Մեր ամենալավ մրցավարը՝ 150-200 հազար է ստանում, իսկ Լեհաստանից եկած մեկին 10 հազար եվրո են տալիս

Մեր ամենալավ մրցավարը՝ 150-200 հազար է ստանում, իսկ Լեհաստանից եկած մեկին 10 հազար եվրո են տալիս

Դեկտեմբերի 23-ին նախատեսված է ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում կկայանան նաեւ ՀՖՖ նախագահի ընտրություններ: Ինչպես հայտնի է, ՀՖՖ նախագահի ընտրություններին առաջադրված է երկու թեկնածու`․ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ հայտնի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը:

Մենք զրուցել ենք ՀՖՖ նախկին նախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի հետ: 

Նա մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց.

«Արմեն Մելիքբեկյանը 2 խոշոր վրիպում թույլ տվեց, մեկը՝ տասնյակ միլիոնավոր եվրոներ ծախսեցին, այն էլ այս սոված երկրի պարագայում՝ Մենենդեսին բերելու ու Հայաստանի ֆուտբոլը զարգացնելու համար, որը բնավ իմաստ չուներ։ Մենենդեսն էլ եկավ Հայաստան` որպես խոպան, ու այդ ահռելի փողերի պարագայում երիտասարդական հավաքականը՝ 17, 18, 19 տարեկանները բացարձակապես ոչ մի արդյունք ցույց չտվեցին։ Ապշելու բան է: Մինչդեռ, Ուկրաինայի տեխնիկական տնօրենը ամսական ընդամենը ստանում էր 2.500 դոլար, այն դեպքում, որ Ուկրաինայի 20 տարեկանների հավաքականը աշխարհի չեմպիոն դարձավ, իսկ մենք այդ իսպանացուն շուրջ 10 մլն եվրոյի վճարումներ արեցինք, մոտավորապես այդ կարգի թվերի մասին էր խոսքը ու դրա դիմաց բացարձակապես ոչ մի արդյունք չգրանցեցինք, փոխարենը Մենենդեսն էլ իր բաջանաղին, կնոջ ընկերուհուն բերեց, ձիապանին, ամեն ինչ արեցին, բայց դրա դիմաց ոչ մի արդյունք չստացանք։ Նա փայլուն մասնագետ է, բայց, ցավոք Հայաստանի համար ոչինչ չարեց, իսկ դրա հիմնական պատասխանատուն՝ Մելիքբեկյանն էր։ Ես համոզված եմ՝ վաղը մյուս օրը, ով նորմալ ընտրություններով եկավ` ընտրվեց ֆեդերացիայի նախագահ, բոլորին քրեական պատասխանտվության են ենթարկելու՝ վատնելու համար հանրային ունեցվածքը։ Կամ ո՞նց կարելի է Լեհաստանից՝ մեր մենթալիտետի հետ կապ չունեցող լեհ մեկին բերել ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական բաժնի պետ նշանակել, ամիսը՝ 10 հազար եվրո աշխատավարձով։ Պատկերացնո՞ւմ եք՝ մեր ամենալավ մրցավարը՝ 150-200 հազար է ստանում, իսկ նրա օգնականներին, եթե չեմ սխալվում 2.500 եվրոյի չափ աշխատավարձ էին տալիս։ Այդ գումարները մեր մրցավարներին բաժանելու պարագայում ավելի լավ արդյունքի կհասնեինք, քան այդ դեպքում, երբ առավել եւս ստրատեգիական առումով ոչ մի ապագա չես տեսնում այդ քայլերում, բացի գումարային գործոնից»։


Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք` վաղը