան ժողովրդավարական երկիր է, որն արժանի է միանալու ժողովրդավարական Արևմուտքին: Հաջորդ հոդվածում ցույց կտամ, թե իրականում ինչ աստիճանի ժողովրդավարական երկիր է Ուկրաինան: