Ի՞նչ է ակնարկում ՀՅԴ-ն

Ի՞նչ է ակնարկում ՀՅԴ-ն

Փետրվարի 27-ին մեկնարկել է Արցախի ԱԺ գարնանային նստաշրջանը: Խորհրդարանական երեք խմբակցություններ՝ Հայրենիքը, Դաշնակցությունը եւ Ժողովրդավարությունը հանդես են եկել առանձին հայտարարություններով՝ կապված վերջին օրերին մամուլում եւ սոցիալական ցանցերում քննարկվող մի հարցի՝ ՊԲ նախկին հրամանատարի քաղաքացիության եւ նախագահի թեկնածու գրանցվելու հնարավորության հետ: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանի խոսքում, սակայն, մի դիտարկում առավելապես աչքի է զարնում. «Մեր պետականության եւ ազգային ազատագրական պայքարի 30-ամյա պատմությունը լի է հերոսական եւ պատմական արժեք ունեցող դեպքեչով:

Սակայն քիչ չեն նաեւ այն մութ էջերը, որոնց մասին բարձրաձայնելը երբեմն անհրաժեշտություն է դառնում: Այժմ դեռ ժամանակը չէ անդրադառնալու 1991-1999թ.թ. Արցախում տեղի ունեցած հանրությանը հայտնի եւ ոչ հայտնի ներքաղաքական մութ էջերին»:

Պատգամավորը նաեւ ավելացրել է, թե կարծում է՝ բոլորի համար է պարզ, թե խոսքն ում եւ ինչ ժամանակների մասին է: Ակնարկն, ինչպես ասում են, բավական թափանցիկ է: Դաշնակցությունը հիշեցրել է ոչ հեռավոր անցյալի իրավիճակը, երբ «խորտակվում էին մարդկային ճակատագրեր, անձի իշխանությունը գերակայում էր օրենքի նկատմամբ, երկիրը կառավարվում էր քմահաճությամբ, արցախցին այդ օրերին ապրում էր ահուսարսափի մեջ»:

Ի դեպ, մյուս երկու խմբակցությունները նման խիստ անդրադարձ չեն կատարել ՊԲ նախկին հրամանատարի պաշտոնավարման ժամանակաշրջանին: Բայց տվյալ դեպքում առավել հետաքրքրականն այն է, որ ՀՅԴ-ն ակնարկում է, թե կարող է բացահայտել Արցախի ներքաղաքական կյանքի որոշ մութ էջեր, որոնց մի մասին հանրությունը տեղյակ չէ: Ինչի՞ մասին է խոսքը՝ մնում է միայն ենթադրել: Մանավանդ որ Դաշնակցությունը 1991թ. դեկտեմբերի 28-ին հաղթել է Գերագույն խորհրդի ընտրություններում, դարձել իշխող քաղաքական ուժ, բայց կարճ ժամանակ անց զրկվել իշխանությունից: Արդյոք այդ շրջանի մութ էջերի մասին է ակնարկում այսօր ՀՅԴ Արցախի կազմակերպությունը: Ավելորդ չէ նկատել, որ Դաշնակցության իշխանազրկումն սկիզբ է առել Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի առեղծվածային մահով: Այդ մութ էջի մասին ՀՅԴ-ն ասելիք ունի, բայց համարում է, որ դեռ բարձրաձայնելու ժամանա՞կը չէ: