Գյուղնախն ու էկոնոմիկան կմիավորվե՞ն, թե՞ ոչ
Կառավարությունը, ինչպես հայտնի է, լծվել է նախարարությունների թվի օպտիմալացման գործին։ Արդյունքում կարող է միավորվեն մի շարք նախարարություններ, ասենք՝ 2-3 նախարարություն դառնա մեկը։ Կառավարության այս նախաձեռնությունն արդեն իսկ բողոքի ալիք է բարձրացրել, երեկ մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների աշխատակիցները ելել էին բողոքի ցույցի՝ ընդդեմ իրենց նախարարությունների կրճատման։
Բայց չի բացառվում՝ այլ նախարարությունների աշխատակիցներ եւս շուտով ցույցեր սկսեն։
Մենք տեղեկացանք, որ փոփոխություններ են սպասվում նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կառուցվածքում։ Նախ՝ նախարարության անունն են ուզում փոխել ու նորից վերադառնալ հնին՝ էկոնոմիկայի նախարարություն։ Բացի այդ, քննարկվում է գյուղնախարարությունն էկոնոմիկային միացնելու հարցը։ Ինչպես տեղեկացանք, այս միավորման նախագիծը երեկ արդեն ուղարկել են գերատեսչություններին։ Բայց գյուղնախարարությունում ոգեւորված չեն այս որոշմամբ, համարում են, որ 380 հազար գյուղացիական տնտեսություն ընդգրկող ոլորտը պետք է առանձին գերատեսչություն ունենա։ Կառավարության ղեկավարներն էլ կարծում են, որ գյուղատնտեսությունը եւս տնտեսության ճյուղ է եւ կարող է միանալ էկոնոմիկային ու ղեկավարվել էկոնոմիկայի նախարարության կողմից։
Թեպետ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նախօրեին Հ1-ի եթերում ասաց, որ քննարկում են ինչպես գյուղնախ էկոնոմիկային միացնելու, այնպես էլ որեւէ փոփոխության չենթարկելու եւ գյուղնախարարությունն առանձին թողնելու հարցը՝ «հաշվի առնելով, որ գյուղատնտեսությունը բավականին մեծ ոլորտ է, եւ սուպերնախարարի վտանգ կարող է լինել»։ Այսինքն՝ Աղաջանյանը դեռեւս որեւէ հստակ բան չի ասել այս հարցով։ Սակայն, անկախ ելքից, ասում են, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում կշարունակի պաշտոնավարել գործող նախարար Տիգրան Խաչատրյանը։
Վերջինս մեզ հետ զրույցում հորդորեց սպասել եւ տեսնել՝ ինքը կմնա՞, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է կառուցվածքային փոփոխությանը, Խաչատրյանն այս հարցում եւս հստակ որեւէ բան չասաց՝ նշելով, որ նախագիծը կգա՝ կիմանանք։ Հարցին՝ իրենց նախարարությունը որեւէ այլ նախարարության հետ կմիավորվի՞, թե՞ ոչ, Խաչատրյանն ասաց՝ չի բացառվում։ Իսկ հնարավո՞ր է գյուղնախարարությունը միանա իրենց։ «Կան քննարկումներ, եկեք սպասենք, կտեսնենք, որովհետեւ դրանք բոլորը հակառակ դեպքում կանխատեսումներ են, որոնք կարող են ընթացքում փոփոխվել»,- ասաց նախարարը։
Նկատեցինք, որ նախորդ կառավարությունն օպտիմալացման փոխարեն մի բան էլ նախարարություններ էր ավելացնում, օրինակ՝ նախկինում միավորված ԱԻՆ-ն ու տարածքային կառավարման նախարարությունն առանձնացրին եւ ստացան երկու առանձին նախարարություն։ «Բոլոր կառավարություններն ունեն իրենց գերակայությունները եւ իրենց տեսլականը։ Այս կառավարությունը որոշել է, որ ավելի քիչ թվով նախարարություններով հնարավոր է ավելի արդյունավետ լինել եւ ավելի լավ արդյունքներ ունենալ»,- ասաց պարոն Խաչատրյանը։
- Բայց այդ միավորումների արդյունքում սուպերնախարարություններ են ձեւավորվում, դա արդյոք լա՞վ ճանապարհ է։ Ժամանակին քննադատում էին Գագիկ Խաչատրյանին, որ մի քանի բլոկ էր ղեկավարում, դարձել էր սուպերնախարար։
- Տեսեք՝ սուպերնախարարություն անվանելը ճիշտ է այն դեպքում, երբ որ տեղեկատվական հոսքերը, որոնք անհրաժեշտ են որոշումներ կայացնելու տեսանկյունից, շատ են կենտրոնացվում։ Ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է անուշադրության չմատնվի, վստահաբար՝ դա պետք է լինի այն կարեւոր հարցերից մեկը, որի պատասխանը հուշում է, թե որոնք են լինելու ամենաօպտիմալ միավորումները։ Բայց մյուս տեսակետն էլ նա է, որ Հայաստանն ունենա 17 նախարարություն, չափազանց մեծ բեռ է հանրային ֆինանսների վրա, եւ պետք է ունենալ ավելի սեղմ կազմով, ավելի քիչ թվով, բայց արդյունավետ մարդկանցով կառավարվող համակարգ։
- Դրա արդյունքում նաեւ բազմաթիվ աշխատատեղեր են կրճատվելու, մարդիկ դուրս են մնալու։ Այդ խնդիրն ինչպե՞ս է լուծելու կառավարությունը։
- Ես կարծում եմ՝ իրականում, եթե մի քիչ ուշադիր լինեք, բոլոր նախարարություններում էլ կան չօգտագործվող հաստիքային միավորներ, այսինքն՝ անգամ իրավիճակն է էնպիսին, որ հաստիքը կա, բայց էդտեղ ցածր վճարաչափերի պատճառով բավարար հետաքրքրություն չկա՝ լավ մասնագետների կողմից այդ տեղերը զբաղեցնելու։ Այս օպտիմալացման արդյունքներից մեկը պետք է լինի նաեւ այն, որ հնարավորություն ստեղծվի ներգրավել ավելի բարձր որակավորում ունեցող մասնագետների, այսինքն՝ քիչ թվով աշխատատեղերը համալրել բարձր մասնագիտական կարողություններ ունեցող մարդկանցով։
- Իսկ աշխատավարձերի բարձրացում կլինի՞ դրա արդյունքում։
- Կարծում եմ՝ այո։
Կարծիքներ