Ինչո՞ւ են լռում կոմունիստները

Ինչո՞ւ են լռում կոմունիստները

Դեռ մինչեւ թավշյա հեղափոխությունը Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ալ դրոշներով եւ փողկապներով մասնակցեց 2017 թ․ ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններին, խանդավառ երթեր կատարեց Երեւանի կենտրոնական փողոցներով։  Երկու տարի առաջ տեղի ունեցած ԱԺ ընտրություններից հետո, սակայն, ՀԿԿ-ն լռություն է պահպանում։ Երեւանի կենտրոնում՝ Զաքիյան փողոցում գտնվող ՀԿԿ-ի գրասենյակի հեռախոսները չեն պատասխանում զանգերին։ 

Հայտնի է, որ ՀԿԿ գլխավոր քարտուղար Տաճատ Սարգսյանը մեկ ու կես տարի առաջ առողջական խնդիրների պատճառով հրաժարական ներկայացրեց եւ այսօր չի ղեկավարում ՀԿԿ-ն։
ՀԿԿ-ի կազմակերպական կոմիտեի ղեկավար  Բորիս Գյուրջյանը մեզ հետ զրույցում հաստատում է այդ տեղեկությունը, հիշեցնում, որ 2017թ․ հոկտեմբերին Տաճատ Սարգսյանը էլեկտրոնային եղանակով ներկայացրել է դիմում։ 

«Մենք ստացել ենք այդ դիմումը 2017թ․ հոկտեմբերի 17-ին։ Այդ դիմումին ընթացք ենք տվել օրեր անց՝ հոկտեմբերի 25-ին։ Ես կազմակերպել եմ, բյուրոյի անդամների ներկայությամբ քննարկել ենք հեռակա կարգով, իրենք իրենց համաձայնությունը տվել են, մենք բավարարել ենք Տաճատ Սարգսյանի դիմումը։ Նա բուժման պատճառով չէր կարող աշխատել որպես ՀԿԿ առաջին քարտուղար եւ խնդրել էր, որ իրեն ազատեն առաջին քարտուղարի պարտականությունները կատարելուց։ Եվ այդ օրվանից ինքը ՀԿԿ առաջին քարտուղար չէ։ Դրանից հետո ՀԿԿ առաջին քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար ենք ընտրել Երջանիկ Ղազարյանին, նա պետք է կատարի պարտականությունները մինչեւ պլենում կամ համագումար կհրավիրենք եւ կընտրենք առաջին քարտուղար»,- պատմեց Բորիս Գյուրջյանը։

Իսկ ե՞րբ են կոմունիստները պատրաստվում ընտրել ՀԿԿ առաջին քարտուղար, չէ՞ որ գրեթե երկու տարի է անցել Տաճատ Սարգսյանի հրաժարականից։

«Դա որոշում է բյուրոն, երկրորդը՝ Տաճատ Սարգսյանը կուսակցության առջեւ ունի մեծ պատասխանատվություն, որովհետեւ ժամանակին ինքը չի կատարել պայմանագրային հարաբերությունները։ Այդ ընթացքում պետական գույքի կառավարման կոմիտեն պատասխանատվության է ենթարկել ՀԿԿ-ին, անցյալ տարի դատի է տվել։ Հիմա մենք դատական գործընթացի մեջ ենք»,- ասաց մեր զրուցակիցը։
Անկախ Հայաստանում, ատրբեր տարիներին, ՀԿԿ-ն այսպես թե այնպես ներգրավված է եղել քաղաքական գործընթացներում, մասնակցել է ՀՀ նախագահի եւ ԱԺ ընտրությունների, ներկայացված է եղել ԱԺ-ում։ 

Ո՞րն է ՀԿԿ-ի առաքելությունը նոր Հայաստանում, ի՞նչ դիրքորոշում եւ քաղաքական ուղեգիծ է որդեգրել այս կուսակցությունը։
Բորիս Գյուրջյանն արձագանքում է․ «Մենք պետական շինարարությանը կողմնակից կուսակցություն ենք։ Հայաստանում այս պահին 80-ից ավելի կուսակցություն կա։ Նրանց կանոնադրությունը վերցված է մեր կանոնադրությունից, ծաղկաքաղ է արված։ Մենք կողմ ենք ժողովրդին պահելուն, լուրջ կուսակցություն ենք։ Վարչապետը լավ գործ է անում՝ կգովաբանենք, սխալ է անում՝ քննադատում ենք։ Օրինակ՝ կադրային քաղաքականությունը սխալ է իրականացնում։ Կադրերն են որոշում ամեն ինչ, ոչ թե խնամի-ծանոթները»։
Ե՞րբ է ՀԿԿ-ն պատրաստվում հրավիրել համագումար եւ որոշել ՀԿԿ առաջին քարտուղարի հարցը։ 

«Առաջիկայում, երբ դատական հարցը կլուծվի, այն ժամանակ էլ կորոշենք համագումարի ժամկետը»,- նշեց Բորիս Գյուրջյանը։