Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայեր 1 շաբաթվա ընթացքում լքեցին իրենց տները

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայեր 1 շաբաթվա ընթացքում լքեցին իրենց տները

Ուզում եմ այստեղից շնորհակալություն հայտնել ԵԽ-ին՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն իր անունով կոչելու համար, սա կարևոր է հայրենազրկման ենթարկված մարդկանց հետագա իրավունքները պաշտպանելու համար։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանի իր ելույթում։

«Ուզում եմ տեղեկացնել նաև, որ չեմ ընդունում միջազգային որոշ պաշտոնյաների զարմացած դեմքերը ԼՂ-ում սեպտեմբերին տեղի ունեցած հայաթափման առիթով։ Այսօր ոմանք ձև են անում, թե չեն հասկանում՝ ինչու ԼՂ հայերը զանգվածաբար լքեցին իրենց տները, նման հարցադրումն ինքնին ցինիզմի է նման, որովհետև պատասխանն ավելի քան պարզ է՝ Ադրբեջանը հստակ ու աներկբա ի ցույց էր դրել հայերի կյանքը ԼՂ-ում անհնարին դարձնելու իր որոշումը», - պնդեց Փաշինյանը։

«Իրականում չափազանց ցավալի է, որ բոլորս ի վիճակի չեղանք կանխել հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում։ Հայաստանի կառավարությունը, ԵԽ-ն բազմիցս են ահազանգել ԼՂ-ում մոտալուտ էթնիկ զտումների մասին, ՀՀ-ն ապօրինաբար արգելափակված Լաչինի միջանցք ու ԼՂ փաստահավաք խումբ ուղարկելու բազմաթիվ կոչեր է հղել ՄԱԿ-ին, ԵՄ-ին, ԵԱՀԿ-ին, բայց ոչ մի կառույց այդպես էլ նման որոշում չկայացրեց։ Լեռնային Ղարաբաղն այլևս հայաթափված է։

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայեր 1 շաբաթվա ընթացքում լքեցին իրենց տներն ու բնօրրանը, ևս  20 հազարը ԼՂ-ից ստիպված էին եղել հեռանալ 44-օրյա պատերազմից հետո, մի մասն էլ Լաչինի միջանցքի ապօրինի փակման պատճառով ԼՂ վերադառնալու հնարավորություն չունեցավ»,- հավելեց նա։