Չար տնակի հեքիաթը

Չար տնակի հեքիաթը

Երեխաների պաշտպանության օրը իմքայլական պատգամավորները երեխաներին հեքիաթներ էին պատմում։

Ապրիլ-մայիսյան իրադարձություններից առաջ՝ 2018-ի մարտի 7-ին,  Նիկոլ Փաշինյանը գնաց Խնկո Ապոր անվան գրադարան ու մանուկներին պատմեց իր գրած «Չար տնակի» հեքիաթը՝ փոքրիկ ու սիրուն տնակի մասին, որն ապրում էր բլրի գագաթին ու շատ մենակ էր զգում իրեն։ Շատ էր տխրում, բայց մի օր որոշում է ընկերանալ Կուղբի, Նապաստակի, Արագիլի ու Կրիայի հետո, ովքեր ուրախ խաղում էին հարեւան բացատում, ու նրանց իր մոտ է կանչում։ Տնակը հրապուրվում է նրանց խաղով եւ ինքն էլ է դառնում մասնակից։ Մի քիչ վազվզելուց հետո իր մոտ եկած ընկերների հուշերը՝ իրենց համատեղ խաղերի, ընտանիքների մասին, Տնակին այնքան անուշ են թվում, որ նա մի փոքր պատառ էլ իր նոր ընկերների հուշերից է համտես անում։ Հուշերը համով էին, որովհետեւ պատրաստված էին սիրուց եւ հիշողությունից։ 

Նապաստակի եւ Կրիայի ուրախությունը, հիշողությունն ու սերն այնքան համեղ են լինում, որ Տնակը չի հագենում՝ համտեսում ու համտեսում է, իսկ Նապաստակի ու Կրիայի հուշերը պակասում են ու պակասում։  Ի վերջո, ընդհանրապես մոռանում են, թե ովքեր են, որովհետեւ Տնակը դարձել էր անհագուրդ եւ հիշողության, սիրո ու ուրախության ամեն նորահայտ պատառ կուլ էր տալիս անմիջապես։

Գարնանը գալիս է Արագիլն ու զարմանում՝ տեսնելով, որ Տնակը փքվել՝ դղյակ է դարձել, իսկ Նապաստակն ու Կրիան էլ նրան ասում են, որ իրենք Նապաստակն ու Կրիան չեն, դղյակ դարձած տնակի աթոռն ու սեղանն են։ Արագիլն ու Կուղբը՝ Բվի հետ խորհրդակցելուց հետո, որոշում են, որ պետք է կրծել Դղյակի սյուները, որպեսզի Նապաստակի ու Կրիայի հիշողությունը, սերն ու ուրախությունը վերադառնան։

Հեռվում երեւում է Կուղբի ազգականների հոծ բանակը եւ տեղ հասնելուն պես սկսում է կրծել Դղյակի սյուները դրսից, որովհետեւ հասկանում են, որ դղյակն իրենց հիշողությունը, սերն ու ուրախությունն էլ կուտի, եթե ներս մտնեն։ 

Ի վերջո, սյուները չեն դիմանում կուղբերի ատամների տակ, եւ դղյակի աշտարակները հերթով տապալվում են։

Սկզբից տապալվում է այն աշտարակը, որ կառուցվել էր Նապաստակի եւ Կրիայի ուրախության շաղախից։ Հետո տապալվում է Նապաստակի ու Կրիայի սիրո շաղախից կառուցված հոյակերտ աշտարակը։ Վերջում արդեն հիշողության շաղախից կառուցված աշտարակն է փլուզվում։
Իսկ Նապաստակն ու Կրիան, այսպիսով, հետ են ստանում իրենց հիշողությունը, սերն ու ուրախությունը։ Արագիլն ու Կուղբը նրանց պատմում են ողջ ճշմարտությունը իրենց հետ տեղի ունեցածի մասին։ Իսկ Տնակն էլ սկսում է աղիողորմ լաց լինել եւ ներում հայցել։ Նապաստակը, Կուղբը, Կրիան ու Արագիլը ներում են նրան, բայց այլեւս հետը չեն ուզում ընկերություն անել։ Տնակը մինչ օրս լալիս է ամոթից ու մեղքի զգացումից։ Եվ բլրի գագաթից երկու աղի գետակ է հոսում դեպի բացատներ։

Մաս 2

Անցնում է մեկ տարի, իրավիճակ է փոխվում․ Կրիան ու Նապաստակը շատ նոր ընկերներ են ձեռք բերած լինում․ Ամենահաս արջը, Գորշուկ կարդինալը, Կապույտ մորուքը, Փոքրիկ իշխանը, Ճստիկ-պստիկը, Խելացի աղվեսը, Սպիտակ պառավը, Դմբո աղջիկը, Ուժեղ մարզպետը, Նախկին պետը, Բեղավոր զինվորը, Կարգին տղեն, Ազնիվ աղյուսը եւ էլի շատ-շատ ընկերներ՝ աշխարհի բոլոր ծագերից՝ Սիսեռը, Տաթեւիկն ու Զարեհը։ Նապաստակը, Կրիան ու ընկերները հիմա իրենց բարի ու փափուկ շաղախից շաղախված բարի տնակում են, առավոտից իրիկուն մաքրում են ու մաքրում։ Ինչ ասես որ դուրս չի գալիս տնակից՝ է՛լ  տուշոնկա, արջեր ու վագրեր, է՛լ չհայտարարագրված ոսկիներ ու հյուրատներ, է՛լ կտրված անտառներ, է՛լ մահվան վերելակներ, է՛լ շնորհքով թաքցված զենքեր, է՛լ մարդանման Գոնսալեսներ, է՛լ ասֆալտին ծեփված ախրաննիկներ ու կարկառուններ, է՛լ դատարանների դռներին կողպված չար դատավորներ, է՛լ 25 տարվա սոռուկ։

Էս ընթացքում նրանց նոր ընկերները՝ Բադին ու Կոզբադինը,  պարզում են, որ որոշ կենդանիներ գազարն ու դդումը թանկ գնով վաճառել են, անտառի գանձանակին փող չեն տվել, հետո այն սնդուկներով տարել են Բ-26։ 

Իսկ երբ ուրախ ընկերները զբաղված չեն տնակը մաքրելով, միշտ երգում են, պարում, արտասանում։ 

Նաեւ՝ համով-համով բաներ ուտում՝ այծի պանիր, գազարի մուրաբա, անդրծովյան բադ եւ էլի նման պուպուշություններ, որ միշտ համտեսում են, որպեսզի իրենք էլ Տնակի նման չար չդառնան, չուզեն ուրիշի պաղպաղակն ու կոնֆետը լափել։

Բայց կուղբերի ազգականները կրծելու բան չունեն ու տանը նստած՝ սպասում են, թե երբ են իրենք էլ կոնֆետ ու պաղպաղակ ուտելու։ Արագիլն էլ առաջվա նման չի գալիս։ Ճիշտ է՝ ամառները գալիս է՝ թութ ու ծիրան ուտում, բայց հետո չվում է ու այնտեղից լաց լինում, որ՝ լավ, էլի, իր հետ էլ խաղան, խաղի ժամանակ Պետուշոկ ընտրեն  ու ընտրվեն։ Բայց… մենակ խաղի ժամանակ։

Իսկ Տնակն էլ չի լալիս, դարձել է մտահոգ։ Նրան թվում է, թե Կրիան ու Նապաստակն իրենք են սկսել խժռել սեր, երազանք ու հիշողություն, կուղբերին դարձրել են իրենց սեղանն ու աթոռը եւ ուզում են կողքի հովտի կենդանիներին զիջումներ անել։