Բոլոր կալանավորված իջեւանցիներն ազատ են արձակվել

Բոլոր կալանավորված իջեւանցիներն ազատ են արձակվել

Իջեւանի անկարգությունների դեպքով կալանավորված բոլոր անձինք ազատ են արձակվել։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում փոխանցեց ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Կալանավորված անձանցից Վահրամ Սիմոնյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։ Նման որոշում է կայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դատավոր Հովհաննես Մանուկյանը՝ բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը, մինչդեռ միջնորդության դեմ առարկել է քննիչը։

Ղարագյոզյանի  խոսքով՝ իր պաշտպանյալի դեպքում հիմնավոր կասկածը բացակայում է․ «Ընդամենը մեկ ոստիկանի ցուցմունքով առաջին ատյանի դատարանը կալանք էր կիրառել, եւ Վերաքննիչ դատարանն էլ մերժել էր գրավ կիրառելու միջնորդությունը։ Թե միջազգային օրենսդրությունը, թե ներպետական, մեկ ոստիկանի ցուցմունքը հերիք չէ հիմնավոր կասկածը բավարար համարելու համար։ Գտնում ենք, որ ապօրինի մեղադրանք է։ Որեւէ ապացույց, որեւէ այլ փաստական տվյալ վարույթ իրականացնող մարմինը չի ներկայացրել, մեղադրանքը չհստակեցված բոլորին մեղադրում են նույն գործողությունների կատարման մեջ, սակայն իմ պաշտպանյալը որեւէ ոստիկանի հայհոյած լինի, քար նետած լինի, նման տեղեկություններ չկան»,-նշեց Արա Ղարագյոզյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Իջեւանում մի խումբ քաղաքացիներ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ բողոքելով ապօրինի անտառահատումների արգելքի դեմ: Բախումները սկսվել էին, երբ ոստիկանները փորձել էին բացել ճանապարհը: