Ինչո՞ւ է ՄԻԵԴ-ն արագ կոմունիկացրել Սամվել Մայրապետյանի գործը

Ինչո՞ւ է ՄԻԵԴ-ն արագ կոմունիկացրել Սամվել Մայրապետյանի գործը

ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ այսօր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մանրամասն անդրադարձ է կատարել հետհեղափոխական Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում տիրող վիճակին։

Նա ուշագրավ հայտարարություն է արել․ «Երբ իմացա, որ Սամվել Մայրապետյանի գործն այդքան արագ կոմունիկացվել է Եվրոպական դատարանում, ես ապշել եմ: Ուռա-ուռա ասելով գնալու ենք խայտառակ լինենք»: Դժվար է հիշել նախադեպ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարող էր այդքան արագ քննության առնել Հայաստանից ուղարկված որեւէ գործ, թեեւ անցած տարիների ընթացքում բազմիցս են եղել մարդու իրավունքների աղաղակող խախտումներին վերաբերող գործեր։ Սամվել Մայրապետյանի շահերը ներկայացնող փաստաբան Կարեն Բատիկյանը կարծում է, որ ՄԻԵԴ-ը տվյալ դեպքում հաշվի է առել իր պաշտպանյալի՝ կյանքի իրավունքին վերաբերող սահմանադրական դրույթը։

Մեզ հետ զրույցում փաստաբանը նշեց, որ իրենց ներկայացրած փաստաթղթերը Սամվել Մայրապետյանի կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի առումով այնքան հիմնավոր էին, որ ՄԻԵԴ-ը 39 կանոնի համաձայն՝ այն արագ կոմունիկացրել է։ «Հունվարի 2-ին ուղարկել ենք բողոքը, հունվարի 3-ին արդեն կոմունիկացրել է եւ հարցեր ուղղել կառավարությանը։ Մենք վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել էինք միջնորդություններ, որ թույլտվություն տա, որպեսզի Սամվել Մայրապետյանը մեկնի Գերմանիա՝ բուժման նպատակով։ Այն հիվանդությունը, որ առկա է նրա մոտ, ՀՀ-ում հնարավոր չէ բուժել։

Նախաքննական մարմինը վերադարձրեց անձնագիրը, սակայն թույլտվությունը մերժեց։ Դրանից հետո մենք անմիջապես դիմեցինք ՄԻԵԴ, որպեսզի մարդը կարողանա գնալ Գերմանիա, իր առողջական խնդիրները լուծի։ Հայաստանի բժիշկ-մասնագետները, որոնք զբաղվում են այդ հիվանդություններով, վիրահատություններով, երկու անգամ կոնսիլիում են հրավիրել, որոշել են, որ իրենք ի վիճակի չեն բուժել, քանի որ չունեն տեխնիկական միջոցներ։ Դա կոչվում է տրանսլումինալ դրենավորման մեթոդ»,- ասաց Կարեն Բատիկյանը՝ հիշեցնելով, որ իր պաշտպանյալը հիվանդացել է դեռեւս 2016թ․։

Փաստաբանը նշեց, որ դեռեւս չեն ստացել թույլտվություն, ՄԻԵԴ-ի կոմունիկացրած գործը դեռեւս ընթացքի մեջ է, գտնվում է հարց ու պատասխանի մեջ։ Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածով (կաշառք ստանալուն օժանդակելը)։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2018թ․ դեկտեմբերի 27-ի որոշմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել էր գրավը։