Մարդու հոգեկան վիճակի և ադեկվատության ցենզ
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը պատրաստվում է օրենքի նախագիծ ներկայացնել, որով պատգամավորի թեկնածուի համար կմտցվի նաև հոգեկան առողջության ցենզ։ Այսինքն՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց կարգելվի առաջադրվել։ «Հրապարակը» հնարավոր նախագծի այլևայլությունների վերաբերյալ զրուցել է հեղինակի հետ։ Այլ խմբակցություններից, ի դեպ, չցանկացան մեկնաբանել նախագիծը։ Միայն ԼՀԿ-ից Անի Սամսոնյանն ասաց, որ կարող էին և ավելի կարևոր նախագծեր հեղինակել։
- Մարդու հոգեկան առողջության վերաբերյալ վերջնական եզրակացությունը տալիս է մասնագիտական 5 հոգանոց հանձնաժողովը։ Նման ստուգումներ նախատեսո՞ւմ եք։
- Մի քիչ վերնագիրն այլ կերպ է ներկայացվում։ Իրականում օրենքի այն դրույթներն եմ վերցրել, որոնք դատավորներին, դատախազներին, ուսուցիչներին արգելում են, և կարծում եմ՝ նույն դրույթը պետք է տարածվի նաև օրենսդիր մարմնի վրա։ Որովհետև այն մարդիկ, ովքեր օրենք են նախագծում․․․
- Պետք է առաջնորդվեն խելամտության կանխավարկածո՞վ։
- Նույն սկզբունքով։ Գործիքակազմը հիմա քննարկում ենք, գիտեմ, որ դա բարդ պրոցես է, բայց նաև այս բարդ խնդիրները լուծելու համար ենք այստեղ։
- Իսկ վախենում եք, որ պատգամավորները կարո՞ղ են խելագարության կանխավարկածով առաջնորդվել։
- Եթե, օրինակ, մեկն ազատվել է բանակից հոգեկան խնդիրներ ունենալու պատճառով, և նա չի կարող ծառայել իր խնդիրների պատճառով, ինչպե՞ս կարող է այդ մարդը դառնալ ԱԺ պատգամավոր։
- Հիմա ձեր առողջապահության նախարարն էլ, կարծեմ, երիկամների պատճառով չի ծառայել։
- Մենք խոսում ենք կոնկրետ հոգեկան խնդիրների, ոչ թե շաքարի, ոչ թե հարթաթաթության, այլ կոնկրետ մարդու գլխի և նրա ադեկվատության մասին։ Կարծում եմ՝ դա լրիվ օրինաչափ է։ Ես առաջարկել եմ՝ գործընկերներս կընդունեն, որ ես ճիշտ բան եմ առաջարկում՝ առաջ կգնանք։
- Իսկ ի՞նչ եք կարծում՝ կառավարության ներկայացուցիչների, ձեր պատգամավորների մեջ չկա՞ն, որ ունեն նման խնդիրներ։
- Հարգելի լրագրող, բացարձակապես կաշկանդված չեմ ոչ մի հարցով։ Եթե նման բան պարզվի մեր շրջանում, կարծում եմ՝ հանրությանը միայն օգուտ տված կլինենք։
Կարծիքներ