Թվային ռուբլին արդեն իրականություն է

Թվային ռուբլին արդեն իրականություն է

Ռուսաստանում ընթացիկ տարում սկսվեց թվային ռուբլու իրական պայմաններում փորձարկումը։ Համաձայն ՌԴ ԿԲ-ի, թվային ռուբլու թիվ մեկ շահառուները, որոնց համար այն կլինի օգտակար եւ շահավետ, բնականաբար՝ բնակչությունն է եւ բիզնեսը։ Ու քանի որ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ ապրում են եւ աշխատում ՌԴ-ում, իսկ հայկական բիզնեսը հազար ու մի թելերով կապված է ռուսական շուկայի եւ ռուսական բիզնեսի հետ, ներկայացնում ենք, թե ինչ է իրենից ներկայացնում թվային ռուբլին եւ ինչ կարող է դա նշանակել բիզնեսի եւ հասարակ քաղաքացիների համար։

Նախ, նշենք, որ ռուսական կենտրոնական դրամատան այս նորամուծությունն իրեն բավականին ինքնավստահ է զգում եւ կարող է օգտագործվել թե արտաքին առեւտրային հաշվարկների ժամանակ, թե արտոնություններով վարկերի տրամադրման կամ էլ տնտեսության կառուցվածքային վերակառուցման։ Ներկայումս թվային ռուբլու պիլոտային շրջանառությունն է իրականացվում, որը շարունակվելու է մինչեւ հաջորդ տարեվերջ։

Զանգվածային շրջանառության մեջ այն կդրվի թերեւս 2025 թվականից։ Թվային ռուբլու հիմնական յուրահատկությունը նրանում է, որ ցանկացած չափի գումար թվային ռուբլով կարելի է անվճար փոխանցել։ Սա թույլ կտա քաղաքացիներին ազատվել դրամական փոխանցումների վերին շեմի սահմանափակւմներից, որոնք բանկերը սահմանում են։ Քաղաքացին ինքն է ընտրելու, թե ռուբլու որ տեսակից օգտվի՝ անկանխիկ, կանխիկ, թե թվային։ Բիզնեսի համար էլ, թվային ռուբլով վճարումների միջնորդավճարը չի գերազանցի 0,3 տոկոսը։ Սա շատ ավելին է, քան քարտային վճարումների համար գանձվող միջնորդավճարը։ Բացի այդ, թվային ռուբլով գործառնությունները, շնորհիվ վերջինիս ունիկալ ծածկագրային համակարգի, բացարձակապես թափանցիկ են, որով հնարավորություն է ստեղծվում ավելի արդյունավետ պայքարել տարատեսակ ֆինանսական հանցագործություններ կատարողների դեմ։ Բացի այդ, ըստ ֆինանսիստների, թվային ռուբլին ավելի վերահսկելի է, միջազգային առեւտրատնտեսական եւ ֆինանսական հաշվարկների եւ վճարումների համար ավելի ձեռնտու, իսկ վարկավորման համար էլ՝ ավելի շահավետ։