Սրանց դեմ պայքարը քաղաքական չէ, այլ ազգային-ազատագրական, պարտիզանական

Սրանց դեմ պայքարը քաղաքական չէ, այլ ազգային-ազատագրական, պարտիզանական

Երբ ռուսները Նապոլեոն Բոնապարտի ժամանակ ֆրանսիացիներին քշում էին, երբ Հիտլերի ժամանակ, որպես խորհրդային զինվոր, մյուս եղբայրական ազգերի զինվորների հետ նույնկերպ քշում էին գերմանացիներին, մտքներով չէր անցնում, որ եթե չպայքարեին, այլ պարտվեին, գուցե ավելի լավ կյանք ունենային։ Հարց է ծագում. այսօր, ահա, հայությունն այս ապազգային, գործակալ, թշնամու շահերը սպասարկող հրեշների տակ, բառիս բուն իմաստով, կործանվում է, վերանում է, բայց ինչո՞ւ չի դիմադրում։ Ինչո՞ւ է իր, զավակների, ընտանիքի կյանքը, ճակատագիրը դրել մի բուռ բախտախնդիրների առաջ ու հանգիստ դիտում, թե ինչպես են իրեն բացահայտ հիմարի, ապուշի տեղ դրած՝ խաբում, ձեռ առնում, թալանում, որպես մարդ՝ ստորացնում, հոշոտում ու նախապատրաստում ավելի դաժան դժոխքի։ Փորձեմ պատասխանել այդ հարցին։

Չի հասկանում, որ դիմացը հայի, այսինքն՝ յուրայինի դիմակի տակ թշնամի մարդակերներ են կանգնած, որոնց համար ազգային պատկանելությունն անգամ հարյուրերորդական նշանակություն չունի։ Չի հասկանում, որ այդ «յուրայինը» թիմավորված է իր յուրայիններով, իր գյուղի ու թաղի, իր բարեկամական, հայրենակցական՝ ավելի անդեմ տականքով։ Չի հասկանում, որ սրանց դեմ պայքարը քաղաքական չէ, այլ ազգային ազատագրական-պարտիզանական պիտի լինի։ Չի հասկանում, որ ամեն ճակատային դիմադրություն վերջանալու է բանտով, անարգմամբ ու կործանման արագացմամբ, որովհետեւ մատնիչը, հոշոտողն իր կողքին է, իր ծանոթն է, իր քավորն ու խնամին է։

Ես չգիտեմ մի այլ երկիր, որտեղ ողջ բնակչությունը, անկախ նրանից՝ 2 միլիոն է, թե 12 միլիոն, բացահայտ հոշոտվի, իր հազարավոր զավակներին սրանց մեղքով զոհաբերի, գերեզման դնի, բայց այդ ամենի գլխավոր մեղավորին վերընտրի, շարունակի նորանոր անդառնալի կորուստներ կրել ու բացարձակապես մատը մատին չխփի՝ սրանցից ազատվելու, իր դժբախտությունների, ողբերգությունների, իր դժոխային կյանքի մեղավորներին պատժելու համար։ Տարիներ շարունակ, ի պատասխան իշխանությունների կատարած անօրինությունների, որպես սրանց կատարած մեծ ու փոքր հանցագործությունների արդարացում, մարդկանց գլուխն արդուկում էին՝ դե, մի ողջ հազարամյակ պետականություն չենք ունեցել, դե՝ նոր-նոր պետություն ենք ուզում դառնալ, դե, ինչպես ասում են՝ Մոսկվան մի օրում չի կառուցվել։
Երեկվա վայրենիները պետություն են կառուցում, անապատի զավակները դուբայներ են ստեղծում, փոքրիկ մի կղզյակ-հողակտորի վրա Սինգապուր են կառուցում, իսկ սրանք թալանում, ավերում են սեփական երկիրը, սեփական ժողովրդին ստրուկ սարքում ու հոշոտում՝ պատճառաբանելով, թե դեռ շատ սովորելիք ունենք, որպեսզի մենք էլ պետություն դառնանք։ Պարզվում է, որ սա դեռ չարյաց փոքրագույնն է՝ ժողովրդի ընտրած իշխանությունը կարող է նաեւ բացահայտ սպասարկել թշնամի երկրի շահերը, առաջնորդվել նրանց հանձնարարություններով ու օրակարգով։ Ավելին՝ Հայաստանը դիտելով որպես իրենց պապական սեփականություն կամ հոր բոստան, հանգիստ տարածքներ նվիրել թշնամուն։ Երկրի զինված ուժերը, բանակը կազմաքանդել, զինվորին նվաստացնել, հույսը դնել թշնամու բարեգթության վրա, սեփական ժողովրդին հորդորել, որ համաձայնեն նորանոր տարածքներ, գյուղեր հանձնելուն, որպեսզի հանկարծ թշնամին չզայրանա եւ չհարձակվի իրենց վրա։

Ու ժողովուրդն այս ամենը հանդուրժում է, հնազանդորեն կատարում իր ընտրած, վերընտրած Նեռի «կամքը» ու չի հասկանում, որ նպատակաուղղված իրեն վերացնում են, թշնամու հետ նախօրոք պայմանավորված ու նրա ծրագրով Հայաստանը ջնջում են աշխարհի քարտեզից։ Թե ինչու է այսպես, ինչու է մի ողջ ժողովուրդ դարձել է բնակչություն, ապա՝ խառնամբոխ, դա բազում պատճառներ ունի։ Իսկ այդ բազում պատճառներից առաջինն արդեն համազգային դարձած տգիտությունն է։ Եվ պատահական չէ, որ Նեռը ողջ թափով գրոհ է ձեռնարկել նաեւ կրթական համակարգի վրա՝ անուսներին, տգետներին շատ հեշտ է ղեկավարելն ու կառավարելը։

Գարեգին Վարդանյան