Արդարադատության նախարարությունը հանել է իր կայքից «հում» օրինագիծը օրենքով գողերի  մասին

Արդարադատության նախարարությունը հանել է իր կայքից «հում» օրինագիծը օրենքով գողերի  մասին
Արտակ Զեյնալյան

Արդարադատության նախարարությունը հանել է իր պաշտոնական e-draft.am կայքից հանցաշխարհի հեղինակությունների, օրենքով գողերի վերաբերյալ նախագիծը, որով պատիժներ են սահմանվում քրեական միջավայր ստեղծողների ու այդ միջավայրին բնորոշ կանոններ սահմանողների ու այդ կանոններին հետևողների համար:

Հավանաբար, նախարարը հասկացել է, որ հում օրինագիծ էր ներկայացրել: Արդարադատության  նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց, որ արդարադատության նախարարությունը չի հրաժարվել այս օրինագծից: «Նախագիծը կայքից հանվել է լրամշակման նպատակով: Ավելացնելու կետեր կային, օրինակ, միջազգային փորձի առումով, որից հետո անպայման կրկին դրվելու է կայքում»: 
Նախագծում սահմանվում է օրենքով գող հասկացությանը: «Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է համարվում այն անձը, ով քրեական միջավայրում ընդունված հասկացությունների և կանոնների համաձայն քրեական ենթամշակույթին հարող անձանց շրջանում համարվում է հեղինակություն,  կազմակերպում է կամ մասնակցում է քրեական ենթամշակույթ կրող անձանց հավաքներին»։ Սահմանվում են պատժաչափեր  հատուկ վարքագծի կանոններ ընդունողների, քրեական համայնքը ղեկավարողների, դրան ինքնակամ ներգրավվողների, հերարխիայի բարձրագույն անձանց,  հանցաշխարհը ու միջանձնային հիերարխիան ղեկավարողների համար՝ 200 հազար դրամ տուգանքից, մինչև 12 տարվա ազատազրկում: 


«Գողական աշխարհը» սանձող օրինագիծ առաջ քաշելով, ՀՀ արդարադատության նախարարությունը հետևում է ռուսների օրինակին: Ռուսաստանի Պետական Դուման փետրվարի վերջին առաջին ընթերցմամբ համանման օրենք ընդունեց, նախագահ Պուտինի նախաձեռնած, որով ՌԴ ՔՕ-ում առանձին՝ 210․1 հոդվածն է մտցվում և օրենքով գողերի համար սահմանվում է ազատազրկում 8-15 տարի ժամկետով։