Հայոց լեզուն՝ ուղիղ նշանառության տակ

Հայոց լեզուն՝ ուղիղ նշանառության տակ

«Կենտրոնյան» բազմավաստակ լրագրող և ամենօրյա ռեժիմով հայոց լեզվի հերն անիծող Պետրոս Ղազարյանը նշանակվել է Հ1 հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն։ Այսպես, ուրեմն, հայկական հեռուստաընկերությունների (բացառությամբ «Երկիր Մեդիա»-ի և «Շողակաթ»-ի) տասնամյակների համատեղ ջանքը՝ հնարավորինս խեղաթյուրել հայոց լեզուն, դարձնել հնարավորինս գետնաքարշ ու գռեհիկ, աղքատիկ ու ռաբիս, հասել է իր տրամաբանական վախճանին այդ ջանքն արդեն իսկ պետականորեն «ինստիտուցիոնալացվել» է՝ հանձին տխրահռչակ Պետրոսի և նրա նոր պաշտոնակալության։ Այս մարդն այնքան երկար և հետևողականորեն է ուրացել մեր լեզվի «աստծուն»՝ նրա կանոնականությունը, նրա ավանդականությունը, նրա գեղեցկությունն ու մաքրությունը, որ հանրային ու լրագրողական շրջանակներում վաղուց ասոցացվել է գռեհկաբանի և լեզվի համար խիստ վտանգավոր գործչի հետ։ Եվ նա այսօր ղեկավարելու է ոչ թե ինչ-որ մասնավոր, այլ հանրային հեռուստաընկերության խիստ կարևոր մի բաժին, որի նպատակը ոչ միայն օբյեկտիվ ու անաչառ լրատվությունն է, այլ նաև կանոնական հայերենով (այն, ինչ ՀՀ լեզվի մասին օրենքում ամրագրված է իբրև պետական լեզու) ունկնդիր և սերունդ դաստիարակելու առաքելությունը։

Ես՝ իբրև այդ լեզվի կրող և նրա կանոնականության նախանձախնդիր, իբրև քաղաքացի, ում խիստ սուղ ֆինանսական միջոցներից է նաև գոյանալու Պ․ Ղազարյանի «կլորիկ» աշխատավարձը, իբրև մեկը, ով ժամանակին քանիցս անդրադարձել է պետրոսյան ուրացումներին ու լեզվական ապիկարություններին, իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում նշված որոշման առթիվ և հրավիրում եմ միանալու ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեին, նրա ղեկավար Դավիթ Գյուրջինյանին, ԳԱԱ Լեզվի, Գրականության ինստիտուտներին, Հայաստանի գրողների միությանը, բոլոր դպրոցական հանրույթներին՝ դատապարտելու՛, մերժելու՛, բեկանելու՛ այս դավադիր որոշումը, Պետրոսին և նրա նմաններին դնելու իրենց արժանի տեղը, որ ամենևին էլ Հ1-ի լրատվության բաժնի պետի աթոռը չէ։

Հայոց լեզուն մերժու՛մ է ուրացումն իր հանդեպ, մերժու՛մ է ներկա և ապագա բոլոր պետրոսներին։

ՀԳ 1։ Պարո՛ն Գյուրջինյան (Լեզվի տեսչության պետ), ես պահանջում եմ Ձեր և Ձեր ղեկավարած կոմիտեի արձագանքը։


Լևոն Սարգսյան