Հայաստանն արդեն Վրաստանից է հոսանք ներկրում, Արցախից էլ այլևս հոսանք չի ստանում․ Բաղրամյան (տեսանյութ)

Հայաստանն արդեն Վրաստանից է հոսանք ներկրում, Արցախից էլ այլևս հոսանք չի ստանում․ Բաղրամյան (տեսանյութ)

«Էլեկտրաէներգիայի սակագների մասով վերջին վերանայումը եղել է փետրվարի 1-ին, տեղյակ եք, որ վերցվում է մեկ տարվա հաշվեկշիռ, առնվազն, եթե այս հաշվեկշիռը պահպանվում է, մենք որևիցե վերանայում չենք նախատեսում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Նրա խոսքով, եթե որևիցե ցնցումներ չլինեն շուկայում, ասենք՝ սահմանին գազի գնի բարձրացման տեսքով, իրենք էլեկտրաէներգիայի սակագների վերանայում չեն նախատեսում։

Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե Հրազդանի 5-րդ էներգաբլոկի կանգնելը, նաև Մեծամորի ատոմակայանի կանգնելը որքանո՞վ կազդեն և՛ մեր էներգետիկ անվտանգության վրա, և՛ սակագների։

Բաղրամյանը նախ ասաց, որ փետրվարի 1-ին, երբ իրենք սահմանում էին սակագները, դրանց հիմքում վերցվում էին կանխատեսվում հաշվեկշիռը, այսինքն՝ 2021-2022 թթ․ էլեկտրաէներգիայի արտադրության հաշվեկշիռն է դրվել հիմքում, ուստի մեր մատնանշած այդ խնդիրներն իրենք արդեն իսկ իմացել էին սակագները հաշվարկելիս։

«Այսինքն՝ նույն ատոմակայանի 141 օր կանգառը, թե ինչով է դա փոխհատուցվելու, և փոխհատուցվելու է «Հրազդան ՋԷԿ»-ի էլեկտրաէներգիայով»,-ասաց նա։

Նկատեցինք, որ «Հրազդան ՋԷԿ»-ն էլ է կանգնել, Բաղրամյանն ասաց․ «Հրազդանի ՋէԿ-ը կանգնել է, որովհետև այս պահին ավելի էժան էլեկտրաէներգիա է ներմուծվում Վրաստանից, համակարգում առաջանում են լրացուցիչ եկամուտներ, որոնք մյուս տարի սակագները վերանայելիս հանվելու են դրանցից»։

Hraparak.am-ի հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանը էլեկտրաէներգիա արտահանող երկրից վերածվեց էլեկտրաէներգիա ներմուծող երկրի (նույն Վրաստանին ժամանակին մենք էինք հոսանք վաճառում), Բաղրամյանն ասաց՝ զուտ տնտեսական նպատակահարմարությունից ելնելով, այսինքն՝ Վրաստանից գնած հոսանքն ավելի էժան է, քան մեր երկրում արտադրվածը։ 

«Այսինքն՝ մենք ունենք պարտադրված 141 օր ատոմակայանի կանգառ, բնականաբար, էդ էլեկտրաէներգիան պետք է փոխարինեինք մեր եղած ռեսուրսներով։ Փոխարինվել է «Հրազդան ՋԵԿ»-ի ռեսուրսով, զուտ «Հրազդան-5» էլեկտրակայանն առաջարկել է ավելի բարձր գին, քան «Հրազդան ՋԵԿ»-ինն է, դրա համար ինքը սակագների բալանսում չի ներառվել։ «Հրազդան ՋԵԿ»-ի արտադրությամբ կազմվել է հաշվեկշիռը, և սակագները սահմանվել են։ Ընթացքում՝ մայիս ամսին հնարավորություն է եղել էժան էլեկտրաէներգիա ներմուծել Վրաստանից, և դ չափով «Հրազդան ՋԵԿ»-ը կանգնեցվել է։ Թվերը հիմա կարող է մի քիչ սխալ ասեմ, բայց «Հրազդան ՋԵԿ»-ի էլեկտրաէներգիան շուրջ 33 դրամ է, ներմուծվում է մոտ 24 դրամով։ Այսինքն՝ մենք 9 դրամ ամեն կիլովատտում օգուտ ենք ստեղծում համակարգում»-ասաց ՀԾԿՀ նախագահը։

Նա նաև անդրադարձավ Արցախից էլեկտրաէներգիա ձեռք բերելուն և այն խնդրին, որ Արցախի ՀԷԿ-երի մեծ մասն անցել է թշնամուն՝ նկատելով, որ մենք այս պահին դրա հետևանքով Արցախից էլեկտրաէներգիա չենք ստանում, հակառակը՝ հարկ եղած դեպքում մի բան էլ Հայաստանն է հոսանք տալու Արցախին հարկ եղած դեպքում։ Մինչդեռ, մինչ պատերազմը մենք Արցախից տարեկան շուրջ 300-330 մլն մեգավատտ էլեկտրաէներգիա էինք ներկրում։

Մանրամասն՝ տեսանյութում