Նպատակը քրեաիրավական չի եղել, այլ ինչ-որ գործողությունների ուժով ինչ-որ բան կորզելը․ Միհրան Պողոսյան

Նպատակը քրեաիրավական չի եղել, այլ ինչ-որ գործողությունների ուժով ինչ-որ բան կորզելը․ Միհրան Պողոսյան

«Հրապարակի» զրուցակիցն է փաստաբան Միհրան Պողոսյանը:

-Էրիկ Ալեքսանյանի դեմ առաջադրված մեղադրանքին ծանո՞թ եք, ինչպե՞ս կբնութագրեք։

-Ես մեղադրանքին ծանոթ չեմ, այս պահին պետական պաշտոնատար անձանցից հաղորդագրություն չկա։ Այն, ինչը պաշտպանության կողմն է այս պահին դաշտում շրջանառում, այսինքն՝ Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն է ներկայացրել ինչ-որ անձի կալանքից գրավով ազատելու կամ կալանքից ազատելու վերաբերյալ, դա հենց փաստաբանի բուն գործառույթն է։ Բայց կրկնում եմ, ես մեղադրանքին ծանոթ չեմ՝ մամուլում ինչքան որ տեսել եմ, դրանից եմ տեղյակ: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ կարող են դատավոր կալանավորել՝ իրենց ուզած քրեական գործերով իրենց քիմքին հաճո որոշում չկայացնելու համար, երեք ամիս դատավորին պահել կալանքի տակ, հետո չգործն ուղարկել դատարան, դատարանն արդարացնի տվյալ դատավորին, այսինքն` որևէ հանցանքի մեջ որևէ փաստական տվյալ չարձանագրի դատարանը ու դրա համար որևէ պատասխանատվություն չկրի։ Ուստի մենք մի անգամ տեսել ենք, թե ինչպես է գնահատում Ազգային անվտանգության ծառայությունը լիազորությունների չարաշահումը կամ ակնհայտ ապօրինի դատական ակտի կայացումը՝ Բորիս Բախշյանի դեպքն եմ նկարագրում: Բայց տեսանք, թե ինչ եղավ այդ մեղադրանքի հետ դատարանում՝ արդարացվեց Բորիս Բախշիյանը։ Այսինքն, այդ առումով շատ մանրակրկիտ գնահատման առարկա պետք է դառնան այդ հանգամանքները, թե արդյոք դատավորը չարաշահե՞լ է իր լիազորությունները, և արդյոք որոշում կայացնելը լիազորությունների չարաշահո՞ւմ է՝ այն պարագայում, երբ որ ինքը միտված է ու իրավունք ունի միմիայն որոշում կայացնել։ Սուբյեկտիվ ոլորտ է, այն առումով, որ ԱԱԾ քննիչը չէ, որ պետք է գնահատի՝ դատավորն այս որոշումն իր լիազորությունների շրջանակո՞ւմ է կայացրել, թե՞ լիազորությունների շրջանակում չի կայացրել։ Ի տարբերություն Բորիս Բախշյանի դեպքի, այս դեպքի հետ կապված տեղեկատվությունը շատ չնչին է, չենք կարող որոշումը քննարկման առարկա դարձնել, որպեսզի հասկանանք՝ լիազորությունների չարաշահում կա՞, թե՞ չկա։ Մտահոգիչ է վերաբերմունքը, թե ինչպես են Էրիկ Ալեքսանյանին բերման ենթարկում կամ վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել։ Դա խոսում է այն մասին, որ նպատակը քրեաիրավական չի եղել, այլ, այսպես ասած, ինչ-որ գործողությունների ուժով ինչ-որ բան կորզելն է եղել, որովհետև հակառակ պարագայում ես վստահ եմ` եթե Էրիկ Ալեքսանյանին զանգահարեին և հրավիրեին ԱԱԾ քննչական դեպարտամենտ կամ ցանկացած այլ հիմնարկ, նա 15 րոպե հետո այնտեղ էր լինելու։

-Կարո՞ղ ենք ենթադրել, որ սա ունի քաղաքական դրդապատճառներ՝ պայմանավորված Էրիկ Ալեքսանյանի կողմից իշխանությանն ուղղված քննադատություններով, ընդդիմադիր հայացքներով:

-Շատ բարդ հարց եք տալիս։ Ինձ թվում է՝ դրա միակ պատասխանը կարող են տալ անձամբ Էրիկ Ալեքսանյանն ու իր պաշտպանական կողմը։ Ենթադրություն մենք ամեն ինչ էլ կարող ենք ներկայացնել այդ առումով։ Երեկ, եթե ես չեմ սխալվում, պաշտպանական կողմը մի քանի հանգամանք վկայակոչեց, որ դա կարող է նաև անձնական հետապնդում լինել՝ քաղաքական դիրքորոշումների հետ կապված, այսինքն` դա էլ չենք բացառում, բայց, էլի եմ կրկնում, փաստերի տեսանկյունից այս պահին և մենք, և Դուք, այսինքն` հասարակությունը, շատ սուղ են փաստերը։ Այդ առումով գնահատականներ, վերլուծություններ չենք կարողանում իրականացնել: Բայց ես չեմ բացառում նաև այդ հանգամանքը:

-Տեղի ունեցող գործընթացներն իրավաբանության հետ որևէ աղերս ունե՞ն։ Նշեցիք, որ ԱԱԾ քննիչը գնահատական է տալիս դատավորի գործունեությանը։ Փաստաբանն իր պաշտպանյալի համար միջնորդություն է ներկայացնում, իսկ դա փորձում են ներկայացնել որպես չարաշահմանն աջակցել և այլն:

- Մինչև 2018 թվականը մենք գիտեինք, կոնկրետ գործով չի պայմանավորված, ընդհանուր իմ դիրքորոշումն է՝ մենք ունեինք մի իրավիճակ, որ, վատից-լավից, իրավաբանությունը համարվում էր մասնագիտություն։ Բայց 2018 թվականից հետո իրավական համակարգում գործողությունները, երբ որ հակասահմանադրական հոդվածով մարդուն կարող են մեղադրանք առաջադրել, երբ որ Քրեական դատավարության օրենսգրքի նորմերը կոպտորեն խախտվում են, այսինքն` ընդհանրապես տրամաբանությունից դուրս՝ հակառակ գործողություններ են իրականացվում, ինչ-որ անձի քրեական պատասխանատվության ենթարկելու հետ կապված․․․ այնքան են աղավաղվել այդ իրավական գործընթացները, որ ես հիմա դժվարանում եմ ասել՝ իրավական պրոցեսներն առկա՞ են, թե՞ առկա չեն մեր հանրապետությունում։ Առավել ևս` այն պարագայում, երբ որ գործը վերաբերում է  հանրության մեջ զգայուն որևէ խմբի՝ քաղաքական դիրքորոշմամբ պայմանավորված, կլինեն քրեական հետապնդումներ՝ անձանց նկատմամբ, որոնք իրականացնում են քաղաքական դիրքորոշում ունեցող անձանց պաշտպանությունը և այլն։ Այս ամեն ինչի մեջ իրավունք գտնելն անշնորհակալ գործ է, որովհետև ակնհայտ է, որ այսպիսի գործերում սկզբից ընտրվում է կոնկրետ մեղավոր անձը, հետո փորձվում է այդ անձի շուրջ կառուցել ինչ-որ լեգենդ։ Հիմա այս ամեն ինչի մեջ իրավաբանություն գտնելու համար պետք է չափից շատ լավատես լինել։ Նույնիսկ այն պարագայում, երբ ինչ-որ հանգամանքներ իրականության հետ աղերս են ունենում, իրականությանը համապատասխանում են, մինչ այդ կատարված այդ գործողություններն այնքան ստվեր են գցել քրեաիրավական պրոցեսի վրա, որ այդ կատարված աշխատանքն ինձ համար զրո արժեք ունի, որովհետև չեն կարող համարվել իրավական կամ օրինական գործընթացներ։

-Որոշ իշխանական պատգամավորներ, պաշտոնյաներ իշխանությունից պահանջում էին վեթինգ իրականացնել արդարադատության համակարգում։ Հավանական համարո՞ւմ եք, որ յուրօրինակ վեթինգի հետ գործ ունենք այժմ:

-Ես այդքան հոռետես չեմ, այդքան առանց երևակայության մարդ չեմ, բայց ես չեմ կարող հասկանալ, թե իրենք ինչ են մտածում, կարծում։ Ես չեմ կարողանում հասկանալ իշխանության ներկայացուցիչների տրամաբանությունը, ու, իմ գնահատմամբ, շատ լավ է, որ չեմ պատկերացնում, թե ուր կարող է հասնել մարդու մտքի թռիչքը։ Չգիտեմ, նույնկերպ ինչ-որ ԲԴԽ նախագահ ունեինք, որի իզնութոզն է կորել, ինչ-որ փաստաբանների վեթինգից էր խոսում, ու հիմա տեսեք, թե փաստաբաններս որտեղ ենք, ու ո՞ւր է այդ մարդը։ Տարբեր ռեստորանային խոսակցություններից և այլնից հետո էլի լավ է, որ արևն այդպես ուղղակիորեն է տեսնում, այլ ոչ թե ճաղերի հետևից, այն էլ այս իշխանություններից պիտի շնորհակալ լինի, էլի։ Ուզում եմ ասել՝ այդ ժանգոտած ուղեղներում, այդ չկայացած ուղեղներում շատ բան կարող է լինել, որ այս պահի դրությամբ մենք պատկերացնել չենք կարող։ Բայց դա բնականոն աշխատանքից մեզ չպետք է կտրի, ու կապ չունի, թե ինչ են մտածում, թե մեզ հետ ինչ պետք է անեն կամ չանեն, մենք պետք է մեր աշխատանքը պատրաստ լինենք ամբողջությամբ իրականացնել։