Իսկ եթե վաղը պատերա՞զմ է

Իսկ եթե վաղը պատերա՞զմ է

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական մամուլը, հակառակորդ երկրի նախագահն ստորագրել է կարգադրություն՝ մարտի 11-15-ին լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին: Զորավարժությունները կգլխավորի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Դրանց կմասնակցեն մինչեւ 10 000 զինծառայողներ, գործի կդրվեն 500 տանկ, զրահատեխնիկա, ավտոմեքենա եւ հատուկ տեխնիկա, մինչեւ 300 միավոր հրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ եւ ականանետներ, ինչպես նաեւ ռազմաճակատային ավիացիայի տարբեր նշանակության 20 ինքնաթիռներ:

Ըստ մտահղացման՝ պետք է կատարվեն հարձակողական ռազմագործողության նախապատրաստության խնդիրներ՝ պայմանական հակառակորդին հարվածներ հասցնելու մի քանի ուղղություններով, ճեղքելու նրա պաշտպանությունը եւ ջախջախելու ռազմական խմբավորումները, ինչպես նաեւ հրթիռա-հրետանային հարվածներ հասցնելու հակառակորդի պաշտպանության խորքում տեղակայված ռազմավարական օբյեկտներին:

Հաղորդվում է, որ զորավարժություններին զուգահեռ ուսումնական կենտրոններում եւ զորավարժարաններում կիրականացվեն մարտական հրաձգություններ՝ սպառազինությունների նոր համակարգերի կիրառմամբ, այդ թվում՝ հրթիռների գործնական արձակմամբ: Ադրբեջանը նախորդ լայնածավալ զորավարժություններն անցկացրել է անցյալ ամռանը, երբ Հայաստանում քաղաքական անկայունություն էր: Փորձագետները դրանք գնահատել էին որպես հայկական կողմի նկատմամբ ռազմական ճնշման փորձ: Անցյալ տարվա սեպտեմբերին Դուշանբեւոմ Փաշինյան-Ալիեւի երկխոսությունից եւ այդ ընթացքում ձեռք բերված բանավոր պայմանավորվածություններից ի վեր զորքերի շփման գծում հարաբերական խաղաղությունը պահպանվում է, հրադադարի կոպիտ խախտման եւ սանդրանքների դեպքեր չեն արձանագրվել:

Այդուհանդերձ, ադրբեջանական մամուլը վերջին շրջանում, հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ Մյունխենում անոնսավորված հանդիպման ձախողումից հետո, զանազան ակնարկներ է անում հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորման մասին: Այս առումով առանձնակի ուշադրության է արժանի Հեյդար Ալիեւի օգնական, նրա աշխատակազմի քարտուղարության պետ Էլդար Նամազովի ծավալուն հարցազրույցն ,,Ազարբայջան,, պաշտոնաթերթին, որտեղ վերջինս այն միտքն է զարգացնում, որ բանակցային ճանապարհով հնարավոր չէ հասնել ԼՂ խնդրի՝ Բաքվի համար ցանկալի կարգավորման: Նամազովը խիստ քննադատության է ենթարկում Ադրբեջանի արտգործնախարարությանը, որը, նրա կարծիքով, չի կարողացել ,,կապիտալիզացնել 2016թ. ապրիլյան ռազմագործողությունների հաջողությունները,,:

Նա գտնում է, որ այդ հնարավորությունն Ադրբեջանի համար արդեն կորսված է եւ հայկական կողմի նկատմամբ դիվանագիտական ,,առավելություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է իրականացնել երկրորդ, բայց ավելի լայնածավալ ռազմագործողություն,,: Մեկ այլ քաղաքագետ՝ Մուբարիզ Ահմեդօղլուն էլ այն տեսլականն է առաջ քաշել, որ Ադրբեջանի համար շփման գծում հարձակման անցնելը բավական ռիսկային է եւ խորհուրդ է տվել դրա փոխարեն գործի դնել հեռահար հրթիռային կայանքները՝ ,,ոչնչացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքներն ու բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ էլեկտրահաղորդման գծերն ու գազատարը,,:

Այս քարոզչությունն իրականացվում է Փաշինյան-Ալիեւ արդեն պաշտոնական հանդիպման նախապատրաստման մասին տեղեկատվության ֆոնին, ինչից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը հերթական անգամ գործի է դնում ռազմական շանտաժի խաղաքարտը՝ փորձելով սպասվող բանակցություններում հասնել հայկական կողմից սկզբունքային նշանակության զիջումների: Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ նրանք սխալվում են, եթե կարծում են, որ սպառնալիքների միջոցով կարող են հասնել ինչ-որ բանի: Այս համատեքստում, թերեւս, հարցականի տակ է դրվում Փաշինյան-Ալիեւ հանդիպման հնարավորությունը: Իսկ եթե այն կայանա, ապա որեւէ էական արդյունք հազիվ թե արձանագրելու լինի: Ըստ երեւույթին, մեծանում է նոր լարվածության սպառնալիքը: