Ի՞նչ է նշանակում՝ արցախցի ու նիկոլական, դա որեւէ լոգիկա չի պարունակում

Ի՞նչ է նշանակում՝ արցախցի ու նիկոլական, դա որեւէ լոգիկա չի պարունակում

«Պետական աջակցությունների ծրագիրն առաջին հերթին ոչ թե արցախցիների կորուստը սփոփելու կամ վերականգնելու խնդիր է լուծում, այլ նպաստում է նրանց արտագաղթին»,- ասում է արցախցի, «Արդարություն եւ վերադարձ» ազգային եւ մշակութային արժեքների պահպանման ՀԿ համահիմնադիր Արմեն Պետրոսյանը։ Արցախցիները Հայաստանում ապագա չտեսնելով, բնական է, որ փորձելու են տեղափոխվել այլ երկրներ։ Եվ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դա ձեռնտու է ՀՀ ներկա իշխանություններին, քանի որ միայն Արցախը հանձնելով՝ արցախցիների հարցը չի փակվել, պետք է, որ նրանք աշխարհով մեկ ցիրուցան լինեն։

«Այժմ Արցախի բնակչության հարցը դարձել է նաեւ արցախյան հարց, եւ Արցախն առանց տարածքի՝ արցախցիների տեսքով, որպես Արցախ, ներկայացված է Հայաստանում։ Եվ այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները որեւէ որոշում ընդունելիս չեն համագործակցում Արցախի պետական ինստիտուտների հետ, այդ պատճառով են առաջանում հիմնական դժգոհությունները, որ առանց քննարկման, առանց մարդկանց կարծիքն իմանալու միակողմանի որոշումներ են ընդունվում, եւ,  բնականաբար, դրանք չեն ողջունվելու ժողովրդի կողմից, որովհետեւ տրվող նպաստներն ու դրամական աջակցությունները տասնյակ անգամ ավելի քիչ են՝ համեմատած այն ամենի հետ, ինչն իրենք թողել են Արցախում»,- ասաց Պետրոսյանը։

Արցախցիները կարծում են, որ սա մտածված քաղաքականություն է, որ իրենք լքեն Հայաստանը: Իսկ դժգոհություն արտահայտելու դեպքում, հետագայում որեւէ ռազմական էսկալացիայի պարագայում, իշխանությունը մեղքը կգցի արցախցիների վրա, թե իբր նրանք են մեղավոր, որ թշնամին հարձակվել է Հայաստանի վրա կամ ճնշումներ է գործադրում։

Արցախցիների բնակարանային աջակցության ծրագրի դրույթների հետ կապված բողոքն այն է, որ դրա տրամադրման դեպքում նպաստները դադարեցնելու են՝ 40+10 նպաստները ստանալու են միայն երեխաները, սակայն կան երկու հոգանոց ընտանիքներ, հատկապես՝ թոշակառուներ․ ինչպե՞ս են նրանք հոգալու իրենց ծախսերը, եթե ո՛չ տան վարձի գումար կարող են վճարել, ո՛չ այլ ծախսեր հոգալ։ Հիշեցնենք, որ թոշակառուները ստանալու են 20+10 հազար դրամի աջակցություն, ինչը նույնիսկ ամենապարզ կարիքները հոգալուն չի բավականացնի։ Խնդրահարույց է նաեւ բնակարան ձեռք բերելու համար տրամադրվող գումարների չափը։

«Եթե իրենք միայն անչափահասներին են տրամադրում անվերադարձ 3 միլիոն դրամ, ենթադրենք` 4 հոգուց բաղկացած ընտանիք է, 12 միլիոն դրամով նույնիսկ գոմ չեն կարող առնել՝ հայաստանյան շուկայի գներով։ Դա պարզապես դիտավորություն է, որ արցախցիները հայտնվեն այդպիսի վիճակի մեջ։ Ցավալի է, որ իրենց դաշտում խաղում են որոշ արցախցիներ, որոնք իրենց ծառայություններն ինչպես մատուցել են Արցախում այս իշխանությանը, այնպես էլ հիմա են մատուցում, որպեսզի ճնշում այս իշխանությունների վրա չլինի»,- ասաց Արմեն Պետրոսյանը։
Նա նշեց, թե նույնիսկ կասկածներ ունի, որ վերջիններս միտումնավոր նպաստել են Արցախի կորստին, եւ հավելեց՝ անհայրենիք արցախցիներ են դրանք։ Դժգոհություններն արտահայտելու համար արցախցիները մտածում են ինչ-որ ակցիաներ անելու ուղղությամբ, սակայն Պետրոսյանը մտավախություն ունի, որ այդ շարժումները ձախողելու նպատակով փորձելու են պառակտում մտցնել, շեղել այլ ուղղությամբ եւ ինչ-որ մարդկանց ներդնելով՝ շեղել իրական նպատակից։

«Բացի դրանից, մտավախություն կա, որ այդպիսի դժգոհության եւ բողոքի ակցիաներ դիտավորությամբ հրահրում է իշխանությունը, որպեսզի հետագայում, ինչպես երկրի ղեկավարն է նշել, ապրիլին սպասվելիք կտրուկ փոփոխությունները, արհավիրքը, սպասվելիք էսկալացիան, վտանգի մեղավորությունը դրվեն հենց այդ բողոքող արցախցիների վրա։ Անկախ ամեն ինչից, քանի որ իշխանությունները որդեգրել են, այսպես կոչված, խաղաղության օրակարգ, որոնք բերել են մեզ 3 պատերազմ, ինչը ենթադրում է նոր զոհաբերություններ: Այն, որ արտաքին քաղաքական վեկտոր է փոխվում, չի լինելու առանց ցնցումների։ Որպեսզի ցնցումներ լինեն, եւ պատասխանատուն չլինի այս իշխանությունը, այդ պատասխանատվությունը, ինչպեսեւ միշտ արել են, դրվելու է տվյալ դեպքում արցախցիների վրա»,- ասաց մեր զրուցակիցը։

Հայաստանը լքած արցախցիների թիվն իրականում շատ ավելին է, քան այդ մասին ասում են՝ կարծում է Պետրոսյանը: Իրենց հասարակական կազմակերպությամբ նրանք ավելի քան 10 մարզում գործունեություն են իրականացնում։ Ցավալին այն է, որ ուսումնական տարվա վերջում ավելի շատ արցախցիներ են լքելու Հայաստանը, սակայն արցախցիների սուբէթնոսը պահպանելու համար պետք է շարունակել մնալ ու ապրել հայրենիքում՝ Հայաստանում։
Անդրադառնալով պայքարին՝ Պետրոսյանը նշում է, որ օրակարգ չունեցող ցույցերն անարդյունք են լինելու։ Իրենք փորձում են միավորել արցախցի երիտասարդներին ու նրանց ներկայացնել ծրագրերը։ «Արցախցիների խնդիրն ինքնամաքրումն է, մինչեւ մենք մեր շարքերը չմաքրենք պառակտիչ նիկոլահպատակ արցախցիներից, լավ օրի չենք հասնի։ Մեր վտանգը նիկոլականությունն է, մենք մեր շարքերը պիտի մաքրենք նիկոլականությունից։ Ի՞նչ է նշանակում՝ արցախցի ու նիկոլական, դա ընդհանրապես որեւէ լոգիկա, տրամաբանություն չունի, որովհետեւ արցախցին անտուն է մնացել Հայաստանի իշխանությունների պատճառով։ ՀՀ իշխանություններն են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, Հայաստանի իշխանություններն են եռակողմ պայմանագրի մի մասը կազմել ու հետո հրաժարվել։ 44-օրյա պատերազմը Հայաստանին ցույց տրված դեղին քարտն է, իսկ կարմիր քարտն Արցախի հայաթափումն էր, որը նույնպես եղել է ՀՀ իշխանությունների մեղքով»։