Քաղաքապետարանին փոխանցելու մասին խոսք չկա

Քաղաքապետարանին փոխանցելու մասին խոսք չկա

Մոտ մեկ ամիս առաջ՝ Հայոց ցեղասպանության տարելիցի շեմին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրավոր հանձնարարությամբ Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի հաշվեկշռում գտնվող 100 հեկտար հողատարածքը պետք է փոխանցվեր Երեւանի քաղաքապետարանին։ Մինչդեռ այդ տարածքում նախատեսված էր կառուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշայգի։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը նշել էր, որ չի պատրաստվում որեւէ թուղթ ստորագրել, եւ պետք է քննարկում լինի։ Երեկ արդեն՝ մեզ հետ զրույցում, Հ․ Մարությանը տեղեկացրեց, որ քննարկումը եղել է, որոշվել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ կառավարության աշխատակազմի, Երեւանի քաղաքապետարանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ, ուսումնասիրել եւ մշակել Ծիծեռնակաբերդի այգու բարեկարգման հարցերը եւ զարգացման հեռանկարները։

Ի վերջո, հողատարածքը շարունակո՞ւմ է մնալ թանգարանի հաշվեկշռում, թե՞, քանի որ կա վարչապետի հանձնարարությունը, արդեն փոխանցվել է քաղաքապետարանին, ինչին ի պատասխան՝ Մարությանն ասաց․ «Քաղաքապետարանին փոխանցվելու մասին խոսք չկա։ Հողատարածքը թանգարանի հաշվեկշռում է»։