«Վերածնվող Հայաստանը» վերակազմավորման փուլում է

«Վերածնվող Հայաստանը» վերակազմավորման փուլում է

2022 թվականի նոյեմբերին պատգամավորական մանդատը վայր դրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը: «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահն ու փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, հրաժարվելով մանդատներից, հարցազրույցներ էին տալիս, հայտարարություններ անում, որ չեն լքում խորտակվող «նավն» ու շարունակելու են իշխանությունների դեմ պայքարը: Անցել է 4 ամիս: Հասարակությունն արդեն, հավանաբար, մոռացել է նրանց էլ, նրանց խոստումներն էլ, քանզի նրանք պայքար, որպես այդպիսին, չեն ծավալում: «Հրապարակը» զրուցել է Վահե Հակոբյանի հետ:

- «Հայաստան» դաշինքին ոմանք գուցե նաեւ Ձեզ համար էին ձայն տվել, Ձեր թիմի, Ձեր կուսակցության համար, սակայն դուք վայր դրեցիք մանդատները, պնդելով, որ «պատերազմի» դաշտը չեք լքում: Ինչո՞ւ պասիվացաք: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր ասուլիսով է հանդես գալիս, տեսակետ կա, որ Արցախում առաջիկայում նոր ինտեգրացիոն զարգացումներ են սպասվում, և ասուլիսի բուն նպատակը հենց դա է: Չե՞ք ցանկանում այդ մասին խոսել:

- Վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը` սա շեշտենք: Ես դա որևէ կերպ չեմ վերագրում ոչ ակտիվությանը, մենք պարզապես վերակազմավորման փուլում ենք գտնվում, միգուցե վերջին մեկ ամսվա մեջ մեր հանրային ելույթները քիչ են եղել, և՞․․․

- Ի՞նչ եք անում այժմ, ինչո՞ւ եք վերակազմավորում կուսակցությունը: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել:

- Չեմ կարող ասել:

- Նոր թի՞մ եք ձևավորում:

- Այո….

- Դուք ընդդիմադիր գործիչ եք, սակայն որևէ քայլ կարծես չեք ձեռնարկում: Համենայնդեպս, տեսանելի չեն Ձեր քայլերը:

- Ի՞նչ քայլ եք պատկերացնում, օրինակ:

- Դուք ունեք թիմ, ռեսուրսներ, ցանկացած տեսակի պայքար կարող է ընդունելի լինել հասարակության կողմից: Դրանք կարող են փողոցային պայքարի տեսքով լինել կամ այլ ձևով.

- Մենք ենք մեր մարտավարությունը որոշում: Մենք ենք որոշում` ինչ անել, շուտով կլսեք:

- Իսկ ի՞նչ մարտավարություն եք մշակել: Արցախի՝ Ադրբեջանին ինտեգրացիայի թեման է այժմ օրակարգում:

- Նիկոլն ու իր թիմը շարունակում են դավաճանական ուղին: Նա ձեռքերը լվացել է Արցախից և պնդում է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, այդքան մի բան:

- Ի՞նչ անել` Նիկոլ Փաշինյանի գործողությունները կանխելու համար:

- Հանրային կոնսոլիդացիա, միմիայն դա: Այդ մասին ես խոսել եմ բազմիցս: Դեկտեմբերի 10-ին Արցախում էի, եղավ նաև «Լույս թունելի վերջում» հարթակի քննարկումը, հետո` նաև Երևանում: Կոնսոլիդացիայի պետք է հասնել ամեն գնով:

- Խորհրդարանական ընդդիմությունը ևս պասիվացել է, գուցե նրանց հե՞տ կոնսոլիդացվեք:

- Ես խորհրդարանական ընդդիմության հետ որևէ կապ չունեմ, խնդրում եմ ինձ իրենց մասին մի հարցրեք:

- Առաջիկայում ե՞րբ սպասենք Ձեր վերակազմավորված թիմի գործողություններին:

- Շուտով: Չեմ կարող ասել այլ բան:

- Առաջիկայում Սիսիան քաղաքում ընտրություններ են լինելու: Չե՞ք մասնակցելու որեւէ ձեւով:

- Չեմ տեսնում նման անհրաժեշտություն:

- Ձեր թիմակիցները` Հռիփսիմե Ստամբուլյանը, Ելենա Կիրակոսյանը, ինչո՞վ են զբաղվում այժմ: Նրանք ևս պասիվացել են:

- Զբաղվում են իրենց անձնական և կուսակցական գործերով:

- Չե՞ք կարծում, որ հասարակությունը կարող է հիասթափվել ձեր այս պասիվ կեցվածքից:

- Ումի՞ց հիասթափվի:

- Օրինակ, հենց ձեզանից, ընդդիմությունից:

- Ինձ տարանջատեք ընդդիմադիրներից, այո, ես էլ եմ ընդդիմադիր դաշտում, սակայն ես արտախորհրդարանական ընդդիմադիր եմ: Ճիշտն ասած` էդպիսի մտավախություն չունեմ:

- Մարդիկ Ձեզ ընտրել էին, Ձեզ հետ հույսեր էին կապել….

- Ես իմ քայլերն ինձ ընտրողների հետ համաձայնեցրել եմ:

- Բոլորի հետ համաձայնեցրե՞լ եք:

- Ում հետ որ կարողացել եմ՝ նրանց հետ, ովքեր վստահել են ինձ, ընտրել են։