Վստրեչի Ապերի գործը կքննվի դռնփակ

Վստրեչի Ապերի գործը կքննվի դռնփակ

Քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) գործի քննությունը կանցկացվի դռնփակ։ Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ դռնփակ անցկացնելու վերաբերյալ։ Արամ Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը պնդեց դռնփակ անցկացնելու վերաբերյալ նախորդ նիստի իր միջնորդությունը։

Ամբաստանյալները միացան միջնորդությանը, մինչդեռ տուժող կողմը նշեց, որ իրենք առարկում են ընդհանրապես դռնփակ անցկացնել նիստերը, գործի այն նյութերը, որոնք կվերաբերեն կողմերի անձնական կյանքին, դրանք կարող են անցկացվել դռնփակ կարգով։

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում Մամիկոն Բագրատունին հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առևանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծի ենթարկել ու մարմնական վնասվածքներ պատճառել։