Հիմա ի՞նչ, պետք է սպասենք մինչև անձը մահանա՞․ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում․ պաշտպան

Հիմա ի՞նչ, պետք է սպասենք մինչև անձը մահանա՞․ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում․ պաշտպան

«Նաիրի» Բժշկական կենտրոնի բժիշկները Մանվել Գրիգորյանին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համաձայնություն չեն տվել, նաեւ պարտադիր են համարել, որ նա պետք է գտնվի բժիշկների 24-ժամյա հսկողության տակ և պետք է բուժում ստանա ստացիոնար բժշկական կենտրոնում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը:

Ըստ պաշտպանի՝  իր պաշտպանյալը ցանկացել է հարազատների միջոցների հաշվին բուժում ստանալ «Նաիրի» ԲԿ-ում, սակայն նրա տեղափոխել են ՔԿՀ,  ինչն անընդունելի է և մարդու իրավունքների կոպիտ խախտում:

Նա նաեւ նշեց, որ պաշտպաններին շուրջ 4 ժամ չի հաջողվել Մանվել Գրիգորյանին տեսակցել․ «Պաշտպանները կաշկանդված չեն 24-ժամյա ռեժիմով տեսակցել  իրենց պաշտպաններին, իսկ մեզ 4 ժամ թույլ չեն տվել տեսակցել նրան՝ առանց պատճառաբանության»։

Լեւոն Բաղդասարյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում. «Հիմա ի՞նչ, պետք է սպասենք մինչև անձը մահանա՞։ Քրեական գործով շատ փակագծեր չենք բացում և չենք ասում, թե ինչու է այս գործը կարվել Մանվել Գրիգորյանի վրա»:

Նշենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հետաձգվեց Մ․Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը, քանի որ նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Գրիգորյանը: Նա դատարանին  գրավոր դիմում էր ներկայացրել, ըստ որի՝ ինքն առողջական խնդիրների պատճառով չի ներկայացել նիստին:

Հիշեցնենք, որ այս գործով Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ըստ մեղադրանքի` Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր: