Կորուստներ, զոհեր, ամեն տեղ միայն ձախողումներ

Կորուստներ, զոհեր, ամեն տեղ միայն ձախողումներ

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

- Տարին ավարտին է մոտենում: Այս մեկ տարվա ընթացքում այնքան իրադարձություններ տեղի ունեցան, որ երբեմն համեմատության մեջ դժվարանում ենք ասել, թե որ իրադարձությունն էր ամենաբեկումնայինը: Ձեր գնահատմամբ` ինչպիսի՞ն էր 2022-ը:

- 2022-ը շատ ծանր ու անհաջող տարի էր մեզ համար: Հայ-ադրբեջանական հարաբերությունները փաստացի չունեցան առաջընթաց, դեռ մի բան էլ մտան փակուղի: Տեղի ունեցավ պատերազմ: Սեպտեմբերի 13-ին արձանագրեցինք, որ հայկական բանակն ունի 300-ից ավելի զոհ: Կորցրինք տարածքներ, այսօր էլ Արցախը լիակատար շրջափակման մեջ է, որի հանգուցալուծման տարբերակները չեն երևում: Հայ-ռուսական հարաբերությունները 2022-ին կտրուկ վատացան, արդեն մտնում են բացահայտ առճակատման փուլ: Ամեն տեղ միայն ձախողումներ: Ներքաղաքական կյանքում դարձյալ ոչ մի դրական տեղաշարժ: Ամենատեսանելին` ընդդիմության ձախողումն էր: Թվում էր, թե խորհրդարանական ընդդիմությունն ուներ բոլոր ռեսուրսներն իշխանափոխության հասնելու համար, սակայն տևական պայքարը ոչ մի դրական արդյունք չտվեց, իսկ ընդդիմության վարկանիշը կտրուկ անկում ապրեց: Հասկանալի չէ, թե այս ընդդիմությունն ինչպես կարող է պայքարի նոր ալիք ստեղծել մեզանում:

- 2022-ի ամենակարևոր իրադարձությունը ո՞րն էր` Ձեր կարծիքով:

- Ամենակարևոր իրադարձությունը սեպտեմբերի 13-ի պատերազմն էր: Մեկ օրվա ընթացքում 200-ից ավելի զոհ: Դա շատ լուրջ և վտանգավոր պատերազմ էր: Տարիներ շարունակ մենք խոսում էինք Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, սակայն այս տարվա պատերազմն ավելի սարսափելի էր: Կորուստներ, զոհեր, ձախողումներ: Թշնամին մի քանի դիրքային առաջխաղացում ունեցավ, որոնք կարևոր ռազմավարական նշանակություն ունեն: Երևանի կապն այսօր հարավային մարզերի հետ վտանգված է: Ծանր, շատ ծանր տարի էր:

- 2020, 2021, թե՞ 2022, ո՞ր տարին էր ավելի անհաջող: Ցավոք, 2018-ի հայտնի դեպքերից հետո լավի մասին խոսելը դժվար է:

- 2020 թվականն ամենածանրն էր, ինչ խոսք: 2021-ին գոնե մի փոքր հույս կար, որ մի բան կարող է փոխվել, որ գուցե իսկապես Հայաստանը կարող է խաղաղության հասնել, սակայն` ոչ: Հատկապես 2022 թվականի երկրորդ կեսին պարզ դարձավ, որ լավին սպասել պետք չէ: Ակնհայտ է, որ նոր պատերազմից խուսափել չի լինելու:

- Այսինքն` 2023-ն ավելի վատը կարող է լինել:

- Այո, վերջին շաբաթների իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանը գնում է դեպի նոր պատերազմ: Արցախը կարող է ապաշրջափակվել միայն ռազմական գործողություններից հետո: